Աուդիտորիո դե Տեներիֆե
Աուդիտորիո դե Տեներիֆե (իսպ.՝ Auditorio de Tenerife), Իսպանիայի ամենահայտնի և ճանաչելի շինություններից մեկը, Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի խորհրդանիշը և Կանարյան կղզիների տեսարժան վայրերից մեկը։ Օպերայի շենքը ժամանակակից ճարտարապետության կարևոր ստեղծագործություններից մեկն է։ Կառուցվել է 2003 թվականին ճարտարապետ Սանտիագո Կալատրավայի նախագծով[2]։
Տեսակ | օպերային թատրոն, համերգասրահ և բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր |
---|---|
Երկիր | Իսպանիա[1] |
Տեղագրություն | Սանտա Կրուզ դե Տեներիֆե[1] |
Գտնվում է ափին | Ատլանտյան օվկիանոս |
Ճարտարապետական ոճ | Էքսպրեսիոնիզմ (ճարտարապետություն) |
Հիմնադրված է | 2003 |
Բացված | սեպտեմբերի 26, 2003 |
Ճարտարապետ | Սանտիագո Կալատրավա |
Պաշտոնական կայք |
2008 թվականի մարտին թողարկվել է նամականիշերի շարք` Իսպանիայի ամենից արտասովոր վեց շինություների պատկերներով, որոնց թվում ընդգրկված է եղել նաև Աուդիտորիո դե Տեներիֆեն։
Պատմություն
խմբագրելՏեներիֆեի կենտրոնական քաղաքում ներկայացումների շենք կառուցելու գաղափարը ծնվել էր դեռևս 1970-ական թվականներին։ 1990-ական թվականներին գաղափարը վերածվում է նախագծի, որը սկսում է իրագործվել Սանտա Կրուս դե Տեներիֆեի արդյունաբերական հին շրջանում։ Հսկայական կառույցը, որ ներկայացնում էր անսովոր կոնստրուկցիա, արտասովոր տեսք ունի։ Օրինակ` միայն տանիքը հասնում է 100 մետրի և կշռում է 350 տոննա։ Այդ ժամանակ առաջին բանը, որ նկատում էին քաղաք մտնողները, բանվորների կերպարանքներն էին, որոնք շինության բարձունք մագլցելիս փոքրիկ մեղուներ էին թվում։
2003 թվականին Աուդիտորիոն հանձնվում է շահագործման։ Ներկայումս ամբողջ աշխարհում ճանաչում են պոստմոդեռնիզմի նշանակալից ձեռքբերումը։ Իսպանացի ճարտարապետ և ինժեներ Սանտյագո Կալատրավայի համարձակ նախագիծը ծավալների հաջող խաղի, թեք գծերի, համամասնությունների ու նյութերի լավ համադրված ներդաշնակություն է։
Շինություն
խմբագրելԱուդիտորիո դե Տեներիֆե շինությունը գտնվում է քաղաքի կենտրոնում` Սեզար Մանրիկեի Ծովային պարկից և քաղաքային նավահանգստից ոչ հեռու[2]։ Աուդիտորիոյի հարևանությամբ են գտնվում Տորես դե Սանտա Կրուսը երկվորյակ աշտարակները և տրամվայի կայարանը։
Շինության զբաղեցրած տարածքի մակերեսը 23.000 մ² է, որից 6.471 մ² տարածքը բաժին է ընկնում համերգային սրահներին։ Հիմնական սրահը կոչվում է «Սիմֆոնիա» և պարունակում է 1.616 տեղ[2]։ Սրահի բեմի լայնությունը 16.5 մ է, խորությունը` 14 մ։ Սրահում կա երգեհոն (72 ռեգիստր, 3.835 խողովակ)[3]։ Երկրորդ` կամերային սրահը նախատեսված է 424 հանդիսատեսի համար[2]։
Օպերայի նախասրահ կարելի է մտնել միանգամից երկու կողմից։ Աուդիտորիո դե Տեներիֆեն ձևավորված է երկու բաց շքապատշգամբներով, որոնցից հրաշալի տեսարան է բացվում դեպի ծով։
Շինության արտաքին հատվածներ
խմբագրել- Trade Winds Plaza - 16 289 մ²
- Ատլանտյան շքապատշգամբ - 400 մ²
- Քաղաքային շքապատշգամբ - 350 մ²
Շինության ներքին հատվածներ
խմբագրել- Սիմֆոնիկ սրահ
- Կամերային սրահ
- Նախասրահ
- Ծովային ու ամրոցային պատկերասրահներ
Կիրառում
խմբագրելՄշակութային ծրագիր
խմբագրելԱուդիտորիո դե Տեներիֆեում պարբերաբար կազմակերպվում են մշակութային այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են «Տեներիֆե Դանսան» (իսպ.՝ Tenerife Danza), «Ատլանտյան ջազը» (անգլ.՝ Atlantic Jazz), «Համաշխարհային երաժշտություն» և «Մեծ կատարողներ» միջոցառումները, օպերային տարբեր փառատոներ։ Այստեղ է ելույթ ունենում Տեներիֆեի սիմֆոնիկ նվագախումբը։
Այլ իրադարձություններ
խմբագրելԺամանակ առ ժամանակ Աուդիտորիոյի սրահներն օգտագործվում են տարբեր համաժողովներ, խորհրդակցություններ, նիստեր անցկացնելու նպատակով, ինչպես նաև կազմակերպվում է ֆիլմերի ցուցադրություն։
Բացում
խմբագրելՕպերայի շենքը պաշտոնապես բացվել է 2003 թվականի սեպտեմբերի 26-ին իսպանակա գահի ժառանգորդ Ֆիլիպ VI-ի կողմից։ Շինության բացման արարողությունը լայնորեն լուսաբանվել է համաշխարհային ԶԼՄ-ների կողմից[4]։
Cadena Dial ռադիոալիքի մրցանակաբաշխություն
խմբագրելՍկսած 2007 թվականից` Աուդիտորիո դե Տեներիֆեում կազմակերպվում է Cadena Dial ռադիոալիքի մրցանակաբաշխությունը[5][6]։
Անվանման փոփոխություն
խմբագրել2011 թվականի հունվարի 28-ին Տեներիֆե կղզու խորհուրդը որոշում է ընդունել շինությունն անվանափոխելու մասին։ Այն ստացել է Ադան Մարտինի անվան Աուդիտորիո դե Տեներեֆե անունը` ի պատիվ Կանարյան կղզիների նախկին նախագահ Ադան Մարտին Մենեսի[7][8][9]։
Պատկերասրահ
խմբագրել-
Շինության տեսքը հետևից
-
Աուդիտորիոյի կամարը
-
Օպերայի շենքի լուսավորումը գիշերով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Auditorio de Tenerife "Adán Martín"» (իսպաներեն). Tenerife Convention Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Descubre un órgano único en el mundo» (իսպաներեն). Auditorio de Tenerife. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «De Nueva York a Sidney» (իսպաներեն). ElDia.es. 28 septiembre 2003. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «20 años apostando por la mejor música en español: Premios Cadena Dial 2010» (իսպաներեն). Cadena Dial. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Comienza la Gala de entrega de los Premios Dial 2008 desde Tenerife» (իսպաներեն). Cadena Dial. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Auditorio de Tenerife "Adán Martín"» (իսպաներեն). Punto Info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «El Cabildo inicia los trámites para denominar al Auditorio de Tenerife "Auditorio de Tenerife Adán Martín"» (իսպաներեն). La Laguna Mensual - Noticia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Malú presenta su 'Guerra Fría' en el Auditorio Adán Martín de Tenerife» (իսպաներեն). europapress.es. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուդիտորիո դե Տեներիֆե» հոդվածին։ |