Անն-Լիզ Գրոբետի

շվեյցարացի արձակագիր

Անն-Լիզ Գրոբետի (ֆր.՝ Anne-Lise Grobéty, դեկտեմբերի 21, 1949(1949-12-21), Լե Շո դե Ֆոն, Նևշատել, Շվեյցարիա[1] - հոկտեմբերի 5, 2010(2010-10-05)[2][1][3], Նևշատել, Շվեյցարիա[1]), շվեյցարացի արձակագիր։

Անն-Լիզ Գրոբետի
Ծնվել էդեկտեմբերի 21, 1949(1949-12-21)
ԾննդավայրԼե Շո դե Ֆոն, Նևշատել, Շվեյցարիա[1]
Վախճանվել էհոկտեմբերի 5, 2010(2010-10-05)[2][1][3] (60 տարեկան)
Վախճանի վայրՆևշատել, Շվեյցարիա[1]
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող և բանաստեղծուհի
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Շվեյցարիա[1]
ԿրթությունՆյոշատելի համալսարան
Ժանրերվավերագրական գրականություն[1] և պոեզիա[1]
Գրական ուղղություններՆոր վեպ
ԿուսակցությունՇվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ

Անն-Լիզ Գրոբետին ծնվել է Շո դը Ֆոնում, 1949 թվականի դեկտեմբերին 21-ին։ Նյոշատելի համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո ակտիվ կյանքի նկատմամբ ձգտումը նրան դրդում է հետևել լրագրողական դասընթացներին և համագործակցել տարբեր թերթերի հետ։ 1973 թվականին նա դառնում է Նյոշատելի Մեծ Խորհրդի պատգամավոր սոցիալիստական կուսակցության կողմից՝ այդ պաշտոնում մնալով ինը տարի։

Գրոբետին իր առաջին վեպը հրատարակել է 19 տարեկան հասակում։ Նրա «Փետրվարին մեռնելու համար» վեպը 1968 թվականին պարգևատրվել է Ժորժ Նիկոլի մրցանակով։ Այնուհետև շատ արագ նա ճանաչում է գտել ողջ ռոմանական Շվեյցարիայում՝ որպես իր սերնդի լավագույն հեղինակներից մեկը և ստացել Ռամբերի անվան մրցանակ «Ձմեռային հարսնացուն» նովելների ժողովածուի համար։ Նրա հետագա հրապարակումներից են. «Դրական զրո» (1975), «Հեքիաթ-կաթիլներ» (1986), «Անսահմանորեն ավելի» (1989), «Գեղեցիկ կինը, որ կծում է» (1992), «Կոմպոստ բլյուզ» (2000):

1998-2000 թվականներին նա մասնակցել է նաև որոշ համատեղ ժողովածուների հրատարակությանը, իսկ 2000 թվականին ստացել է Ռամյուի անվան Մեծ մրցանակ՝ իր ողջ ստեղծագործական ճանապարհի համար։ Անն-Լիզ Գրոբետին առանց դժվարության համատեղել է գրական, լրագրողական և քաղաքական գործունեությունը մայրական պարտականությունների հետ. ունի երեք դուստր։

Անն-Լիզ Գրոբետին իր վեպերում արտացոլում է ֆեմինիստական շարժման առաջին մեծ ձեռքբերումները՝ նկարագրելով ժամանակակից կնոջ կյանքը՝ իր երջանկությամբ ու դժբախտությամբ։ Նրա նկարագրած աշխարհը հեռու է հովվերգական լինելուց։ «Մայրական» վեպում նա արծարծում է մայրական բնազդի խնդիրը, իսկ «Բնուատ»-ում՝ նրանց ճակատագիրը, որոնք ազատ են, բայց որոնք սերը ճանաչելու են միայն ուրիշներին հասցեագրված նամակներից։ Նովելի ժանրը հեղինակին թույլ է տալիս ներկայացնել կյանքը բազմազան տեսանկյուններից։

Այս ժողովածուում տեղ գտած «Ձմեռային հարսնացուն» նովելն իր մեջ խտացնում է հեղինակի ստեղծագործության լավագույն կողմերը. մարմնի և զգայարանների պոեզիան, փոխաբերական էրոտիզմը, որը փառաբանում է բնությունը նույնքան, որքան ցանկությունը, տարվա եղանակները նույնքան, որքան մարմինները՝ ընդհուպ մինչև այն մարդու հաճույքները, ով կարող է թվալ ամենատհաճն ու ամենանվազ մարմնականը։ Բուսականության, երկնքի, բնության բույրերի, սառցաշերտի տակ ջրի մեղմ կարկաչի ներկայությունը մեծ դեր են խաղում այստեղ, նրանք լցնում ու լուսավորում են ձմեռային հարսնացուի մենությունը և փրկում են նրան ընդամենը «սիրո պահեստախցիկում թողնված կին» լինելուց[4]։

Անն-Լիզ Գրոբետին հայերեն խմբագրել

  • Ձմեռային հարսնացուն։ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 156-162։ Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://www.fonoteca.ch/agent/70279.011
  2. 2,0 2,1 2,2 https://literapedia-bern.ch/Grob%C3%A9ty,_Anne-Lise
  3. 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
  4. Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 154-155։