Ալան Մանեսոն Մալե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալան Մանեսոն Մալե (ֆր.՝ Alain Manesson Mallet, 1630[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - 1706[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի աշխարհագրագետ, քարտեզագիր և ռազմական ինժեներ։
Ալան Մանեսոն Մալե ֆր.՝ Alain Manesson Mallet | |
---|---|
Ծնվել է | 1630[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | 1706[1][2][3][…] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | քարտեզագիր, ռազմական ինժեներ, musketeer, աշխարհագրագետ, նկարազարդող, հրատարակիչ և ճարտարագետ |
Alain Manesson-Mallet Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլան Մանեսոն Մալեն ծնվել է 1630 թվականին Փարիզում։ Մաթեմատիկա և երկրաչափություն ուսումնասիրել ռազմական ինժեներ Ֆիլիպ Մալեի մոտ, որը 1654 թվականից դասավանդում էր Բուրգոնյան քոլեջում։ Ապա դառնում է հրացանակիր զինվոր՝ Լյուդովիկոս XIV արքայի պահակային գնդում։ Որոշ ժամանակ անց ստանում է ավագ սերժանտի կոչում և տեղափոխվում հրետանային գունդ։ Նրան է վստահվում նաև ամրոցների վերահսկումը։ 1663 թվականին մեկնում է Պորտուգալիա և զգալով երկրի անկախության համար մղվող պատերազմի մոտալուտ ավարտը, ծառայության է մտնում Պորտուգալիայի թագավոր Ալֆոնսո VI-ի մոտ։ Ֆրանսիայի մարշալ Ֆրեդերիկ Արման դը Շոմբերգի հրամանագրով, որպես ռազմական ինժեներ, Ալան Մանեսոնը ծառայության է անցել թագավորական բանակային ճամբարներում, իսկ որոշ ժամանակ անց՝ Ալենտեժո պրովանսում տեղակայված հրետանային գնդում։ 1666 և 1667 թվականներին նա հատկապես մեծ ներդրում ունեցավ Առոշեի ու Ֆերեյրայի պարսպապատ բերդերն ամրացնելու գործում։ 1668 թվականին Լիսաբոնի պայմանագրի կնքումից հետո Մանեսոն Մալեն վերադառնում է Ֆրանսիա և Լա Փըթիթ Էքուիր դպրոցում նշանակվում մաթեմատիկայի ուսուցիչ։ 1671 թվականին նա հրատարակում է պաշարողական և ռազմական գիտության մասին իր առաջին պատկերազարդ դասագիրքը։ Իսկ «Մարսի գործերը կամ ռազմական արվեստ» գիրքը հաջորդ տարում արդեն թարգմանվեց գերմաներեն։ 1683 թվականին Մանեսոն Մալեն հրատարակեց «Աշխարհի նկարագրություն» գիրքը՝ հինգ հատորից։ Այս մեծ աշխատանքը նա գրել էր՝ օգտվելով աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ գրքերից, ինչպես նաև ընդգրկված էին Մալեի ուղեգրությունները՝ իր կազմած քարտեզներով, ամեն երկրի բնակավայրերի, ժողովուրդների ազգային տարազների, կենդանական ու բուսական աշխարհների վերաբերյալ տարբեր հեղինակների նկարներով և այդ ամենի մասին Մալեի պատկերավոր նկարագրություններով։ Այս ինքնատիպ հանրագիտարանում տարբեր երկրների և ազգերի հետ մեկտեղ տեղեկություններ կան նաև Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Այդպիսի փորագրանկարներից մեկը ներկայացնում է Երևանի համայնապատկերը, հեռվում՝ Մասիս լեռը, որի գագաթին երևում է Նոյան տապանը։ Մեկ այլ փորագրանկարում պատկերված են հայ տղամարդ և կին՝ ազգային տարազով։ 1702-ին հայտնվում է նրա վերջին հրատարակած գիրքը՝ «Պրակտիկ երկրաչափություն»։ Այն պատկերված էր բազմաթիվ փորագրանկարներով ու հուշարձանների նկարներով, որոնք Մանեսոն Մալեն կատարել էր Իսրայելում։ Նա թեև աշխատում էր իր չորրորդ գրքի վրա, սակայն այդպես էլ չհասցրեց այն ավարտին, քանզի մահացավ 1706 թվականին։
Պատկերասրահ
խմբագրել-
Քարտեզ` «Աշխարհի նկարագրություն» գրքից:
-
Հայ տղամարդը և կինը՝ ազգային տարազով. պատկեր «Աշխարհի նկարագրություն» գրքից, 1683թ.:
-
Ամրոցների տիպերը. պատկեր՝ «Մարսի գործերը կամ ռազմական արվեստ» գրքից:
-
Ֆերեյրայի ամրոցի հատակագիծը:
-
Երևանի համայնապատկերը՝ «Աշխարհի նկարագրություն» գրքում, 1683 թ.:
-
Իսպանական Ալբուրքերքե քաղաքի համայնապատկերը և ամրոցի աշտարակը՝ «Մարսի գործերը կամ ռազմական արվեստ» գրքից:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 British Museum person-institution thesaurus
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 The Stuttgart Database of Scientific Illustrators 1450–1950
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Մանեսոն Մալե» հոդվածին։ |