Ամառային բախտակ
Ամառային բախտակ
Ամառային բախտակի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ոսկրային ձկներ
Ենթադաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Սաղմոնանմաններ
Ընտանիք Սաղմոններ
Ցեղ Սաղմոն
Տեսակ Սևանի իշխան
Ենթատեսակ Ամառային բախտակ
Լատիներեն անվանում
Salmo ischchan aestivalis
Kessler
Հայերեն տարանուններ

Ամառային իշխան


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ամառային բախտակ կամ ամառային իշխան (լատին․՝ Salmo ischchan aestivalis), սաղմոնների ընտանիքի ձուկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Սևանի իշխանի 4 ենթատեսակներից մեկն է և տարածված է միայն Սևանա լճում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 30-40 (երբեմն մինչև 60) սմ։ Ճարպային լողակը գտնվում է մեջքային և պոչային լողակների միջև։ Վերին ծնոտը երկար է ստորինից, բայց ավելի կարճ, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Մեջքային լողակի և հետնալողակի հիմքերն ավելի երկար են, քան իշխանի մյուս ենթատեսակներինը։ Ատամներն ավելի թույլ են զարգացած։ Թեփուկները մանր են, կողագծում՝ 105-117, առավել հաճախ՝ 111-112 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 12-ն են, հետնալողակում՝ 11-12։ Խռիկային առաջին աղեղի վրա գտնվում են 16-21 երկար ու սրածայր առէջներ։

Բազմացում և զարգացում խմբագրել

Բազմացման շրջանում մարմնի ընդհանուր գունավորման մեջ գերակշռում են դարչնաձիթապտղագույն նրբերանգները։ Խոշոր առանձնյակների առէջները երբեմն գուրզաձև են։ Ի տարբերություն մյուս ենթատեսակների՝ ստերջ վիճակում միայն կողագծերի երկարությամբ են ավելի հաճախ հանդիպում կարմիր պտեր։

Էգերը սեռահասուն են դառնում կյանքի չորրրդ, իսկ արուները՝ երրորդ տարում, երբեմն ավելի ուշ։ Բազմացման ընթացքում արուների մարմնի ու ծնոտների ձևը համեմատաբար քիչ փոփոխություններ է կրում։

Բազմանում է մայիս-հուլիսին լճի մեջ թափվող գետերի (Մասրիկ, Մաքենիս, Ծակքար, Բախտակ) գետաբերաներում ու դրանց հարակից շրջաններում։ Բազմացումը սկսվում է ջրի 7-8 աստիճան և ավարտվում է 12-13 աստիճան ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 7,1 հազար ձկնկիթի, որի զարգացումը տևում է 45-55 օր։ Մանրաձկները գետում բնակվում են մինչև դեկտեմբեր։

Սննդառություն խմբագրել

Սնվում է ջրային իշուկներով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն կենդանական պլանկտոնով ու ջուրն ընկած միջատներով։

Պահպանություն խմբագրել

Մինչև 20-րդ դարի 70-ական թվականները ամառային բախտակն ունեցել է արդյունաբերական նշանակություն։ Նրա պաշարները լրացվել են լճափերին գտնվող ձկնաբուծարաններում աճեցված թրթուրների և մանրաձկների պարբերաբար բացթողմամբ։

Բնական միջավայրում գտնվում է ոչնչացման վտանգի տակ։ Ներկայումս Արարատյան դաշտի և Վայոց ձորի մարզի առանձին ձկնատնտեսություններում փորձեր են կատարվում ամառային բախտակի արհեստական պայմաններում բազմացնելու և աճեցնելու ուղղությամբ։

Սևանի իշխանի անհետացող, տեղային տարածվածություն ունեցող էնդեմիկ ենթատեսակ է, որը գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ[1]։

Սպառնացող վտանգներից է ձվադրման գետերի ծանծաղացումը, ջրի օգտագործումը և աղտոտումը, լճային ձվադրավայրերի չորացումն ու որսագողությունը[1]։

Մշակված են արհեստական բազմացման մեթոդները։ Ապրանքային ձկնաբուծության օբյեկտ է, տարեկան աճեցվում է մինչև 10 տոննա ամառային բախտակ։ 1978 թվականից որսն արգելված է։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։