Ալեքսանդր Պուշկինի տուն-թանգարան (Սանկտ Պետերբուրգ)
Ալեքսանդր Պուշկինի տուն-թանգարան (ռուս.՝ Музей-квартира А. С. Пушкина), բանաստեղծի կյանքի վերջին ամիսների նվիրված թանգարան։ Ընդգրկված է Պուշկինի համառուսաստանյան թանգարանային համալիրի կազմում։
Ալեքսանդր Պուշկինի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | Moyka embankment? (12) |
Հիմնադրվել է | 1927 |
Կայք | museumpushkin.ru/info/apartment-museum-pushkin.html |
Պատմություն
խմբագրելԴքսուհի Ա. Վոլկոնսակայայի՝ Մոյկա գետի ափին գտնվող տանը Պուշկինի ընտանիքը բնակարան էր վարձում 1936 թվականի սեպտեմբերի սկզբից։ Բանաստեղծի մահից հետո տունը բազմիցս վերանորոգվել է։ Բավականին փոփոխվել է նաև բնակարանի տեսքը։ 1924 թվականի աշնանը բնակարանն անցել է «Հին Պետերբուրգ» (ռուսերեն՝ «Старый Петербург») պուշկինյան հասարակական խմբակի հսկողության տակ, և սկսվել են վերականգնողական աշխատանքներ, որ շարունակվել են հաջորդ տարիներին։ 1925 թվականի փետրվարի 10-ին բանաստեղծի վերանորոգված աշխատասենյակում անցկացվել է ժողով՝ նվիրված Ա. Պուշկինի մահվան տարելիցին։ Մի քանի սենյակներում առաջին թանգարանը բացվել է 1927 թվականի փետրվարի 13-ին, որ հետագայում զգալիորեն վերակազմավորվել է գրողի մահվան 100-ամյա տարելիցի կապակցությամբ (10 փետրվարի, 1937 թվականին՝ նոր տոմարով)։
Ներկայումս թանգարանում պահվում են բազմաթիվ իրեր, որ տասնամյակներ անց կրկին զբաղեցնում են իրենց նախկին տեղը։ Բանաստեղծի գրասեղանն ու նրա սիրելի բազկաթոռը, ճանապարհորդական արկղիկը, ծխամորճը, թանաքամանն ու այլ իրեր, որ գտնվում են աշխատասենյակում, այսօր հիշեցնում են Ալեքսանդր Պուշկինի կյանքի մասին։ Բանաստեղծի կնոջ՝ Նատալյա Գոնչարովայի սենյակում կարելի է տեսնել վերջինիս դիմանկարը, որ ստեղծվել է 1832 թվականին նկարիչ Ալեքսանդր Բրյուլովի կողմից, ինչպես նաև նրա օծանելիքի սրվածը, մարջանե ապարանջանը, ասեղնագործված դրամապանակները և այլ իրեր։
Թանգարանում պահվում են նաև բանաստեղծի ու նրա ընտանիքի անդամների դիմանկարները։ Թանգարանում են գտնվում նաև մենամարտի ու Պուշկինի մահվան հետ կապված որոշ իրեր՝ ժիլետը, որ նա հագել էր մենամարտի ժամանակ, մազափունջը, որ հանգուցյալի մազերից կտրել էին Իվան Տուրգենևի խնդրանքով, Պուշկինի ետմահու դիմակը, որ պատրաստել է քանդակագործ Սամուիլ Գալբերգը, ինչպես նաև այն բազմոցը, որի վրա մահացել է բանաստեղծը 1837 թվականի հունվարի 29-ին։
Ներքևի հարկում, որտեղ նախկինում տեղավորված էին տնտեսական կառույցներ, ներկայումս գտնվում է ներածական ցուցադրությունը՝ նվիրված Ա. Պուշկինի կյանքի վերջին ամիսներին։ Երկու ոչ մեծ սրահներում ներկայացվում են պուշկինյան ժամանակներում ստեղծված նկարներ, վիմագրություններ, բանաստեղծի ընկերների դիմանկարները, Պուշկինի կնոջ հարսանեկան կոշիկները և երբևէ բանաստեղծի բնակարանի սենյակներից մեկում կախված վարագուրի մի հատված, որ թանգարանին է նվիրել կոլեկցիոներ Ս. Լիֆարը 1968 թվականին։
Այստեղ են ներկայացվում նաև բանաստեղծի վերջին մենամարտին վերաբերող իրերը՝ 1836 թվականի նոյեմբերի 4-ին Պուշկինի ստացած ծաղրական անանուն նամակի պատճենը, մենամարտի պայմանները՝ գրված Ալեքսանդր Պուշկինի ու բարոն Ժորժ Դանտեսի մարտավկաների՝ Կոնստանտին Դանզասի ու Օլիվյե դ'Արշիակի (Պուշկինին նվիրված գրականության մեջ ֆրանսերեն «О» սկզբնատառի սխալ վերծանման պատճառով սխալմամբ կոչվում է Օգյուստ դ’Արշիակ[1]) կողմից։
Պատկերասրահ
խմբագրել-
Պուշկինի ժամացույցը
-
Պուշկինի մահվան դիմակը և մազերի փունջը
-
Պուշկինի աշխատասենյակը
-
Բանաստեղծի օգտագործած սպասքը
-
Պուշկինյան ժամանակաշրջանի մենամարտի ատրճանակ
-
Մենամարտի ժամանակ Պուշկինի հագին եղած հագուստը
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պուշկինի համառուսաստանյան թանգարանի պաշտոնական կայքը
- «Музеи России» կայքը
- Հարցազրույց Ալեքսանդր Պուշկինի ու նրա թանգարանի մասին Գալինա Սեդավայի հետ («Новые Известия» լրագիր, 16 փետրվարի, 2011 թ.) Արխիվացված 2013-04-17 archive.today
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պուշկինի տուն-թանգարան (Սանկտ Պետերբուրգ)» հոդվածին։ |