Անգլո-հայկական միություններ

Անգլո-հայկական միություններ, 19-րդ դարի 90-ական թվականներին հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ստեղծված անգլիական հասարակական-քաղաքական կազմակերպություններ։ Դրանց մեջ ընդգրկված էին բրիտանական կառավարության ու պառլամենտի անդամներ, հասարակական ու կրոնական գործիչներ։ Անգլո-հայկական միությունը հիմնել է Ջ. Բրայսը, 1893 թվականին։ Նրա նախագահն էր անգլիական պառլամենտի անդամ Ֆ. Սթիվենսոնը, պատվավոր քարտուղարը՝ կառավարության գանձապետ Է. Էթկինը։ Միությունը գտնվում էր լիբերալ կուսակցության ազդեցության տակ։

Մյուս կազմակերպությունը՝ «Գրովենոր տան միությունը» («Գրովենոր Հաուզ»), ստեղծվել էր լորդ Ռ. Սոլսբերիի պահպանողական կառավարության աջակցությամբ։ Նրա նախագահը Վեստմինստերի դուքսն էր, իսկ ակտիվ անդամներից մեկը՝ Մ. Մաքկոլը։

Անգլո-հայկական միությունները զգալի աշխատանք էին տանում արևմտահայությանը նյութական օգնություն կազմակերպելու գործում, մամուլում լուսաբանում էին Օսմանյան կայսրությունում հայերի ծանր վիճակը, Հայկական հարցի լուծման հնարավոր ուղիները և այդ իմաստով ճնշում գործադրում բրիտանական կառավարության վրա՝ այդ քաղաքականությունը արդյունավետ դարձնելու համար։

Գրականություն խմբագրել

  • Киракосян А Дж., Великобритания и Армянский вопрос 90-е годы XIX века, Я, 1990, с. 160-165;
  • Nassibian A., Britain and the Armenian Question 1915-1923, L N Y, No 7, 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։