Ավետիս Մարգարի Թումայան (Աւետիս Մարգարի Թումայեան, 1920, Կիլիկիա - օգոստոսի 15, 1989(1989-08-15), Բեյրութ, Լիբանան), հայ գծանկարիչ, ինքնուս գրող։

Ավո Թումայան
արմտ. հայ.՝ Աւօ Թումայեան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Աւետիս Մարգարի Թումայեան
Ծնվել է1920
ԾննդավայրՉորք Մարզպան
Վախճանվել էօգոստոսի 15, 1989(1989-08-15)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Գրական անունԱվո
Մասնագիտությունգրող և նկարիչ
Ուշագրավ աշխատանքներՆժդեհ. Կեանքն ու գործունէութիւնը։ Նշխարներ։ Վկայութիւններ
ԱշխատավայրԱզդակ

ԿենսագրությունԽմբագրել

 
«Նժդեհ. Կեանքն ու գործունէութիւնը», առաջին հրատարակություն

Ծնվել է Կիլիկիայի Չորք Մարզպան (Դյորդ-յոլ) քաղաքում՝ սասունցիների ընտանիքում։ 1922 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սիրիայի Հալեպ քաղաք, որտեղ Ավոն հետագայում 5֊ամյա կրթություն է ստացել Հայկական վարժարանում։ 16 տարեկանում արվեստանոց է բացել Հալեպի Սալիբե թաղամասում, որտեղ նա ձեռքով նկարում էր խանութների անուններ, լոգոներ, գովազդային պլակատներ, կինոցուցադրումների ազդագրեր։ Որոշ ժամանակ անց Ավոն իր աշխատանոցը տեղափոխել է Հալեպի մեկ այլ վայր։ Նկարչությունից բացի զբաղվել է պատմության ուսումնասիրմամբ, նրա հեղափոխական թեմաներով նյութերը տպագրվել են Հալեպի, այնուհետև՝ Բեյրութի հայկական թերթերում։ 1949 թվականից լույս ընծայել է «Հեղափոխական ալբոմ» շարքը, որի թեմաները նվիրված են եղել հայ ազատագրական պայքարի երևելի դեմքերին։ Նա մեկնել է Իրաք և Իրան, որտեղից վերադարձել է նոր նյութերով, որոնց մի մասն առաջին անգամ հրատարակվել է իր շարքում։ Իր հետ բերել է նաև լուսանկարներ, որոնք հետագայում լույս են տեսել գրքերի վերածված ալբոմներում։

1962 թվականին Ավոն տեղափոխվել է Բեյրութ և հաստատվել հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասում, որտեղ շարունակել է զբաղվել նույն գործով։ Աշխատել է ՀՅԴ Լիբանանի պաշտոնաթերթ «Ազդակ» օրաթերթում։ 1965 թվականից սկսած նա երեք անգամ այցելել է ԱՄՆ՝ նոր նյութեր հայթայթելու և պատմական փաստեր հավաքելու նպատակով։ ԱՄՆ֊ում հանդիպել է քաղաքական, կուսակցական և հասարակական գործիչների հետ։ 1975 թ.՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի առաջին տարում դադարեցրել է «Հեղափոխական ալբոմի» հրատարակությունը։ Հետագայում «Հեղափոխական ալբոմի» բոլոր շարքերը առանձին գրքերով լույս են տեսել և շատ արագ տարածվել՝ հայկական սփյուռքում ու Հայաստանում։

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 50-ամյակին՝ 1968 թվականի մայիսի 28-ին Բեյրութի «Համազգային» տպարանում լույս է տեսել Ավոյի Գարեգին Նժդեհի մասին առաջին հիմնարար և ամենաամփոփ գիրքը՝ «Նժդեհ. Կյանքն ու գործունեությունը»[1][2], որը հիմք է հանդիսացել հետագա հետազոտությունների համար։ Վերատպվել է 1989 թ. Լոս Անջելեսում։

Ավետիս Թումայանը մահացել է 1989 թվականի օգոստոսի 15-ին Բեյրութում[3]։

Ավո Թումայանի որդին ու թոռը՝ Մարգար և Ավետիս Թումայանները նրա արվեստանոցը վեր են ածել լուսանկարչական և տեսանկարահանման ստուդիայի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Աւօ (1968)։ Նժդեհ: Կեանքն ու գործունէութիւնը։ Նշխարներ։ Վկայութիւններ։ Պէյրութ: Համազգային տպ (չաշխատող հղում)
  2. «Նժդեհ Գարեգին — Hayazg»։ am.hayazg.info։ Վերցված է 2020-04-29 
  3. «Ազդակ» օրաթերթ, 1989 թ., 23 սեպտեմբեր, Արտաշես Տեր-Խաչատուրյանի հոդվածը՝ Ավոյի մահվան քառասունքի առթիվ

Արտաքին հղումներԽմբագրել