Ածանցում, բառակազմության եղանակ, երբ հիմնական ձևույթին, արմատին կամ բառին բառակազմական երկրորդական ձևույթ՝ ածանց, ավելացնելով՝ կազմվում է բառ (նոր բառ)։ Նախածանց ավելացնելու դեպքում այն կոչվում է նախածանցում (օրինակ՝ ան+վախ - անվախ), վերջածանցի դեպքում՝ վերջածանցում (օրինակ՝ համառ + ություն - համառություն), իսկ երբ ածանցը ներմուծվում է արմատի մեջ՝ միջածանցում (օրինակ՝ պ+լ+ոկել - պլոկել

Ածանցը, կցվելով բառարմատին կամ հիմքին, փոխում է նրա իմաստը, կազմում է նոր բառ, նոր իմաստով. ածանցման շնորհիվ լեզվում եղած բառերից ստեղծվում են նորանոր բառեր, որոնք հարստացնում են լեզվի բառային կազմը։

Բառի՝ մինչև ածանցն ընկած մասը (վերջածանցման դեպքում) կամ ածանցից հետո ընկած մասը (նախածանցման դեպքում) կոչվում է ածանցող կամ սերող հիմք։ Վերջինս կարող է լինել՝

  • պարզ, երբ ներկայանում է մեկ հիմնական ձևույթով (օրինակ՝ խնձոր-ենի, ան-կարգ, սիր-ելի և այլն),
  • բաղադրյալ, երբ իր կազմում ունի մեկից ավելի ձևույթներ, ընդ որում՝ բաղադրյալը կարող է լինել՝
    • ածանցավոր (օրինակ՝ սկզբունք-ային, լուսավոր-ություն, գլխավոր-ել),
    • բարդ (օրինակ` ան-կարգապահ, տպագր-ություն և այլն),
    • բարդածանցավոր (օրինակ` անկարգապահ-ություն, հայերենագիտ-ություն և այլն)։

Ածանցումը կարող է իրացվել մեկ ածանցով (մենածանցում) և մեկից ավելի ածանցներով (բազմածանցում), օրինակ` բան-ավոր, ամենա-համառ, աշխատ-անք-ային, գր-ական-ություն։ Երկրորդ դեպքում կարող է գոյանալ աստիճանակարգություն, համապատասխանաբար` մենածանց, երկածանց, եռածանց և այլ կարգերով, օրինակ` սկզբ+ունք - սկզբունք+ային - սկզբունքայն+ություն - ան+սկզբունքայնություն։ Առաջին աստիճանում ածանցող հիմքն է` սկզբ-, երկրորդում` սկզբունք-, երրորդում` սկզբունքայն-, չորրորդում` -սկզբունքայնություն։ Դրանք համապատասխանաբար կոչվում են առաջնային հիմք, երկրորդային, երրորդային և այլն։ Առաջնային հիմքը կոչվում է նաև նախատիպ հիմք (նախահիմք, բացարձակ հիմք)։ Նշված բոլոր հիմքերն իրենց հերթին ածանցման տվյալ աստիճանում ածանցող հիմքեր են։

Ածանցող հիմքը կարող է`

  • համընկնել արմատի, հիմնական ձևույթի հետ (արմատական հիմք), օրինակ` գիր-ք, հակա-գրոհ, սեր-ունդ և այլն,
  • սերել բառակապակցական բաղադրություններից, կայուն բառակապակցություններից, օրինակ` փոքրասիական, հարավարևելյան, միջինարևելյան և այլն,
  • ներկայանալ ձևաբանորեն կամ հնչյունաբանորեն վերակազմավորված և կամ հնչյունաբանորեն-հնչյունաբանորեն վերակազմավորված տարբերակներով, օրինակ` կին - կանացի, գարուն - գարնանային, յոթ - յոթանասուն, ասացող, գնացք և այլն։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ս. Գալստյան, Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Երևան, 1978։
  • Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։