Արյան շրջանառության մեծ շրջան

Արյունը օրգանիզմի ունիվերսալ հեղուկ միջավայրն է, որից առաջանում են հյուսվածքային հեղուկն ու ավիշը։ Արյունը կատարում է նյութափոխանակության, շնչառական, հումորալ կարգավորման, արտազատական, ջերմակարգավորման ֆունկցիաներ, որոնց իրականացումը հնարավոր է միայն արյան շարժման դեպքում։ Արյան շարժումն օրգանիզմում կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառությունը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ, անատոմ Վ. Հարվեյը։ Անողնաշարավորների մեծ մասի մոտ արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր ողնաշարավորները և մարդը ունեն արյան շրջանառության փակ շրջան։ Կախված շնչառության տիպից, տարբերում են խռիկային շնչառություն ունեցող օրգանիզմներ՝ արյան շրջանառության մեկ շրջանով և թոքային շրջանառություն ունեցողների՝ արյան շրջանառության երկու շրջանով։

Արյան շրջանառության համակարգը

Արյան շրջանառության մեծ շրջան խմբագրել

Արյունատար անոթների պատերի կառուցվածքը

Արյան շարժումը ողնաշարավորների օրգանիզմում կատարվում է սիրտանոթային համակարգի միջոցով, որը կազմված է կենտրոնական օրգան համարվող, պոմպի դեր կատարող՝ սրտից և արյունատար անոթներից։ Արյունատար անոթներն ըստ իրենց գործառույթի բաժանվում են արյունը սրտից դեպի օրգաններ և հյուսվածքներ տանող զարկերակների, արյունը դեպի սիրտ բերող՝ երակների և բազմաքանակ մազանոթների, որոնց բարակ, միաշերտ էպիթելային պատերի շնորհիվ օրգաններում և հյուսվածքներում հնարավոր է դառնում նյութափոխանակությունը։ Մազանոթներ կան գրեթե բոլոր օրգաններում, բացառություն են կազմում վերնամաշկը, աչքի եղջերաթաղանթը, ոսպնյակը, ատամի էմալը։ Մազանոթների ընդհանուր քանակը մոտ 40 միլիարդ է, իսկ երկարությունը շուրջ 100000 կիլոմետր։ Հանգիստ վիճակում գործում է մազանոթների 20-30%-ը, իսկ ֆիզիկական լարված աշխատանքի ժամանակ մոտ 60%-ը։

Բացի մազանոթներից, արյունատար համակարգի մնացած մասերն ունեն եռաշերտ կառուցվածք։ Արտաքին շերտը շարակցական հյուսվածքից է, միջինը՝ մկանային, ներքինը՝ էպիթելային։ Սրտի մեջ միջին՝ մկանային շերտը կազմված է հատուկ մկանային հյուսվածքից՝ սրտի միջաձիգ զոլավոր հյուսվածքից, իսկ զարկերակների և երակների միջին շերտը կազմված է հարթ մկանային հյուսվածքից և առաձիգ թելերից։ Զարկերակների միջին շերտը ավելի հաստ է և առաձգական, որի շնորհիվ այս անոթները դիմանում են բարձր ճնշմանը, որն առաջանում է սրտի կծկման ժամանակ։ Երակներում ճնշումը բացակայում է, պատերի միջին շերտը զարկերակների համեմատ բարակ է և փափուկ, որն ապահովում է այդ անոթների տարողունակությունը, իսկ արյան հետհոսքը կանխելու համար անոթների մեջ կան գրպանաձև (կիսալուսնաձև) փականներ։

Օրգանիզմում արյունը շրջանառոմ է երկու փակ շրջանով՝ մեծ և փոքր։ Արյան այն ուղին, որը սկսվում է ձախ փորոքից անցնելով աորտա և ավարտվում է վերին և ստորին սիներակներավ՝ աջ նախասրտում, կոչվում է արյան շրջանառության մեծ շրջան։ Ձախ փորոքի կծկման շնորհիվ թթվածնով հարստացած արյունն անցնում է աորտա(մայր զարկերակ), որը ճյուղավորվում է մանր զարկերակների, ապա՝ զարկերակիկների ու մազանոթների։ Վերջիններիս բարակ պատի միջոցով տեղի է ունենում նյութափոխանակություն արյան և հյուսվածքային հեղուկի միջև։ Հյուսվածքային հեղուկ, ապա՝ բջիջ են անցնում թթվածին, սննդանյութեր։ Արյունը զարկերակայինից (թթվածնով հարուստ արյուն) վեր է ածվում ածխաթթու գազով հարուստ՝ երակային արյան, որի մեջ են անցնում նաև բջիջների նյութափոխանակության արգասիքները։ Երակային մազանոթները մինալով առաջացնում են երակիկներ, ապա՝ երակներ, խոշոր երակներ, որոնք միանալով վեր են ածվում վերին և ստորին սիներակների։ Վերին սիներակները գլխից, վերին վերջույթներից, պարանոցից, իսկ ստորին սիներակը՝ ստորին վերջույթներից, իրանից, որովայնի և կրծքի խոռոչներից արյունը վերադարձնում են սիրտ։

Արյան շրջանառության այն ուղին, որն սկսվում է աջ փորոքից թոքային ցողունով և ավարտվում թոքային չորս երակներով՝ ձախ նախասրտում, կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան։ Թոքային ցողունը բաժանվում է թոքային երկու զարկերակների, որոնք թոքերում ճյուղավորվելով վերածվում են թոքաբշտիկները պատող մազանոթների։ Մազանոթներով հոսող երակային արյան և թոքաբշտիկների օդի միջև տեղի է ունենում գազափոխանակություն (արտաքին շնչառություն) և արյան կարբոհեմոգլոբինից անջատված ածխաթթու գազն անցնում է թոքաբշտիկներ, իսկ թոքաբշտիկների օդի թթվածինը անկայուն միացություն է առաջացնում արյան հեմոգլոբինի հետ առաջացնելով օքսիհեմոգլոբին և արյունը երակայինից վերածվում է զարկերակայինի։ Թոքային երակիկները միանալով առաջացնում են չորս թոքային երակներ, որոնցով հոսող զարկերային արյունը անցնում է ձախ նախասիրտ։ Այսպիսով արյան շրջանառության փոքր շրջանի զարկերակներով հոսում է երակային արյուն, իսկ երակներով՝ զարկերակային արյուն, որը բացառություն է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան