Ալավերդու պղնձի հանքավայր
Ալավերդու պղնձի հանքավայր, հանքավայր Հայաստանի Լոռու մարզում, Ալավերդի քաղաքից 3 կմ հյուսիս։ Միջին և ցածր ջերմաստիճանների, փոքր խորության ջրաջերմային հանքավայր է։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են 1300-1400 մ հաստության յուրայի հրաբխանստվածքային ապարներ, տուֆեր և դրանց մեջ ներդրված տարբեր կազմերի դայքեր։ Հանքավայրը հարում է Ալավերդու կամարածալքի հյուսիս-արևմուտքով անցնող տեկտոնական բեկվածքին։
Նկարագրություն
խմբագրելՀանքանյութի տեղայնացման համար կարևոր նշանակություն են ունեցել տարբեր ուղղությունների խզումնային խախտումները, ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները և քիմիական կազմը։ Հանքավայրում հայտնաբերվել ու շահագործվել են 40-ից ավելի հանքամարմիններ՝ շտոկներ, ոսպնյակներ, երակներ, երակիկացանավոր հանքագոտիներ և այլն։ Հանքանյութը կազմված է հիմնականում պիրիտ, խալկոպիրիտ, սֆալերիտ, գալենիտ միներալներից։ Խառնուրդների ձևով հանդիպում են նաև ոսկի, արծաթ, սելեն, թելուր, բիսմութ, կադմիում։ Հանքանյութում պղնձի պարունակությունը 0, 7-3% է։ Առանձնացվում են պիրիտային, պիրիտ-խալկոպիրիտային, գալենիտ-սֆալերիտ-պիրիտային, բարիտ-գիպսային հանքատեսակները։
1886 թվականին ֆրանսիացի երկրաբան Ժ․ Մորգանը հանքախորշերի մոտ հայտնաբերել է պղնձադրամներ, որոնք վկայում են դեռևս մ․թ․ա․ 9-8-րդ դարերում հանքավայրի հայտնի լինելու և մասամբ շահագործվելու մասին։ Հայտնաբերվել են նաև բրոնզեդարյան կացնի կաղապարներ։
Հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, ապարագիտական ու քիմիական կազմերի, տեկտոնիկայի, հանքամարմինների ձևերի ու չափերի, ծագման ու հասակի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվել են երկրաբաններ Վ․ Գրուշևոյը, Կ․ Պաֆենհոլցը, Օ․ Ստեփանյանը, Հ․ Մաղաքյանը, Ս․ Մկրտչյանը և ուրիշներ։
Շահագործում
խմբագրելԱլավերդու պղնձի հանքավայրը եղել է Հայաստանի պղնձի արդյունահանման հիմնական տեղամասը, որտեղից կորզվել են նաև կապար, ցինկ, արծաթ, ոսկի և այլն։ 1955 թվականին հանքադաշտի հարավ-արևմուտքում հայտնաբերվել են արդյունաբերական նշանակության զգալի պաշարներ։ 18-րդ դարում պղինձը պարզունակ եղանակով ձուլել են տեղում, այնուհետև ընդհատումներով հանքանյութն արդյունահանել են ռուս, իսկ 19-րդ դարի 1880-ական թթ-ից՝ ֆրանսիացի ձեռնարկատերերը, 19-20-րդ դարերի սահմանագլխին Ալավերդիում ֆրանսիացիները կառուցել են «Մանես» պղնձաձուլվածքային գործարանը, որը խորհրդային իշխանության տարիներին կատարելագործվել, ընդարձակվել և գործել է մինչև 1989 թվականը։ 1997 թվականից վերագործարկվել է «Մանես և Վալլեքս» (2001 թվականից՝ «Արմինիըն Քափըր Փրոգրամ») ընկերության կողմից, շահագործվում է էկոլոգիապես մաքուր եղանակով։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 142)։ |