Աուեսկիի հիվանդություն

Աուեսկիի հիվանդություն, կեղծ կատաղություն, կենդանիների սուր վարակիչ հիվանդություն, վարակիչ կոճղեզային լուծանք, վարակիչ մենինգոէնցեֆալիտ, ընտանի և վայրի բազմաթիվ կենդանիների սուր ընթացող հիվանդություն։ Արտահայտվում է կենտրոնական նյարդային համակարգի և շնչառական օրգանների ախտահարմամբ։ Կոչվել է հունգարացի մանրէաբան Աուեսկիի անունով։

Ախտանշաններ խմբագրել

Չարորակ տեսակով հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները։ Աուեսկի հիվանդությունը մեծ վնաս է հասցնում խոզաբուծական և գազանաբուծական տնտեսություններին։ Վիրուսը տարածում են կրծողները և վայրի մսակերները։ Հիվանդությունը փոխանցվում է սննդային ու շնչառական, հնարավոր է նաև՝ ներարգանդային ուղիներով։ Գաղտնի շրջանը տևում է 1–8 օր։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում ծծկեր և կաթից կտրած խոճկորները։ Դրանց մոտ նկատվում է մկանային առանձին խմբերի ջղաձգություն, վերջույթների կիսալուծանք, գավակի անկայունություն, ծամելու շարժումների հաճախացում, էպիլեպտիկ նոպաներ։ Կարող է բարդանալ թոքաբորբով։ Երբեմն կարող է նկատվել հիվանդությանը ոչ բնորոշ ընթացք։ Սեռահասուն խոզերի մոտ Աուեսկի հիվանդությունն ընթանում է հարբուխանման ախտանշաններով (տևում է 2–3 օր) և ավարտվում է առողջացմամբ, իսկ մերունները վիժում են։ Մորթատու գազանների մոտ առաջանում է սուր քոր և գլխուղեղաբորբին բնորոշ երևույթներ։ Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ նկատվում է տենդ, որոճման ընդհատում, ջղաձգություններ։ Կենդանիները սատկում են հիվանդության 1-ին կամ 2-րդ օրերին։ Աուեսկի հիավնդությունն ախտորոշում են կլինիկական նշանների և լաբորատոր հետազոտությունների հիման վրա։

Բուժում խմբագրել

Գամմա-գլոբուլինի, երկրորդային վարակի կանխման համար՝ ներարկում են պենիցիլին և ստրեպտոմիցին։

Կանխարգելումը և պայքարի միջոցառումները խմբագրել

Վարակը կանխարգելելու նպատակով վակցինացնում են կենդանիներին, տնտեսություններում հիվանդության առկայության հաստատման դեպքում սահմանվում է կարանտին, կազմակերպվում են հակահամաճարակային միջոցառումներ, հիվանդ և առողջացած կենդանիներին շինություններից դուրս բերելուց հետո, ախտահանում են ֆորմալ դեհիդի 1%-անոց լուծույթով և հանգած կրի 20%-անոց թարմ կախույթով։ Նորածին խոճկորներին մինչև դալով կերակրումը, մյուս խոճկորներին և մերուններին (ծնելուց 2 շաբաթ առաջ) կանխարգելիչ նպատակով ներարկում են գլոբուլին, իսկ 3 շաբաթ անց բոլորին վակցինացնում են։ Կլինիկորեն առողջ գլխաքանակի 2 տարեկան կենդանիներին իմունացնում են, իսկ առողջացածներին՝ բտում։ Առանց նկատելի ախտաբանաանատոմիական նշանների մսեղիքը և ներքին օրգաններն օգտագործում են եփած կամ եփած ծխեցրած երշիկների արտադրության մեջ։ Ախտաբանական նշաններով մսեղիքը և ներքին օրգանները, ինչպես նաև արյունն օգտահանում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։