Ալեքսանդրա թագուհու թագ

Ալեքսանդրա թագուհու թագ (անգլ.՝ Crown of Queen Alexandra), Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VII-ի կնոջ՝ ուղեկցող թագուհի Ալեքսանդրա Դանիացու թագը, որը պատրաստվել է 1902 թվականի թագադրման համար։

Ալեքսանդրա թագուհին թագով։ Թագը եվրոպական ոճով է, ունի ավելի շատ կիսակամարներ, քան ունենում են բրիտանական թագերը։

Պատմություն խմբագրել

Սկսած Մարիա Մոդենացուց (թագադրվել է 1685 թվականին)՝ Մեծ Բրիտանիայի ուղեկից թագուհիները կրել են Մարիա Մոդենացու թագը։ Սակայն այդ ավանդույթը փոփոխվել է 1831 թվականին, երբ ուղեկցող թագուհի Վիլհելմ IV-ի և նրա կնոջ՝ ուղեկից թագուհի Ադելաիդա Սաքսեն Մեյնինգենցու թագադրման պատրաստության ժամանակ Մարիա Մոդենացու թագը «Նորին Մեծության օգտագործման համար համարվել է ոչ պիտանի»[1]՝ նկատի ունենալով մաշվածությունը և չափսերը։ Պատրաստվել է նոր թագ։

Երբ Վիլհելմ IV-ի մահից հետո գահ է բարձրացել Վիկտորյա թագուհին (թագադրությունը տեղի է ունեցել 1838 թվականին), նրա ամուսինը՝ ուղեկից արքայազմ Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացին, չի թագադրվել և Վիկտորյայի կառավարման 64 տարիների ընթացքում ուղեկցի թագը չի կիրառվել։ 1901 թվականին Վիկտորյա թագուհու մահից հետո գահին է բազմել Էդուարդ VII-ը, և նրա կին Ալեքսանդրային որոշվել է թագադրել որպես ուղեկից թագուհի, սակայն դրա համար չօգտագործել Ադելաիդայի թագը, այլ պատրաստել նորը։ Ամուսինները թագադրվել են 1902 թվականի օգոստոսի 9-ին Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում։ Հայտնի Կոհինուր ադամանդով զարդարված նոր թագը Ալեքսանդրայի գլխին դրել է Յորքի արքեպիսկոպոս Ուիլյամ Մաքլագանը[2]։

Նկարագրություն խմբագրել

Ալեքսանդրա թագուհու թագը պատրաստվել է բրիտանական արքայական թագերին բնորոշ ոճից տարբեր, ավելի մոտ մայրցամաքային թագավորական թագերի ոճին։ Ալեքսանդրայի թագը բարձրությամբ ավելի ցածր է, քան բրիտանական ավանդական թագերը և, ինչը բացարձակապես բնութագրական չէ նրանց, պարունակում է ութ կիսակամար։ Դիմացի կիսակամարը միացած է թանկարժեք քարերով պատված խաչով, որի վրա դրված էր հայտնի Կոհինուր ադամանդը։ Ինչպես հետագայում պատրաստված Մարիա թագուհու և Եղիսաբեթ թագուհու թագերինը, կիսակամարները հանովի են, ինչը թույլ է տալիս թագը կրել որպես գոհարակուռ վարսակալ (բաց թագի ձևով)։

Ալեքսանդրա թագուհու թագը հետագայում այլ ուղեկից թագուհիներ չեն կրել, 1911 թվականին Մարիա Թեքցի թագուհու և 1937 թվականին Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի համար պատրաստվել են նոր թագեր։ Ալեքսանդրայի թագի հիմնական թանկարժեք քարերը փոխարինվել են արհեստականներով, իսկ Կոհինուր ադամանդը 1911 թվականին փոխադրվել է Մարիա թագուհու թագ, 1937 թվականին՝ Եղիսաբեթ թագուհու թագ, որտեղ էլ գտնվում է ներկայումս[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anne Keay, The Crown Jewels (Historic Royal Palaces, 2002) p. 58
  2. Battiscombe, 1969, էջ 249
  3. The Koh-i-noor Diamond

Գրականություն խմբագրել

  • Battiscombe, Georgina. Queen Alexandra :

[անգլ.]. — London : Constable, 1969. — ISBN 0-09-456560-0.