Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծն (այլ կիրառումներ)

Արծն, պատմական քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Կարին գավառում, Արևմտյան Եփրատի վերին հոսանքում, այժմյան Էրզրումի շրջանում։

Քաղաք
Արծն
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԷրզրում
Այլ անվանումներԱրզն, Կարագ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Արծն (Թուրքիա)##
Արծն (Թուրքիա)

Պատմություն

խմբագրել

Արծնի տեղում հնագույն ժամանակներից ի վեր գոյություն է ունեցել սովորական բնակավայր, որը քաղաքի է վերածվել միայն X դարից, երբ Հայաստանում վերելք էին ապրում արհեստագործությունն ու առևտուրը, և նախկին տասնյակ ավաններ ու գյուղաքաղաքներ վերածվում էին մարդաշատ քաղաքների։ XI դարի առաջին կեսում իր զարգացման գագաթնակետին հասած այդ քաղաքի մասին վկայություններ ունեն ոչ միայն հայ, այլև բյուզանդական ու արաբական մատենագիրները, որոնք հիացմունքով են խոսում դրա մարդաշատության, վաճառաշահության և անբավ հարստությունների մասին։ XI դարի հայ պատմագիր Արիստակես Լաստիվերցին իր հայրենի քաղաք Արծնը համարում է «մեծանիստ» ու «շահաստան», Մատթեոս Ուռհայեցին (XII դ.) այն կոչում է «հռչակավոր» ու «բազմամբոխ», իսկ Սմբատ Գունդստաբլը վկայում է, թե այն «լի էր բազմամարդությամբ ու գանձով»։ Բյուզանդացի պատմագիրներ Հովհաննես Ակիլիցեսի ու Կեդրենոսի վկայությամբ, սելջուկների կողմից 1049 թվականին քաղաքը գրավելու ժամանակ միայն սպանվածների թիվը հասնում էր 150 հազար մարդու, իսկ արաբական մատենագիր Իբն ալ Ասիրը հաղորդում է, որ քաղաքից վերցված ավարը այնքան շատ է եղել, որ 10 հազար սայլով հազիվ են տարել։ Արծնը իր բնույթով բավական տարբերվում էր սովորական ֆեոդալական քաղաքներից։ Այն պարիսպներ չուներ և որոշ առումով, այսպես կոչված, «ազատ» քաղաք էր, արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն, որ փռված էր ընդարձակ տարածության վրա։ Աղբյուրների ու հնագիտական նյութերի բացակայության պատճառով անհնար է ստույգ որևէ խոսք ասել այդ մեծանիստ ու ծաղկուն քաղաքի թաղամասերի, ճարտարապետական կոթողների, արհեստների տեսակների, կոմունալ պայմանների և քաղաքը բնութագրող մյուս հարցերի վերաբերյալ։ Սակայն ընդհանուր վկայությունները և անուղղակի փաստերը գալիս են ասելու, որ Արծնը իր մեծության ու փարթամության համապատասխան ունեցել է հարյուրավոր ճարտարապետական կոթողներ, ժամանակի պահանջներին համապատասխանող կոմունալ պայմաններ, տասնյակների հասնող արհեստներ, ներքին ու արտաքին աշխույժ առևտուր, ծավալուն քաղաքաշինություն. Ուռհայեցու վկայությամբ միայն նրա եկեղեցիների թիվը հասնում էր 800–ի։ Արծնը անհամեմատ ավելի արագ էր զարգանում, քան իր հարևանը՝ Թեոդոսուպոլիս (Կարին) բերդաքաղաքը, որին Արծնի բնակիչները անվանում էին Արզն Ռում, այսինքն՝ ռումների (հույների) Արզն, դրանից էլ մնացել է Կարին–Թեոդոսուպոլսի մյուս՝ Արզրում (Էրզրում) անունը։ Սակայն միջնադարյան Հայաստանի այդ վաճառաշահ քաղաքի պատմությունն անհամեմատ կարճ է եղել։ Իբրև հարուստ, բազմամարդ և միաժամանակ անպարիսպ քաղաք, այն իր վրա է գրավում XI դարի 40-ական թվականներից Հայաստանը պարբերաբար ավերող սելջուկյան հորդաների ուշադրությունը։ Վերջիններս 1049 թվականի արշավանքի ընթացքում մի շարք այլ բնակավայրեր գրավելուց ու հիմնահատակ ավերելուց հետո, մեծ ամբոխ կազմած, հարձակվում են Արծնի վրա։ Բնակչությունը մոտ մեկ շաբաթ հերոսաբար պաշտպանվում է։ Անպարիսպ քաղաքը, Թեոդոսուպոլսի բյուզանդական կայազորի կողմից օգնություն չստանալու պատճառով, ի վերջո, տեղի է տալիս։ Գազազած թշնամին, կոտրելով պաշտպանվողների դիմադրությունը, գրավում է քաղաքը և այն հիմնահատակ կործանում։ Բնակչության մեծագույն մասը սրի է քաշվում, իսկ մի կերպ փրկվածները ապաստան են գտնում հարևան Թեոդոսուպոլիս–Կարինում ու այլ բնակավայրերում։ Դրանից հետո Արծնը այլևս չի վերականգնվել և, իբրև քաղաք, իսպառ վերացել է քարտեզի վրայից։ Վաղեմի քաղաքի տեղում նոր ժամանակներում հիշատակվում է Խարարզ (=թրք. խարաբա ավերակ + Արզն՝ Արծն) անունով գյուղը, որի XIX դարի վերջերին և XX-ի սկզբներին ունեցած մոտ 1000 բնակիչներից ավելի քան 800-ը հայեր էին։ Նրանց մեծագույն մասը ոչնչացավ 1915 թ. երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանության ժամանակ, իսկ մի կերպ փրկվածները գաղթեցին տարբեր երկրներ։ Ականատեսների վկայությամբ մինչև մեր դարի սկիզբները Խարարզ գյուղի մոտ դեռևս նշմարվում էին միջնադարյան Արծն քաղաքի ընդարձակ ավերակները։

Աղբյուրներ

խմբագրել
  • Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 58-63։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 71