Անձնական խնայողություն, որոշակի ժամանակահատվածում ստացված անձնական (ընտանեկան) եկամտի մի մասը, որը չի ծախսվել ընթացիկ սպառման վրա, այլ պահվել և ներդրվել է ապագայում օգտագործելու համար։

Խնայատուփ

Խնայողություններն անձնական (ընտանեկան) բյուջեի կարևոր բաժիններից են։ Ընտանեկան բյուջեի ծախսման սկզբունքներն ու կանոնները քննության են ենթարկվում անձնական ֆինանսներին նվիրված գրականության մեջ։

Խնայողության շարժառիթներ խմբագրել

Ստացված եկամուտների մի մասի խնայողությունը կապված է հետևյալ շարժառիթների հետ.

  • ժամանակավոր եկամուտների խնայողություն,
  • դժբախտ օրերի և ծերության համար խնայողություն,
  • երկարաժամկետ օգտագործման ապրանքների ձեռքբերում,
  • խնայողությունների փոխանցում երեխաներին։

Խնայողությունների նպատակահարմարությունը բխում է կյանքի ցիկլի և անընդհատական եկամտի վարկածներից։ Կյանքի ցիկլի վարկածի համաձայն՝ ռացիոնալ սպառողը ձգտում է աշխատունակության ամբողջ ժամանակահատվածում խնայել, որպեսզի կարողանա սպառել թոշակի անցնելուց հետո։ Անընդհատական եկամտի վարկածն այն մասին է, որ ռացիոնալ սպառողը ձգտում է պահպանել սպառման մշտական մակարդակը՝ խուսափելով ուժեղ տատանումներից։ Դա անելու համար սպառողը պետք է խնայի եկամտի որոշակի մասը, որպեսզի հնարավորություն ունենա պահպանել սպառումը եկամուտների ժամանակավոր պակասեցման դեպքում։ Ժամանակավոր եկամուտները պետք է լավագույն կերպով խնայել, այլ ոչ թե ծախսել սպառման համար, քանի որ ապագայում հնարավոր չէ դրանց վրա հույս դնել։ Ժամանակավոր լրացուցիչ եկամուտները կարող են ծախսվել նաև վարկերի մարման համար, քանի որ պարտքի ցածր բեռը նվազեցնում է նաև եկամտի կորստի, հիվանդության, կենսաթոշակի անցնելու և այլ հանգամանքների հետ կապված անբարենպաստ հետևանքները։

Խնայողության գործոններ խմբագրել

Անձնական խնայողության գործոններն են.

  1. Եկամտի չափը, ցածր եկամուտների դեպքում խնայողություններ կատարելը դժվար է։ Սակայն անձնական ֆինանսների մասնագետները կարծում են, որ պետք է ձգտել խնայողությունների և կանխել պարտքերի կուտակումը (վարկավորումը)[1]։
  2. Կուտակված հարստության չափը, բավարար չափով ունեցվածքի կամ ֆինանսական եկամուտների դեպքում մարդիկ կարող են դադարել մտածել այն մասին, թե ինչպես պետք է խնայել, կամ պահպանել պարտքի ցածր մակարդակը։ Նրանց համար կարող է տպավորություն ստեղծվել, որ կուտակված եկամուտների չափը բավարար է, որպեսզի հնարավոր լինի իրենց թույլ տալ սպառման բարձր չափանիշներ։

Խնայողության մեծություն խմբագրել

Խնայողությունների մեծությունը (չափը) կախված է անհատական նախասիրություններից, եկամտի մակարդակից, աշխատունակության ժամանակահատվածի տևողությունից, ֆինանսական ծառայությունների հասանելիությունից ու որակից և այլ գործոններից։ Քեյնսը կարծում էր, որ խնայողությունների նորմը մշտական է և որոշվում է հիմնական հոգեբանական օրենքով․ խնայողություններն ավելանում են եկամուտների աճին զուգընթաց, բայց ավելի փոքր չափով։ Ժամանակակից տնտեսագիտությունում խնայողությունները նկարագրվում են միջժամանակային ընտրության տարբեր մոդելներով, որոնցում խնայողությունների նորմը կարող է տարբերվել արտաքին հանգամանքներից (եկամուտ, տոկոսադրույքներ և այլ գործոններ)։

Անձնական ֆինանսներին նվիրված գործնական գրականության մեջ անձնական խնայողությունների ձևավորման տարբեր մոտեցումներ կան։

  1. Նախ վճարիր ինքդ քեզ, ֆինանսական սկզբունք, որն առաջին անգամ հայտնի է դարձրել ամերիկացի գրող Նապոլեոն Հիլն իր «Մտածիր և հարստացիր» գրքում։ Սկզբունքի համաձայն՝ անձնական եկամուտներն առաջին հերթին պետք է խնայվեն ապագայի համար, այսինքն՝ վճարիր ինքդ քեզ[2]։
  2. «50-20-30» մեթոդ, ֆինանսական սկզբունք, ըստ որի՝ եկամտի 50 %-ը պետք է ծախսել առօրյա կարիքների համար (բնակարանային, տրանսպորտի, ապրանքների և այլն), 20 %-ը պետք է պահել, 30 %-ը կարելի է ծախսել ժամանցի վրա։
  3. Չորս ծրարների մեթոդ[3]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alexa von Tobel Financially Fearless: The LearnVest Program for Taking Control of Your Money. — М.: Crown Business Publications, 2013. — 336 с. — ISBN 978-0-385-34761-7
  2. Хилл Н. Думай и богатей. — М.: Попурри, 2019. — 320 с. — ISBN 978-985-15-3550-3
  3. «Ինչպե՞ս օգտագործել թիրախային ծրարներում մնացած գումարը։ Ինչպես արագ գումար խնայել։ Ամենահեշտ և զվարճալի ձևը չորս ծրարների կանոնն է։ Ինչպես հաջողությամբ գումար խնայել չորս ծրարներով». americangeek.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Alexa von Tobel Financially Fearless: The LearnVest Program for Taking Control of Your Money. — М.: Crown Business Publications, 2013. — 336 с. — ISBN 978-0-385-34761-7
  • Хилл Н. Думай и богатей. — М.: Попурри, 2019. — 320 с. — ISBN 978-985-15-3550-3