Արդու (արտաբ, արտափ), թափուցիկ նյութերի (ցորեն, գարի և այլն) կշռի, տարողության և հողի մակերեսի չափի միավոր։

Կիրառվել է հին և միջին դարերում, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ Ըստ հայ մատենագրական տվյալների, արդուն 72 քսեստ էր, այսինքն՝ 29,376 կգ։ Արդուի տարողությունը Հայաստանում հաշվել են 32,64 լ կամ 36,72 լ (Հակոբ Մանանդյան), 38,17 լ (Ղևոնդ Ալիշան), նորագույն տվյալներով՝ 39,384 լ։ Արդուի տարողությունը այլ երկրներում որոշվել է 36,37 լ - 36,45 լ (Եգիպտոս, Միջագետք, Հրեաստան), 39,33 լ (Եգիպտոս՝ պտղոմեոսյան շրջանում), 54,56 լ (Պարսկաստան) և այլն։ Արդուն այն հողատարածությունն է, որի վրա ցանվել է մեկ արդու (ցորեն, գարի և այլն)։ Որպես հողի մակերեսի չափի միավոր հովտային և որոշ նախալեռնային շրջաններում արդուն տատանվել է 1300—1500 մ² սահմաններում, նախալեռնային և լեռնային շրջաններում՝ դրանից 1,5-2 անգամ ավելի։

Որպես կշռի միավոր արդուն ուշ միջնադարյան Հայաստանում կազմել է 37, 20 կգ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 18