Աշխատուժի տնտեսագիտություն

Աշխատուժի տնտեսագիտություն (անգլ.՝ Labour economics), վարձու աշխատողների շուկայի դինամիկան և խնդիրները ուսումնասիրող տնտեսագիտական ճյուղ[1][2]։

«Օգնություն» փնտրող նշանը ՝ աշխատողներ աշխատանքի համար:

Աշխատուժը մարդկանց խումբ է, ովքեր կատարում են աշխատանք կամ մատուցում են ծառայություններ կազմակերպություններին՝ նախնական պայմանավորված աշխատավարձի դիմաց[3]։

Աշխատանքի շուկան գործում է աշխատողների և գործատուների փոխազդեցության միջոցով։ Աշխատուժի տնտեսագիտությունը դիտարկում է աշխատանք կատարողների (աշխատողներին) և աշխատանք պահանջողներին (գործատուներին) և փորձում է հասկանալ զբաղվածության և եկամտի փոփոխությունները։ Այս օրինաչափությունները գոյություն ունեն, քանի որ ենթադրվում է, որ շուկայում յուրաքանչյուր անհատ ռացիոնալ ընտրություն է կատարում՝ հիմնվելով աշխատավարձի, աշխատանք կատարելու և հանգստանալու վերաբերյալ իր պատկերացումների վրա։ Ինտերնետի շնորհիվ որոշ ոլորտներում առաջացրել է «աշխատաշուկայի մոլորակ»[4]։

Աշխատուժի շուկան մակրոտնտեսագիտությունում խմբագրել

 
Աշխատանքի հայտարարությունների ցուցանակ Շենժենում

Աշխատուժը (անգլ.՝ Labour force) սահմանվում է որպես աշխատունակ տարիքի մարդկանց թիվ, ովքեր կա՛մ զբաղված են, կա՛մ ակտիվորեն աշխատանք են փնտրում։ Աշխատուժի մասնակցության մակարդակը (անգլ.՝ The labour force participation rate (LFPR)) աշխատուժի մարդկանց թիվն է՝ բաժանված չափահաս, աշխատունակ բնակչության թվին[5]։

Աշխատուժի մաս չեն կազմում աշխատանք չփնտրողները, անաշխատունակները (օրինակ՝ բանտերում կամ հոգեբուժարաններում գտնվողները), օրինական տարիքից ցածր անձինք և զինվորական ծառայության մեջ գտնվողները։

Գործազրկության մակարդակը հաշվելու համար աշխատուժի ընդհանուր թվից հանում ենք այդ պահին զբաղվածություն ունեցող անձանց թիվը, իսկ զբաղվածության մակարդակը՝ այդ պահին զբաղված մարդկանց թիվը բաժանելով չափահաս բնակչության թվին (կամ աշխատունակ տարիքի բնակչությանը)։ Այս վիճակագրության մեջ ինքնազբաղները համարվում են զբաղվածներ[5]։

Փոփոխականները, ինչպիսիք են զբաղվածության մակարդակը, գործազրկության մակարդակը, կոչվում են պաշարային փոփոխականներ (անգլ.՝ Stock variables), քանի որ դրանք չափում են ժամանակի անհրաժեշտ պահի դրությամբ։ Դրանց հակադրվում են հոսքային փոփոխականները (անգլ.՝ Flow variables), որոնք չափվում են որոշակի ժամանակաշրջանի համար[6]։ Աշխատուժի փոփոխությունները նկարագրվում են պաշարային փոփոխականներով, ինչպիսիք են բնակչության բնական աճը, զուտ ներգաղթը, թոշակի անցնող մարդկանց թիվը։ Իսկ գործազրկությունն ուսումնասիրելիս առանձնացվում են մի քանի տեսակներ, որոնք միավորվում են երկու կատեգորիաներում՝ բնական և ոչ բնական գործազրկության[5]։

Բնական գործազրկություն

  • Ֆրիկցիոն գործազրկությունը կապված է աշխատանք փնտրելու և աշխատանք գտնելու սպասման հետ։ Գործազրկության այս տեսակը տարածված է այն մարդկանց շրջանում, ում համար իրենց որակավորմանն ու անհատական նախասիրություններին համապատասխանող աշխատանքի փնտրտուքը պահանջում է որոշակի ժամանակահատված։ Այլ խոսքով, որակավորմանն ու նախասիրություններին համապատասխան նոր աշխատանք գտնելու և աշխատանքի անցնելու գործընթացը միակնթարթային չէ, այլ ունի ժամանակային որոշակի միջակայք, որն էլ ֆիրկցիոն գործազրկությունն է[5]։
  • Կառուցվածքային գործազրկությունը կապված է արտադրության տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսության ճյուղային կառուցվածքի կամ զարգացման գերակայությունների փոփոխության, աշխատուժի նկատմամբ եղած պահանջարկի փոփոխության, մասնագիտական ունակությունների, աշխարհագրական անհամապատասխանությունների հետ և այլն[5]։
  • Գործազրկության կառուցվածքային և ֆրիկցիոն տեսակները ձևավորում են գործազրկության, այսպես կոչված, բնական մակարդակը (կամ գործազրկության մակարդակ լրիվ զբաղվածության պայմաններում), որը համապատասխանում է ներուժային ՀՆԱ-ին։ Կառուցվածքային տեղաշարժերի հետևանքով առաջ եկած գործազրկության նկատմամբ «բնական» բառակապակցության օգտագործումն անընդունելի է համարվում բազմաթիվ տնտեսագետների կողմից և այդ պատճառով տեսության մեջ հաճախ օգտագործվում է NAIRU հասկացությունը (Non-Accelerating-Inflation Rate of Unemployment)[7], որը ուշադրությունը կենտրոնացնում է այն իրողությանը, որ գործազրկության այդ մակարդակը կայունացնում է ինֆլյացիան[5]։

Ոչ բնական գործազրկություն

  • Պարբերաշրջանային գործազրկությունը վրա է հասնում տնտեսության անկման արդյունքում աշխատատեղերի կրճատման հետևանքով։ Տնտեսության անկման փուլում պարբերաշրջանային գործազրկությունը լրացնում է ֆրիկցիոնն ու կառուցվածքայինը, իսկ տնտեսության վերելքի փուլում բացակայում է։
  • Սեզոնային գործազրկությունը կապված է որոշակի աշխատանքների պահանջարկի և առաջարկի սեզոնային պարբերական փոփոխությունների հետ։ Այսպիսի գործազրկությունն առավել տեսանելի է գյուղատնտեսությունում և շինարարությունում[5]։

Նեոկլասիկ միկրոտնտեսագիտություն խմբագրել

Նեոկլասիկ տնտեսագիտությանը հարող մասնագետները աշխատաշուկան նմանեցնում են այլ շուկաների, քանի որ առաջարկի և պահանջարկի ուժերը համատեղ որոշում են գինը (այս դեպքում՝ աշխատավարձի չափը) և քանակը (այս դեպքում՝ զբաղված մարդկանց թիվը)։

Այնուամենայնիվ, աշխատուժի շուկան տարբերվում է այլ շուկաներից (օրինակ՝ ապրանքների շուկաները կամ ֆինանսական շուկան) մի քանի ասպեկտներով։ Մասնավորապես, աշխատաշուկան կարող է հանդես գալ որպես «ոչ մաքրվող» շուկա (անգլ.՝ Non-clearing market)։ Թեև նեոկլասիկական տեսության համաձայն՝ շուկաների մեծ մասը արագորեն հասնում է հավասարակշռության կետի՝ առանց ավելորդ առաջարկի կամ պահանջարկի, սա կարող է չհամընկնել աշխատաշուկայի հետ, քանի որ այն կարող է ունենալ գործազրկության կայուն մակարդակ[8]։

Միկրոտնտեսության մեջ ենթադրվում է, որ մարդիկ ռացիոնալ են և ձգտում են առավելագույնի հասցնել իրենց օգտակարությունը։ Աշխատաշուկայի մոդելում նրանց օգտակարությունը արտահայտվում է հանգստի և աշխատանքի համար բաշխված ժամերի փոխհարաբերությամբ։

Նշանակելով w տառը որպես ժամավարձ, k տառը՝ հանգստին ու աշխատանքին տրված հասանելի ժամանակը, L տառը՝ աշխատանքի նախընտրելի ժամաքանակ, A տառը՝ հանգստյան նախընտրելի ժամերի քանակը, իսկ U տառը՝ օգտակարություն, ապա կարող ենք դիտարկել, թե ինչ ցուցանիշներ են մասնակցում ներքևում ներկայացված բանաձևում․

 

Անհատի խնդիրն է առավելագույնի հասցնել օգտակարությունը՝ U-ն, որը կախված է սպառման վրա ծախսելու համար հասանելի ընդհանուր եկամուտից, ինչպես նաև հանգստի ժամանակից, որը ենթակա է ժամանակի սահմանափակման՝ կապված աշխատանքային ժամանակի և հանգստի ընտրության հետ։

Ստորև բերված գծապատկերում ցույց է տրված փոխզիջումը ժամանցին հատկացվող ժամանակի և եկամուտ ստեղծող գործունեությանը հատկացվող ժամանակի միջև։ Գծային սահմանափակումը ցույց է տալիս, որ ձեռնարկված հանգստի յուրաքանչյուր լրացուցիչ ժամ պահանջում է աշխատանքի մեկ ժամի կորուստ և, հետևաբար, ապրանքների այն ֆիքսված քանակի կորուստ, որը կարող է ձեռք բերվել այդ եկամտով։ Անհատները պետք է ընտրեն, թե որքան ժամանակ հատկացնեն հանգստի գործունեությանը և որքան՝ աշխատանքին։ Կորը ցույց է տալիս հանգստի և աշխատանքի համակցությունները, որոնք անհատին կտան օգտակարության որոշակի մակարդակ։ Այն կետը, որտ շոշափում է սահմանափակման գծին (կետ A), ցույց է տալիս աշխատանքային ծառայությունների այս մատակարարի համար օպտիմալը։ Եթե սպառումը չափվում է ստացված եկամտի արժեքով, ապա այս դիագրամը կարող է օգտագործվել տարբեր հետաքրքիր էֆեկտներ ցույց տալու համար։ Դա պայմանավորված է նրանով, որ բյուջեի սահմանափակման թեքության բացարձակ արժեքը աշխատավարձի դրույքաչափն է։ Օպտիմալացման կետը (Ա կետ) արտացոլում է աշխատավարձի դրույքաչափի և ժամանցը եկամտով փոխարինելու սահմանային դրույքաչափի համարժեքությունը (անտարբերության կորի թեքության բացարձակ արժեքը)։ Քանի որ ժամանցը եկամտով փոխարինելու սահմանային դրույքաչափը նաև հանգստի սահմանային օգտակարության (MUL) և եկամտի սահմանային օգտակարության (MUY) հարաբերակցությունն է, կարելի է եզրակացնել, որ․

 

որտեղ Y տառով նշանակված է ընդհանուր եկամուտը, իսկ աջ կողմը՝ աշխատավարձի դրույքաչափը։

 
Աշխատավարձի բարձրացման Էֆֆեկտ

Եթե աշխատավարձի դրույքաչափը մեծանում է, այս անհատի սահմանափակման գիծը թեքվում է XY1-ից XY2: Այժմ նա կարող է գնել ավելի շատ ապրանքներ և ծառայություններ։ Նրա օգտակարությունը կավելանա IC1-ի A կետից մինչև IC2-ի B կետ։

Հասկանալու համար, թե դա ինչ ազդեցություն կարող է ունենալ աշխատաժամանակի չափի որոշման վրա, պետք է դիտարկել եկամտի և փոխարինման էֆեկտը։

Նախորդ գծապատկերում ներկայացված աշխատավարձի բարձրացումը կարելի է բաժանել երկու առանձին էֆեկտի։

Մաքուր եկամտի էֆեկտը ցուցադրվում է որպես շարժում A կետից C կետ հաջորդ դիագրամում։ Սպառումն աճում է YA-ից մինչև YC, և քանի որ դիագրամը ենթադրում է, որ ժամանցը նորմալ ապրանք է (այսինք մեծանում է պահանջարկը՝ եկամտի աճին զուգընթաց), հանգստի ժամանակը ավելանում է XA-ից մինչև XC: (Աշխատանքի ժամանակը նվազում է նույն չափով, որքան ավելանում է հանգստի ժամանակը)։

 
Եկամտի բարձրացման և փոխարինման էֆֆեկտներ

Բայց դա պատկերի միայն մի մասն է։ Աշխատավարձի դրույքաչափի բարձրացման հետ մեկտեղ աշխատողը հանգստի ժամերը կփոխարինի աշխատանքով, այսինքն՝ կաշխատի ավելի շատ ժամեր՝ օգտվելու ավելի բարձր աշխատավարձի դրույքաչափից։ Այս փոխարինման էֆեկտը ներկայացված է C կետից B կետ տեղափոխմամբ։ Այս երկու էֆեկտների զուտ ազդեցությունը ցուցադրվում է A կետից B կետ տեղափոխմամբ։ Որոշ դեպքերում, փոխարինման էֆեկտն ավելի մեծ է, քան եկամտի էֆեկտը (որի դեպքում ավելի շատ ժամանակ կհատկացվի աշխատանքին), սակայն այլ դեպքերում եկամտի էֆեկտն ավելի մեծ կլինի, քան փոխարինման էֆեկտը (որի դեպքում ավելի քիչ ժամանակ է հատկացվում աշխատանքին)։

 
Աշխատանքի առաջարկի կոտ

Եթե փոխարինման էֆեկտն ավելի մեծ է, քան եկամտի էֆեկտը, ապա անհատի համար աշխատանքային ծառայությունների առաջարկը կավելանա, քանի որ բարձրանում է աշխատավարձի մակարդակը, որը ներկայացված է աշխատանքի առաջարկի կորի դրական թեքությամբ (ինչպես կից դիագրամի E կետում, որը ցույց է տալիս աշխատավարձի դրական առաձգականություն)։ Այս դրական փոխհարաբերությունն աճում է մինչև F կետը, որից այն կողմ եկամտի էֆեկտը գերակայում է փոխարինման էֆեկտի վրա, և անհատը սկսում է նվազեցնել աշխատանքային ժամերի քանակը (կետ G) աշխատավարձի աճի հետ մեկտեղ, այսինքն՝ աշխատավարձի առաձգականությունն այժմ բացասական է։

Ասիմետրիկ տեղեկատվություն խմբագրել

 
Աշխատանքի հայտարարություն Sabah and Sarawak կազմակերպությունից (Ջալան Պետալինգ, Կուալա Լումպուր)

Իրական կյանքում կատարյալ տեղեկատվության ենթադրությունն անիրատեսական է։

Գործատուների համար դժվար է միանգամից նույնականացնել աշխատողների աշխատելաոճը, թե որքան աշխատասերներն են աշխատում կամ որքան արդյունավետ են նրանք։ Սա աշխատողների համար խթան է հանդիսանում խուսափելու իրենց ներուժը օգտագործելուց, որը կոչվում է բարոյական վտանգ[9]։

Եթե ​​ձեռնարկությունը վստահ չէ աշխատողի կարողությունների վերաբերյալ, նա վճարում է աշխատավարձ՝ ենթադրելով, որ աշխատողի կարողությունը աշխատողների միջինն է։ Այս աշխատավարձը փոխհատուցում է բարձր կարողությունների աշխատողներին, ինչը կարող է նրանց հեռացնել աշխատաշուկայից, ինչպես նաև ներգրավել ցածր կարողությունների աշխատողներին։ Նման երեւույթը, որը կոչվում է անբարենպաստ ընտրություն, երբեմն կարող է հանգեցնել շուկայի փլուզման[9]։

Ոչ ճիշտ ընտրություն կատարելու դեմ պայքարի եղանակներից մեկը «ազդանշանային» տեղեկություններ օգտագործելն է։ Այս գաղափարի հեղինակն է Մայքլ Սփենսը, և սրա միջոցով գործատուները կարող են օգտագործել դիմորդների տարբեր բնութագրեր՝ տարբերելու բարձր կամ ցածր կարողությունների աշխատողներին։ Օգտագործված ընդհանուր «ազդանշան» է կրթությունը, որն օգտագործելով՝ գործատուները ենթադրում են, որ բարձր կարողությունների աշխատողները կունենան ավելի բարձր կրթական մակարդակ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Borjas, George J. (2015 թ․ հունվարի 14). Labor economics (Seventh ed.). New York, NY. ISBN 978-0-07-802188-6. OCLC 889577338.
  2. «Definition of LABOR». www.merriam-webster.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
  3. Tarling, R. (1987). «Labour Markets». In Eatwell, John; Milgate, Murray; Newman, Peter (eds.). The New Palgrave: A Dictionary of Economics (1st ed.). London: Palgrave Macmillan. էջեր 1–4. doi:10.1057/978-1-349-95121-5_1213-1. ISBN 978-1-349-95121-5.
  4. Graham, Mark; Anwar, Mohammad Amir (2019 թ․ ապրիլի 1). «The global gig economy: Towards a planetary labour market?». First Monday (անգլերեն). doi:10.5210/fm.v24i4.9913. ISSN 1396-0466. S2CID 108292032.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Mankiw, N. Gregory (2016). Principles of economics (Eighth ed.). Boston, MA, USA: Cengage Learning. ISBN 978-1-305-58512-6. OCLC 974706695.
  6. «Difference between stock and flow». BYJUS (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  7. «Non-Accelerating Inflation Rate of Unemployment (NAIRU)». Investopedia (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
  8. Gustav Ranis (1997 թ․ փետրվար). «The Micro-Economics of "Surplus Labor"» (PDF). Yale University. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  9. 9,0 9,1 Froeb, Luke M.; McCann, Brian T.; Shor, Mikhael; Ward, Michael R. (2016). Managerial economics : a problem solving approach (Fourth ed.). Boston, MA. ISBN 978-1-305-25933-1. OCLC 900237955.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականության ցանկ խմբագրել

Orley C. Ashenfelter and Richard Layard, ed., 1986, v. 1 & 2;
Orley Ashenfelter and David Card, ed., 1999, v. 3A, 3B, and 3C
Orley Ashenfelter and David Card, ed., 2011, v. 4A & 4B.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխատուժի տնտեսագիտություն» հոդվածին։