Անդրկովկասյան կապտաթիթեռ

Անդրկովկասյան կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Անդրկովկասյան կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Plebejus transcaucasicus


Անդրկովկասյան կապտաթիթեռ (լատին․՝ Plebejus transcaucasicus), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ոչ խոշոր չափի թիթեռ է (արուների առաջնաթևի երկարությունը 12-15 մմ է), որի թևերի ընդհանուր երանգը մանուշակագույն է՝ մետաղական փայլով, իսկ ստորին թևերի վրա՝ եզրային սև գույնի պտերի շարքով, անալ մասի երիզը կարմիր գույնի է։ Էգը մուգ գույնի է, միայն բազալային մասում է կապույտ, թևերի ստորին մակերեսի երանգը մոխրագույն է՝ թեթևակի կանաչավուն բազալային փոշեծածկով։ Ցեղին բնորոշ են դիսկալային պուտը և դիսկալային ու սուբմարգինալ պտերը[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Անդրկովկաս, Հյուսիսարևելյան Թուրքիա, Հյուսիսարևմտյան Իրան։ Հայաստանում հայտնի է Կոտայքի (Հացավան, Ջրվեժ), Արարատի (Գոռավանի ավազուտներ՝ Վեդի քաղաքի մոտ) և Սյունիքի (Ագարակ քաղաքի շրջակայք, Շվանիձոր գյուղ) մարզերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են կավային և ավազոտ անապատներում, տարվա ընթացքում տալիս են մի քանի սերունդ։ Էգը ձվադրում է կերաբույսի՝ Alhagi persarum-ի տերևների (ամառային սերունդ) և ցողունի մերձարմատային մասի վրա (գարնանային սերունդ)[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը չխախտված բիոտոպերում բավականաչափ բարձր է, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներն են անասունների չկարգավորված արածեցմամբ պայմանավորված վտանգված չոր էկոհամակարգերի դեգրադացումը, հողերի գյուղատնտեսական յուրացումը և լեռնագործությունը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.