Ալեքսանդր Մելիք-Փաշայանի դիմաքանդակ

Ալեքսանդր Մելիք-Փաշայանի դիմաքանդակ, հայ քանդակագործ Արա Սարգսյանի ստեղծած փայտաքանդակը։ Քանդակը պատկերում է հայազգի խորհրդային դիրիժոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Ալեքսանդր Մելիք-Փաշայանին։ 1940-1941 թվականներին տեղափոխվել է փայտի վրա[1]։

Ալեքսանդր Մելիք-Փաշայանի դիմաքանդակ
տեսակդիմաքանդակ
տարի1941
բարձրություն55 սանտիմետր
լայնություն50 սանտիմետր
խորություն30 սանտիմետր
նյութփայտ
գտնվելու վայրՀայաստան
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ

Նկարագրություն խմբագրել

Ալեքսանդր Մելիք-Փաշայանի դիմաքանդակը կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի դիմաքանդակի հետ կարևորագույն տեղ է զբաղեցում Արա Սարգսյանի ստեղծագործության մեջ[1][2]։

Ի տարբերություն վիեննական շրջանի երաժիշտների, որոնց մեջ Արա Սարգսյանը փնտրում էր խաղաղություն և ռոմանտիզմ՝ այս քանդակում քանդակագործի համար առաջնային էր Մելիք-Փաշայանի նվագավարական թռիչքը։ Դա արտահայտելու նպատակով դիրիժորի գլուխն ու պարանոցը վեր են խոյանում պատվանդանից՝ կարծես ձգտելով պոկվել սեփական մարմնից։ Քթից դեպի աչքերը տանող կտրուկ անցումը մեղմացնելու և երաժշտականության տպավորությունն ուժեղացնելու նպատակով քանդակագործն օգտագործել է ակնոց, որի շրջանակը թանձրացնում է դիրիժորի ակնախոռոչների ստվերները։ Դիմաքանդակը լի է շարժմամբ, հարուստ ներքին կյանքով[3]։

Դուրի՝ առաջին հայացքից անփույթ թվացող, բայց իրականում հատուկ ընտրված հետքերը քանդակի մակերևույթի վրա ստեղծում են լույսի ու ստվերի յուրահատուկ խաղ՝ կերպարին հաղորդելով անհանգստություն։

Քանդակագործը չի սահմանափակվել ստեղծագործության երաժշտականությամբ։ Միաժամանակ ներկայացրել է նաև Մելիք-Փաշայանի անհատականությունը՝ ստեղծելով ռեալիստական աշխատանք և պահպանելով քանդակի նյութականությունը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան, Վահան (1975). Արա Սարգսյան. Երևան: Հայաստան. էջեր 62–63.
  2. «Aleksandr Melik Pashayan». Ara Sargsyan & Hakob Kojoyan Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  3. Սարգսյան Աննա, Հակոբյան Ալբերտ (2017). Բոսֆորի ափից մինչև անմահություն. Երևան: ՎարդՀրատ. էջ 27.

Արտաքին հղումներ խմբագրել