Աշնակ

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
(Վերահղված է Աշնակ (Արագածոտնի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշնակ (այլ կիրառումներ)

Աշնակ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Երևան-Թալին խճուղուց ձախ, Թալին քաղաքից 12 կմ հարավ։ Մարզկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։ Նախկինում կոչվել է Աշնանակալ[2]։

Համայնք
Աշնակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀամայնքԱշնակ
ՂեկավարԽաչիկ Տոնոյան
Այլ անվանումներԱշնանակալ
ԲԾՄ1420 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1031 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս0502
Պաշտոնական կայքarchive.is/20150603034125/http://ashnak.am/Pages/Home/Default.aspx
Աշնակ (Հայաստան)##
Աշնակ (Հայաստան)

Ավանդություն խմբագրել

Գյուղի անվանման հետ կապված կա ավանդություն, որ սկզբից կոչվել է Աշնանակալ։ Անունն այնքան հին է, որքան տարվա 4 եղանակները։ Առաջ կարծում էին, թե Աշունը աստվածուհի է Արագած լեռան վրա։ Տարին մեկ անգամ իջնում է ներքև և դարձնում աշխարհը դեղին։ Դրա համար էլ Արագածի հարավ արևմտյան կողմի լանջերից սկիզբ առնող գետը և լեռան փեշին գտնվող գյուղը կոչել են Աշնանակալ, այսինքն աշունը կալող՝ բռնող։ Հետագայում Աշնանակալը սեղմվել է և դարձել Աշնակ։

Պատմություն խմբագրել

Աշնակը հիշատակվում է V դարից, եղել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից և հանդիսացել է խոշոր բնակավայր։ Խոսելով Վարդանանց պատերազմի մասին և անդրադառնալով Վասակ Սյունու գործունեությանը՝ պատմիչ Եղիշեն նշում է.ՙՙՀեռացել է քիրստոնության ուխտից և ավերել հայոց աշխարհի շատ տեղերը, մանավանդ արքունի ձմեռոցները, որոնք զորքի կայաններն էին, Գառնին և Դրասխանակերտը, Մեծ Դաստակերտը, Ձողակերտ ավանը, Կուաշ ավանը, Արուճը, Աշնակը և ամբողջ Արագածոտնը...՚՚: Պատկանել է Կամսարական նախարարական տոհմին։ Պատմիչ Սեբեոսի մոտ կա մի հիշատակություն, որ Թալինից հետո զերկրորդիս գլխավոր ավան զԱրուճ՝ կոչէ ՙՙԱրուճն Աշնակի՚՚: Կամսարականների դիրքերի թուլացման հետ նրանք իրենց կալվածքները 9-րդ դարում վաճառում են Աշոտ Մսակեր Բագրատունուն։ Արդյունքում զարգացած միջնադարում Արագածոտնը դառնում է Բագրատունիների տիրույթը ու դրանով իսկ ընդգրկվում հռչակավոր Անի քաղաքի տնտեսական ու քաղաքական ոլորտի մեջ։

Արածածոտն գավառի որոշ գյուղեր, այդ թվում և Աշնակը, շուտով դառնում են առուծախի առարկա։ Նշված ժամանակաշրջանում Աշնակը Պետրոս Գետադարձ կաթողիկոսի սեփականությունն էր։ Կաթողիկոսը հետագայում գյուղը նվիրում է Ապլղարիպ Պահլավունուն։ Վերջինս 1035թ. քանի որ մեծարգո անձ էր, Աշնակ գյուղը նվիրում է Անի քաղաքին համապատասխան վավերագրով.ՙՙՀայոց մեծափառ և տիեզերակալ Սմբատ թագավորի և նրա որդի, Հայոց թագավոր և վրաց շահնշահ Գագիկի օրոք կամեցա տալ Գրիգոր Պահլավունու որդի Ապլղարիպին հայոց կաթողիկոսի կողմից ինձ տրված Աշնակ այգին...Արդ տվեցինք որմերով, պտղատու և անպտուղ ծառերով, խոտհարթակներով և հարկից ազատ 2 օրվա ջրով և գյուղից ստացվող ամենայն հասույթով՚՚:

Հաջորդ անգամ Աշնակը հիշատակվում է Անիի վիմական արձանագրություններում 1066թ., երբ այն նորից վաճառվել է Անիի մեծահարուստներին.ՙՙԿրկին Աշնակը գնեցի, իմ խոտհարկը 100 բարդ խոտի դեզ էր՚՚:

Հետագա տարիներին մյուս բնակավայրերի նման Աշնակը ենթարկվում է օտարների հարձակումներին։ Սամվել Անեցին հիշատակում է, որ սելջուկյան Ելտկուզ ամիրան 1162թ. հարձակվել է Արագածոտնի վրա և մեծ ավերածություններ պատճառել։ Նա գրում է.ՙՙԶմեծ ավանն զԱշնակ՝ արյաց չարագլուխ Ելտկուզն, զոր 2800 ասեն այրածս կամ 5000՚՚: Բազմաթիվ այրք, մանկտիք և կանայք ենթարկվել են կոտորածի։ Հին գյուղի ավերակները պահպանվել են ներկայիս գյուղի տարածքից 5 կմ արևմուտք դարավանդի արևելյան կողմի ձորի հրվանդանի վրա և բնակելի է եղել մինչև 20-րդ դարի 60-ական թվականները։ Գյուղում կա IV-V դարերի կիսավեր եկեղեցի։

Աշնակը եղել է նաև խաղողագործության և գինեգործության կենտրոններից մեկը հին ժամանակներում։ Սկսած գյուղի հյուսիսային կողմից 3-4 կմ հարավ, ձգվում են քարե հին ցանկապատերով բաժանված հողակտորներ, որոնց եզրերին պահպանվել են հարյուրավոր հնձանների ավերակներ։ Դրանց մեծ մասն ունի քառանկյուն հատակագիծ։ Պեղված հնձաններից մեկում կրաշաղախով սվաղված հարթակ կա, որի վրա տրորվել է բերքը։ Քաղցուն հարթակից հոսել է հողի մեջ թաղված խոշոր կարասների մեջ։ Հնձանի մյուս բաժանմունքում շարված մի քանի կարասներում պահեստավորվել է զուլալված գինին։ Հայտնի է, որ միջնադարյան Հայաստանի առևտրում գինին հանդիսացել է վաճառվող կամ փոխանակվող հիմնական արտադրանքներից մեկը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռ, Աշնակ

Գյուղի շրջակայքում հայտնի են 4 ամրոցներ, որոնք հաստատում են նրա արքունական ձմեռանոց-զորակայան լինելու փաստը։ Առաջին ամրոցը գյուղի կենտրանական մասում է, բայց նրա տարածքի մեծ մասը խաթարված է բնակելի տներով։ Ամրոցը կառուցվել է հարթ տեղանքում և ապավինել է արհեստական պաշտպանական կառույցներին։ Ամրոցի միայն արևելյան կողմի պարիսպների հիմնապատերն են պահպանվել։ Այն թվագրվում է մեր թվարկության 1-ին դարում։

Երկրորդ ամրոցը գյուղից 3 կմ հարավ-արևելք գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի ամրոցը։ Պահպանված են պարիսպները։ Ներսում նշմարվում են ուղղանկյուն հատակագծով բնակարանների հետքեր։ Մուտքը հարավային կողմում է, որտեղ ճանապարհի մի մասը դեպի ձորն իջնող գետնուղի է։

Երրորդ ամրոցը գյուղի արևելյան հատվածում է, ունի 0,5 հա տարածքև քառակուսի հատակագիծ։ Այն թվագրվում է վաղ միջնադարով, հիմնապատերը պահպանված են։

Չորրորդ ամրոցի պատերը պահպանված են մինչև 1 մետր բարձրությամբ և թվագրվում է վաղ միջնադարով։ Այս ամրոցների առկայությունը վկայում է, որ 9-րդ դարում Աշնակը եղել է վարչական և տնտեսական կարևոր կենտրոն ու մեծապես հոգ է տարվել նրա պաշտպանության համար։

Գյուղն ունի նաև եկեղեցի սուրբ Աստվածածին։ Նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն եկեղեցի-դղյակ է, թվագրվում է որպես 5-րդ դարի կառույց։ Նրա շրջակայքն ուսումնասիրվել է 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսերական հնագիտական ընկերության կողմից։ Պեղումներից հայտնաբերված հնագիտական գտածոները ներկայումս պահվում են Էրմիտաժի արևելագիտական բաժնում։ Հուշարձանն ունեցել է շինարարական երեք շրջան։ Սկզբնական շրջանում՝ 5-րդ դար, կառուցվել է միախորան եկեղեցի։ Հետագայում հավանաբար պաշտպանական նպատակով առնվել է բազալտե քարերով կրկնապատի մեջ։ Շինարարական վերջին շրջանում կառույցը հզորացվել է բազալտե տաշված քարերից կազմված հզոր պատով, որով եկեղեցին վերածվել է երկհարկանի դղյակի։ Պահպանվել է երկրորդ հարկի պատերի մի մասը, դրանք ունեն ուղղանկյուն աշտարակների տեսք։ Եկեղեցին տուժել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից, իսկ վերակառուցման ժամանակ պատերը իջեցվել են, որ եկեղեցին երևա։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1420 մ բարձրության վրա։ Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ։ Ամառները տաք են և չոր, ձմեռները՝ ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5-ից -6-ի սահմաններում, հուլիսյանը՝ 22-24-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 350-400 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են։

Բնակչություն խմբագրել

01.07.2019 դրությամբ գյուղը ուներ 1369 բնակիչ[3]։

Գյուղի բնակչությունը ձևավորվել է հիմնականում 1914-1920 թվականներին Արևմտյան Հայաստանի Սասունի Փիրշենք, Մջգեղ, Տալվորիկ, Մկթենք, Ջրթնիկ, Քաջառինք, Ճամ, Բլոյենք, Դալհոր, Գոմք, Խաբլջոզ, Խարվեր, Թզի, Արեգդեմ, Կոշակ և հրուտ գյուղերից եկած վերաբնակիչներով։

Համայնքի բնակչությունը կազմում է 1290 մարդ, որից 51% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 49%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 47%, հետաշխատունակները՝ 23%։ Գյուղն ունի 220 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։

Աշնակի բնակչության փոփոխությունը[4].

Տարի Բնակչություն
1831 62 մարդ [5]
1873 363 մարդ [5]
1931 778 մարդ [5]
1959 965 մարդ [5]
1970 1110 մարդ [5]
1979 1061 մարդ [5]
1989 1245 մարդ [6]
2001 1226 մարդ [5]
2011 1031 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակների մեջ մեծ բաժին ունեն վարելահողերը, պտղատու այգիները։ Պահուստային հողերի մեջ 25% կազմում են արոտավայրերը։ Մեծ բաժին ունեն չօգտագործվող հողերը։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են նաև ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ։ Մշակում են կերային, հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. Helix Consulting LLC. «Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 28-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 556.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշնակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 486