Արմինե Հովհաննիսյան

հայ հասարակական գործիչ

Արմինե (Արմենուհի) Գասպարի Հովաննիսյան (օգոստոսի 6, 1963(1963-08-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական գործիչ, դիվանագետ, իրավաբան։

Արմինե Հովհաննիսյան
Ծնվել էօգոստոսի 6, 1963(1963-08-06) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՕքսիդենթալ քոլեջ, Վաշինգտոնի ամերիկյան համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ, դիվանագետ և իրավաբան
ԱմուսինՐաֆֆի Հովհաննիսյան

Կենսագրություն

խմբագրել

Արմինե Հովաննիսյանը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 6-ին, Երևանում։ Նրա արմատները սերում են Արևմտյան Հայաստանից։ 1915 թվականի Մեծ Եղեռնից փրկվելով՝ Արմինեի մեծ պապերը` Փանոս Փանոսյանը և Սուքիաս Խաչիկյանը հաստատվել են Լիբանանում, որտեղ էլ ծնվել են նրանց զավակները` Արմինեի ծնողները` Գասպարը և Թագուհին։ 1947 թվականին Փանոսյան և Խաչիկյան ընտանիքները հայրենադարձել են, և նրանց երեք դուստրերը՝ Ալվարդը, Կարինեն և Արմինեն ծնվել են Հայաստանում։ Երբ Արմինեն տասնմեկ տարեկան էր, Խաչիկյան ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Արմինեն կրթություն է ստացել ԱՄՆ-ի ճանաչված համալսարաններում։ 1981-1985 թվականներին սովորել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի Արևմտյան քոլեջում (Occidental College)` հումանիտար գիտությունների բնագավառում ստանալով բակալավրի աստիճան դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ։ Ուսումնառության ընթացքում մասնակցել է հատուկ ծրագրերի. 1982-1983 թվականներին սովորել է Վաշինգտոնի ամերիկյան համալսարանում (American University), անցել է կառավարման գործի հատուկ կուրսեր և գործնական աշխատանքներ կատարել կառավարման համակարգում։ 1984-1985 թվականներին Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) հայոց պատմություն և քաղաքական գիտություններ է ուսանել պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի մոտ։ 1985-1988 թվականներին սովորել է Կալիֆոռնիայի իրավաբանական դպրոցում` ստանալով իրավաբանության դոկտորի աստիճան։

Գործունեություն

խմբագրել

Աշխատանքային գործունեությունը Արմինե Հովաննիսյանը սկսել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում` որպես իրավաբան (1989-1992) Whitman and Ransom ընկերությունում։ Տեղափոխվելով Հայաստան` 1992-1993 թվականներին զբաղեցրել է Project Hope կազմակերպության տնօրենի պաշտոնը` ղեկավարելով բժիշկների և ֆիզիոթերապևտների վերապատրաստումը։ 1993 թվականից «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրենն է։

Հայաստանի պատանեկան նվաճումներ

խմբագրել

Հայաստանի պատանեկան նվաճումները «Միջազգային պատանեկան նվաճումներ» (Junior Achievement) կազմակերպության մասնաճյուղն է։ Միջազգային այդ կառույցում ընդգրկված են աշխարհի 150 երկրներ։ Կազմակերպության կրթական ծրագրերն ուղղված են հանրակրթական դպրոցներում տնտեսագիտություն և քաղաքացիական կրթություն առարկաների դասավանդմանը, իսկ առաքելությունը հայ երիտասարդներին միջազգային ասպարեզում մրցունակ լինելու և հաջողության հասնելու նպատակով անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելն է։ Կազմակերպության ծրագրերի շնորհիվ աշակերտները գիտելիքներ են ստանում շուկայական համակարգի, գործարարության դերի, կառավարման սկզբունքների, հանրային և մասնավոր ձեռնարկությունների, ինչպես նաև ժողովրդավարության հենասյուների վերաբերյալ՝ ներառյալ մարդու իրավունքները, քաղաքացիական պարտականություններն ու հանրային պատասխանատվությունը[1]։ Այս գիտելիքների ձեռքբերման ճանապարհին աշակերտների համար ուղեցույց է հանդիսանում Արմինե Հովաննիսյանի կողմից հեղինակված «Քաղաքացիական կրթության» դասագիրքը` նախատեսված ավագ դպրոցների աշակերտների համար։

2000 թվականին Արմինե Հովաննիսյանն ամուսնու` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հիմնադրել է Օրրան հասարակական- բարեգործական կազմակերպությունը, որի նպատակներն ուղղված են Հայաստանի մանուկների ու տարեցների շրջանում մուրացկանության տարածման կանխմանը[2][3]։ Ամեն օր Օրրանի Երևանի և Վանաձորի կենտրոններում տաք սնունդ և սոցիալական տարբեր ծառայություններ են տրամադրվում շուրջ 300 երեխաների Երևանում և 100 միայնակ տարեցների։ Օրրանի բարեգործական ատամնաբուժարանն անվճար սպասարկում է 6-16 տարեկան կարիքավոր բոլոր երեխաներին։ Օրրանի առաքելությունը տնտեսական ճգնաժամի հետևանքով փողոցում հայտնված երեխաներին օգնության ձեռք մեկնելն է` նրանց կրթական, մշակութային և արտադասարանական միջոցառումներում ներգրավելու միջոցով, ինչպես նաև անապահով երեխաների ընտանիքներին և միայնակ ու կարիքավոր տարեցներին օգնություն ցուցաբերելը[4]։ Օրրանի բարեգործական ծրագրերից օգտվել են ավելի քան 30000 անապահով քաղաքացիներ։

Արմինե Հովաննիսյանը մշտապես արձագանքնել է հասարակության և հայ ժողովրդի ցավոտ խնդիրներին` հոդվածներով հանդես գալով այնպիսի օրաթերթերում, ինչպիսիք են «Առավոտը», Թուրքիայի Հուրիեթը։

Ընտանիք

խմբագրել

Արմինե Հովաննիսյանի ամուսինը` Րաֆֆի Հովհաննիսյանը[5], 1991 թվականին եղել է Հայաստանի երրորդ հանրապետության առաջին արտգործնախարարը։ 2006 թվականին նա հիմնել է Ժառանգություն կուսակցությունը և նախագահում է այն։ Կուսակցությունը 2007 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և ներկայացվել ՀՀ Ազգային ժողովում։

Արմինե Հովաննիսյանն ունի հինգ զավակ` Կարինը, Տարոնը, Վանը, Շուշին և Արմենը։

Պարգևներ

խմբագրել

Արմինե Հովաննիսյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների և շնորհակալագրերի։

  • «Պլատինե նվաճումներ»՝ Միջազգային պատանեկան նվաճումների կողմից, 1999
  • Հայ միջազգային կանանց միության «Կատարելություն» շնորհակալագիր, 1997
  • Վազգեն I-ի անվան մեդալ, 1997
  • Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ` հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար, 2006
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալ, 2017

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը պարտավորվում է՝ աջակցել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգի մշակմանը
  2. Orran, Board of Directors and Founders
  3. Orran, Staff
  4. Արվեստի նմուշներ, երգ ու Թանկյանի կիթառը՝ Օրրանի 5-րդ բարեգործական ընթրիքին
  5. «Արմինե Հովհաննիսյան. «Բարեգործությամբ զբաղվելու համար պարտադիր չէ առաջին տիկին դառնալ»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել