Անգլիական պալատ (ռուս.՝ Английский дворец, երբեմն նաև՝ Նոր Պետերհոֆյան պալատ, ռուս.՝ Новый Петергофский дворец), պալատ Պետերհոֆի հարավում, Անգլիական այգում, կառուցված Եկատերինա II-ի պատվերով, ճարտարապետ Ջակոմո Կվարենգիի նախագծով 1781-1789 թվականներին[1]։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ ոչնչացվել է 291-րդ գերմանական հետևակային դիվիզիայի հրետանային գնդակոծության հետևանքով[2]։


Քարտեզ
Քարտեզ
Անգլիական պալատ, Կարլ Շուլց, լիտոգրաֆիա, 19-րդ դար

Պետերհոֆի նոր պալատը, որը հետագայում կոչվեց Անգլիական, Կվարենգիի առաջին պալատն է Ռուսաստանում։ Ինչպես նրա հետագա կառույցները, այն իրենից ներկայացնում էր մի հոյակապ եռահարկ շինություն բազմասյուն վերնաճակատով։ Դեպի երկրորդ հարկ տանող գրանիտե աստիճաններով գլխավոր մուտքն աչքի էր ընկնում ութասյուն սյունասրահով և կորնթոսյան օրդերի եռանկյուն վերնաճակատով։ Արևմտյան ճակատում կար սյունազարդ լոջիա վեց սյուներով։ Ցոկոլային ներքնահարկը երեսապատված էր գրանիտով։ Ներսակողմի ճարտարապետական լուծմանը և հարդարանքին լակոնիկ դեր էր հատկացվել, մեծ նշանակություն էր տրվել պատերի և առաստաղի գեղազարդման աշխատանքներին։ Շինարարությունը տևեց 15 տարի և ավարտվեց 1796 թվականին։

Շինարարության պատվիրատուն կայսրուհի Եկատերինա II-ը նախատեսել էր Անգլիական լճակի ափին առանձնանալ պալատական կյանքի ունայնությունից։ Պավել I-ի օրոք պալատին վրա հասավ մյուս նորակառույց պալատական նստավայրերի ճակատագիրը, հետագայում այն վերածվեց զորանոցի։ Հետագայում Ալեքսանդր I-ի գահակալության (1802-1805) օրոք, Կվարնեգիի անմիջական հսկողության ներքո պալատը հիմնովին վերանորոգվեց ավարտվեց ներսակողմի կահավորումը կլասիցիզմի ոճով։

Մինչև փետրվարյան հեղափոխությունը լճակի ափին գտնվող շենքը ծառայում էր որպես արտասահմանյան դիվանագետների և մյուս հյուրերի ընդունելության վայր, որոնք ամառային ընդունելությունների ժամանակ այցելում էին Հին Կայսերական պալատ։ Ժամանակ առ ժամանակ այստեղ կազմակերպվում էին հասարակական միջոցառումներ (մասնավորապես, Անտոն Ռուբինշտեյնի համերգը 1885 թվականի հուլիսի 14-ին), ցուցադրվում էին նկարներ։

Հեղափոխությունից հետո գործում էր որպես առողջարան։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1942 թվականին պալատն ավերվեց, պատերազմից հետո որոշվեց այն չվերականգնել։ Պալատի ավերակների վրա հուշաքար է տեղադրվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Английский дворец». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  2. «Петергоф. Английский парк. Английский дворец | Санкт-Петербург Центр». peterburg.center (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.