Հոսունություն
Հոսունություն, լարումների ազդեցությամբ մարմինների պլաստիկ կամ մածուցիկ դեֆորմացման հատկություն։ Բնորոշվում է մածուցիկությանը հակադարձ մեծությամբ։ Մածուցիկ մարմինների (հեղուկների, գազերի) հոսունությունը ի հայտ է գալիս ցանկացած լարումների, իսկ պլաստիկ պինդ մարմիններինը՝ միայն հոսունության սահմանը գերազանցող բարձր լարումների դեպքում։ Հոսունության երևույթները հանդիպում են ինչպես Երկրի վրա, այնպես էլ Տիեզերքում։ Երկրի վրա հոսունություն դրսևորվում է մայր ցամաքների, մթնոլորտի, ջրոլորտի շարժումներում, լեռնազանգվածների տեկտոնական շարժումներում։ Տեխնիկայում հոսունության երևույթներ հանդիպում են, օրինակ, խողովակներով և արտադրական տարբեր ապարատներով հեղուկների և գազերի շարժումների դեպքում։ Պլաստիկ հոսք և սողք տեղի են ունենում մեծ բեռնվածքների տակ աշխատող կոնստրուկցիաների տարբեր տարրերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 549)։ |