Արամ Պագալյան

հայ նկարիչ

Արամ Պագալյան,(1878, Կոստանդնուպոլիս - 1959, Փարիզ), ֆրանսահայ նկարիչ, ռեալիզմի մեթոդի հետևորդ։ Դատապարտել է մոդեռնիզմի ներկայացուցիչներին։

Արամ Պագալյան
Ծնվել է1878
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել է1959
Մահվան վայրՓարիզ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Կյանք և ստեղծագործական ուղի խմբագրել

Արամ Պագալյանը ծնվել է 1878 թվականին Պոլսում՝ Սկյուտարում։ Վաղ մանկությունից բացառիկ սեր է տածել նկարչության հանդեպ։ 1894 թվականին ընդունվել է Պոլսի գեղարվեստի վարժարան, իտալացի նկարիչ Վալերիի սանն է եղել։ 1902 թվականին մեկնել է Փարիզ, գիտելիքները կատարելագործել Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիայում։ Եղել է Ժան Պոլ Լորանսի և Գաբրիել Ֆերրերի սանը։ Լինելով առաջադեմ ուսանող՝ նա մասնակցել է Փարիզի ցուցահանդեսներին։

1932 թվականին կազմակերպել է անհատական ցուցահանդես՝ տիկին Ն․ Գափամաճյանի հովանավորությամբ։ 1919 թվականից հաստատվել է Փարիզում։ Պագալյանը մահացել է 1959 թվականին, թաղված է Փարիզի հայ մտավորականների դամբարանում[1]։ Ըստ մամուլի՝ այդ շրջանում նա կերտել է նատյուրմորտի ժանրի կտավներ։

«Աշխատավորուհին» կտավում պատկերել է միջին խավի մի կնոջ՝ հասարակ կահավորումով սենյակում աթոռին նստած։ Կինը կար է անում։ Գնահատելի է նկարչի անկեղծ անմիջականությամբ այդ կենցաղային դրվագը պատկերելու մղումը։ Պատկերի կոմպոզիցիան, միջավայր ու կնոջ հագուկապը ներկայացնելու մանրակրկիտ մշակվածությունը խոսում են Պագալյանի վարպետության մասին։ Նատյուրմորտի ժանրում ևս նա ռեալիզմի հետևորդ է եղել[2]։

«Նարգիլեով նատյուրմորտը» բազմատարր գործը ցույց է տալիս նկարչի բարձր ճաշակը, մշակման կուլտուրան։ Գունային կոնտրաստներով, ցայտուն ուժգնությամբ կատարված այս աշխատանքը արվեստագետի տաղանդի դրսևորման վառ ապացույց է։

Հայտնի է, որ նա անհաշտ է եղել ժամանակակից եվրոպական արվեստի նկատմամբ։

  Դժբախտություն է, որ նկարչությունն ալ կարգ մը նորահասներու վրձինին տակ՝ կարշավե դեպի անիշխանություն։ Բնական է, որ գեղարվեստի մարզերուն մեջ մեզ՝ հիներուս համար խորթ թվին աարդիական ըմբռնումները․․․։Ամենեն ավելի մենք ենք, որ կզգանք մեր ոտքերուն առջև բացված խոր անդունդը հինի և նորի ուղղության միջև։ Այն շատ մը նորելլուկ դպրոցները՝ խորհրդապաշտ (սիմվոլիզմ), ապագայապաշտ (ֆուտուրիզմ), խորանարդապաշտ (կուբիզմ) և այլն, որոնք որպես թե մեզի կհրամցնեն նորը իր ամբողջ նվաճումներով ու մերկությամբ, չսելու համար այլանդակությամբ, ուրիշ բանի չեն ծառայեր, այլ միայն ճաշակներու խաթարման[3]։
- Արամ Պագալյան
 

Պագալյանը մեծ դերակատարում է ունեցել արևմտահայ արվեստի ռեալիստական ընթթացքի զարգացման գործում՝ իր արվեստում պահպանելով հայկական արվեստի ավանդույթները։

Պարգևներ խմբագրել

1932 թվական, ֆրանսիական կառավարության կողմից արժանացել է «Դե պալմ դել Ակադեմի օֆիսիեզ» պատվո նշանի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՐԵՎ» (PDF). 1975 թ․ դեկտեմբերի 17.
  2. Մարտիկյան, Եղիշե (1987). Հայկական կերպարվեստի պատմություն. Երևան. էջեր 179–180.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)։
  3. «Հայաստանի կոչնակ», Նյու-Յորք, 1929, N 41:

Գրականություն խմբագրել

  • Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987։