Ամրություն
Ամրություն՝ պինդ նյութերի՝ տարբեր ուժերի ներգործությունից չքայքայվելու հատկություն։ Հաճախ ամրություն է համարվում նաև նյութերի՝ բեռնվածքների ազդեցությանը դիմադրելու հատկությունը (առանց զգալի մնացորդային դեֆորմացիաների առաջացման)։

Պինդ մարմինների ամրություն Խմբագրել
Պինդ մարմինների ամրությամբ պայմանավորված է նյութը կազմող ատոմների (մոլեկուլների, իոնների) փոխազդեցությամբ։ Այդ պատճառով ամրությունը որոշվում է նյութի կառուցվածքով (բազմաբյուրեղ նյութերի համար՝ ատոմների քիմիական կապի ուժի բնույթով, բյուրեղային ցանցի տիպով, բյուրեղների չափերով, փոխդասավորությամբ ու փոխադարձ կապերով, իսկ ամորֆ նյութերի համար՝ ատոմների ու մոլեկուլների փոխդասավորությամբ և փոխազդեցության բնույթով)։
Հատկություններ Խմբագրել
Ամրությունը կախված է նաև.
- ջերմաստիճանից,
- բեռնավորման արագությունից,
- բեռնավորումը և բեռնաթափումը կրկնելու հաճախականությունից և տևողությունից,
- լարված վիճակի բնույթից,
- շրջապատող միջավայրի ազդեցությունից և այլն։
Ամրության քանակական բնութագրեր Խմբագրել
Ամրության քանակական բնութագրերը մեխանիկական այն լարումներն են, որոնց ազդեցությունից սկսում է նյութի քայքայումը կամ երևան են գալիս նկատելի մնացորդային դեֆորմացիաներ, այսինքն՝ ամրությունը քանակապես բնութագրվում է ամրության սահմանով (քայքայմանը նախորդող առավելագույն լարման հարաբերությունը նմուշի սկզբնական կտրվածքին), հոսունության սահմանով, հոգնածության սահմանով, սողքի սահմանով։ Քանի որ ամրությունը կախված է բեռնավորման տևողությունից, այս սահմանները տվյալ պինդ նյութի համար հաստատուն չեն։ Լարումների մեծացմանը զուգընթաց արագանում է նյութի քայքայումը։
Տեսական արժեքի հաշվարկ Խմբագրել
Պինդ մարմինների ամրության տեսական արժեքի հաշվարկը հիմնված է միջատոմային բոլոր կապերի միաժամանակյա խզման վրա և զգալիորեն տարբերվում է ամրության իրական արժեքից։ Պինդ մարմինների ամրության տեսական արժեքը 1/10 E կարգի մեծություն է (E Յունգի մոդուլն է)։ Օրինակ պողպատի ամրությունը 350 կգ/մմ2 է կամ 1/60 E, երկաթի շատ բարակ թելերի ամրությունը մինչև 1000 կգ/մմ2 կարգի մեծություն է կամ 1/20 E։
Տեսական և տեխնիկական արժեքների տարբերություն Խմբագրել
Ամրության տեսական և տեխնիկական արժեքների տարբերությունը կախված է նյութում եղած արատների քանակից, բաշխումից, մակերևույթի վիճակից, դիսլոկացիաներից ևն։ Կիրառական մեխանիկայի կարևոր հարցերից է պինդ նյութերի ամրությունը մեծացնելու խնդիրը։ Տեխնիկական նյութերի, հատկապես պողպատի, ամրությունը զգալիորեն մեծացվում է ջերմային, ջերմամեխանիկական մշակմամբ, լեգիրմամբ, ամրանավորմամբ և այլն։ Պոլիմերային նյութերի ամրությունը մեծացվում է միջմոլեկուլսւյին ուժեղ փոխազդեցության և որոշակի բյուրեղացման (կապրոն և այլն) աստիճան ունեցող նոր նյութերի սինթեզմամբ, ինչպես նաև ամրանավորող նյութերի ներմուծմամբ։
Տես նաև Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- An introduction to materials hardness Archived 2007-07-07 at the Wayback Machine.
- Guidelines to hardness testing Archived 2012-11-28 at the Wayback Machine.
- Testing the Hardness of Metals Archived 2012-07-17 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 334)։ |