Արամ Դանիելյան

ճարտարագետ, պետական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Ռազմիկի Դանիելյան (1962, Աղավնաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ), Հրազդանի քաղաքապետ[1]։

Արամ Դանիելյան
Ծնվել է1962
ԾննդավայրԱղավնաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՀԱՊՀ (1986)
Մասնագիտությունճարտարագետ և պետական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականին Աղվանաձոր գյուղում, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ։ Ավարտել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցը։ 1981-1986 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1987-1989 թվականներին աշխատել է Հրազդանի ՊՇԵԿ-ում` որպես ինժեներ, իսկ 1989-1993 թվականներին աշխատել է Հրազդանի քաղաքային խորհրդում` որպես հրահանգիչ։ 1992 թվականին ընտրվել է Հրազդանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1993 թվականին աշխատել է քաղխորհրդի գործկոմում` սոցիալական ապահովության բաժնի պետի պաշտոնում։ 1995 թվականին ընտրվել է Հրազդանի շրջանային և քաղաքային միացյալ սոցիալական ապահովության Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն։ 1997 թվականին դարձել է ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն[1]։

1998 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցություն[1]։

2002 թվականին ընտրվել է Հրազդանի քաղաքապետ[1]։

Որդու կողմից մահացու վրաերթի կատարման հետ կապված սկանդալ խմբագրել

2017 թվականի հունիսի 8-ին Հրազդանում տեղի էր ունեցել մահվան ելքով վրաերթ՝ ժամը 12։30-ի սահմաններոմ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքում՝ Շահումյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Բացի այդ, որոշ աղբյուրներ հայտնում են, որ ավտոմեքենան հաշվառված է Հրազդանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին[2][3]։

Վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թվականին ծնված Վալերի Թորոսյանը, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով[4]։ Ոստիկանության Հրազդանի բաժինը հայտնել էր, որ նույն օրը՝ հունիսի 8-ին դեպքի վայր է ներկայացել 32-ամյա տղամարդ և ըստ իր խոսքերի իր կողմից վարած «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, նախկին Կաթի գործարան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Վալերի Թորոսյանին[2][3]։

Սակայն, ինչպես հայտնել է Ոստիկանության Հրազդանի բաժինը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ։ Նույն օրը՝ հունիսի 8-ին ժամը 21-ին, այդ 17-ամյա երիտասարդը ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության։ Պարզվել է, որ 17-ամյա երիտասարդը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը, ով ոստիկանություն է ներկայացել հոր՝ քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ[2][3]։

Արամ Դանիելյանի որդին է՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը վրաերթի գործով ներգրավվել է որպես կասկածյալ, ստորագրությամբ ազատ է արձակվել[4]։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի պնդմամբ՝ վրաերթի դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ միայն վրաերթ իրականացրած անձը՝ քաղաքապետի 17-ամյա որդին, այլ նաև նրա հայրը՝ քաղաքապետ Արամ Դանիելյանը։ Սաքունցի պնդմամբ, տվյալ դեպքում կա նաև պաշտոնական անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հանգամանքը, որը հասցրել է ծանր հետևանքների, այսինքն քրեական գործի շրջանակներում պետք է որպես մեղադրյալ ներգրավվի նաև քաղաքապետը[4]

Հատկանշական է, որ մի քանի օր անց Հրազդան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում՝ մեքենա գնելու նպատակով։ Հատկացումը կատարվել է «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով[5]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի 4 երեխա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Կենսագրությունը Հրազդանի քաղաքապետարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 Կոծկել չհաջողվեց. մահացու վրաերթից 1 օր անց Հրազդանի քաղաքապետի 17-ամյա որդին ներկայացավ ոստիկանություն
  3. 3,0 3,1 3,2 «Հրապարակ». Հրազդանի քաղաքապետին չհաջողվեց կոծկել գործը. վրաերթի ենթարկվածը 4 երեխա ուներ(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 «Մի՛ քաղաքականացրեք, ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի ավտովթարի հետ»․ Հրազդանի քաղաքապետ
  5. Հրազդանի քաղաքապետարանը 6.2 միլիոն դրամով նոր ավտոմեքենա կգնի