Արոսենի Թամամշյանի

բույսերի տեսակ
Արոսենի թամամշյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Արոսենի (Sorbus)
Տեսակ Արոսենի թամամշյանի (S. tamamschjanae)
Միջազգային անվանում
Sorbus tamamschjanae

Արոսենի Թամամշյանի (լատին․՝ Sorbus tamamschjanae), վարդազգիների ընտանիքի, արոսենի ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Թուփ կամ ծառ է՝ մինչև 10 մ բարձրությամբ, լայն բրգաձև սաղարթով։ Կեղևը դեղնադարչնագույն է, մոխրագույն խավով և կլորավուն ոսպնյակներով։ Բողբոջները ձվաձև են, թեթև աղվամազով ծածկված։ Տերևներն ունեն 2,5-9 սմ երկարություն և 1,5-5 սմ լայնություն, բլթակավոր են, ձվաձև կամ էլիպսաձև, սեպաձև հիմքով, բութ գագաթով, մանր ատամնաեզր, կաշվեկերպ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից կանաչասպիտակ աղվամազապատ։ Ունեն տերևակիցներ։ Տերևակոթունը ունի 0,3-2,0 սմ երկարություն։ Ծաղկաբույլը բարդ վահան է, 4-11 սմ տրամագծով, կազմված 25-60 (երբեմն՝90) ծաղիկներից։ Ծաղկակիցները մանր են, թափվող, ծաղկի տրամագիծը հասնում է 1,5-1,8 սմ-ի։ Բաժակաթերթիկների երկարությունը 0,2-0,3 սմ է, եռանկյուն, կարճ սրածայր, ներսի կողմից մերկ, դրսից՝ մազմզուկապատ։ Պսակաթերթիկները ձվաձև են կամ կլորավուն, սպիտակ, մազմզուկապատ։ Առէջները 20 հատ են, դեղնասպիտակ փոշեպարկերով։ Սերմնարանը կիսացածրադիր է, 2-3 բնանի։ Պտղաբույլերում կան 4-18 պտուղներ։ Պտուղը լայն էլիպսաձև է, թեթև անկյունավոր, դեղնավուն։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Ուշադրության արժանի դեկորատիվ տեսակ է։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Թուրքիայում։ Հայկական բարձրավանդակի էնդեմ է։ Հայաստանի սահմաններում հանդիպում է հարավային շրջաններում, կաղնու նոսրուտներում, չոր, քարքարոտ լանջերում, ծովի մակերևույթից 1500-1800 մ բարձրությունների վրա[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 361։