Ազգային թանգարան և պատկերասրահ (Տրինիդադ)

Տրինիդադի և Տոբագոյի ազգային թանգարան և պատկերասրահ (անգլ.՝ National Museum and Art Gallery, Trinidad), պատմության և արվեստի թանգարան Տրինիդադ և Տոբագոյի մայրաքաղաք Պորտ օֆ Սփեյնի կենտրոնում` Ֆրեդերիկ փողոցում։ Թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է ավելի քան 10,000 ցուցանմուշ, բաժանված յոթ հիմնական բաժինների` արվեստ, սոցիալական պատմություն, բնագիտություն, տնտեսական պատմություն, նավթ և երկրաբանություն։ Գտնվում է Հիշատակի պուրակի դիմաց, Թագավորական պուրակից հարավ, հիմնադրվել է 1892 թվականին որպես «Royal Victoria Institute» (RVI), ի պատիվ թագուհի Վիկտորիայի տարեդարձի՝ որպես Բրիտանական կայսրությունում մշակութային հաստատություններ ստեղծելու գաղութային քաղաքականության մաս։ Ղեկավարվում է հատուկ օրենքով, որն ընդունվել է 2000 թվականին։ Այստեղ անցկացվում են ժամանակավոր ցուցահանդեսներ՝ այդ թվում ժամանակակից արվեստի գործերի, որոնք ստեղծել են տեղացի հեղինակները։

Ազգային թանգարան և պատկերասրահ
Տեսակազգային թանգարան և պատկերասրահ
Երկիր Տրինիդադ և Տոբագո[1]
ՏեղագրությունՊորտ օֆ Սփեյն
ՎայրՊորտ օֆ Սփեյն
Հիմնադրվել է1892
Կայքnmag.gov.tt
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և նկարագիր խմբագրել

Տրինիդադի և Տոբագոյի ժամանակակից ազգային թանգարանի և արվեստի պատկերասրահի շենքը կառուցվել է Բրիտանական կայսրության բարգավաճման տարիներին՝ գաղութներում և դոմինիոններում արվեստի և գավառական պատմության թանգարաններ ստեղծելու ընդհանուր բրիտանական մշակութային քաղաքականության շրջանակներում։ Այն նախագծել է ճարտարապետ Դ. Մ. Խանը և 1892 թվականի սեպտեմբերի 17-ին բացվել է Մ. Ս. Դևենիշի կողմից, նահանգապետ սըր Ֆ. Նեյպիր Բրաունի արարողությունից ուշանալու պատճառով (որոշ աղբյուրների համաձայն՝ նահանգապետը հիվանդացել էր[2]): Առաջին անգամ Տրինիդադում լայն հասարակությունը տեսել է մանրադիտակային ցուցանմուշներ Վիկտորիայի Թագավորական ինստիտուտի ցուցասրահներում, բացումից անմիջապես հետո թանգարանը քաղաքացիներից ստացել է տարբեր նվերներ և նվիրատվություններ, որոնցից մեկն այն խարիսխն էր, որը ենթադրաբար օգտագործել է Քրիստափոր Կոլումբոսը Ամերիկա կատարած իր ճանապարհորդության ժամանակ։ Կոլումբոսի խարիսխը պեղվել է 1877 թվականին այն վայրում, որտեղ, ըստ նավի գրառումների մատյանի, 1498 թվականի օգոստոսի 2-ին Կոլումբոսի նավը կորցրել էր խարիսխը։

Բրիտանական կայսրության գոյության  տարիներին թանգարանն օգտագործվել է բնագիտության և հնագիտության բնագավառում հետազոտական ցուցահանդեսների, ինչպես նաև դեկորատիվ և կիրառական արվեստի գործերի ցուցահանդեսների կազմակերպման  համար։ 1901 թվականին շենքն ընդարձակվել է՝ ընդգրկելով ընթերցասրահ և հանգստի սենյակ (սրահ)։ Նրա տարածքում կառուցվել են թենիսի խաղահարթակ։ 1913 թվականի ապրիլի 18-ին թանգարանին կից ավելացել է «Marie Louise Hall» դահլիճը, որը գտնվել է «Թագավոր Էդուարդ VIII հիշատակի թևում»՝ շենքի առաջին հարկում, նրա արևելյան կողմում։ Այդ ժամանակ թանգարանում տեղակայված էին բնագիտկան մի քանի եզակի հավաքածուներ, այդ թվում՝ թռչունների խրտվիլակներ, խեցիների, ինչպես նաև սողունների ու միջատների հավաքածուներ։

1920 թվականի մայիսի 19-ին թանգարանի շենքն ամբողջությամբ այրվել է և թանգարանային հավաքածուների մեծ մասը ոչնչացել է։ Շենքի հիմնական մասը վերակառուցվել է հին նախագծի համաձայն։ Այն վերաբացվել է 1923 թվականի հունիսին և ի սկզբանե օգտագործվել է թատրոնի և երաժշտական միջոցառումների, ինչպես նաև առևտրային դասընթացների (դասախոսություններ) կազմակերպման համար։ Սակայն, 1945 թվականին գաղութային կառավարությունը որոշել է ընդլայնել իր ցուցահանդեսային գործունեությունը և շենքին վերստին շնորհել է թանգարանի կարգավիճակ։ Տրինիդադի անկախության ժամանակ՝ 1962 թվականին, հավաքածուները տեղափոխվել են նախկին նահանգապետի տուն, այնտեղ նախատեսվել է ստեղծել Ազգային թանգարան և արվեստի պատկերասրահ։ Սակայն այդ ծրագիրը չի իրականացել և հավաքածուները վերադարձվել են Վիկտորիա թագուհու նախկին ինստիտուտի շենք։

Ազգային թանգարան խմբագրել

Ազգային թանգարանը տեղական հանդիսատեսին պատկերացում է տալիս գաղութային ժամանակաշրջանի հարուստ կղզիաբնակների կյանքի մասին։ Այստեղ կարելի է տեսնել մի շարք «արտեֆակտներ»։ Ցուցանմուշները լրացվում են բացատրական տեղեկատվությամբ։ 18-րդ դարում չավարտված հավաքածուն պարունակում է նաև 1940-ականների արտեֆակտներ։ Հավաքածուում ներկայացված են այդ ժամանակաշրջանի «տիպիկ» խոհանոցը և հյուրասենյակը, ռադիոհամակարգերը, ածխի վառարանը, գրամոֆոնը և սպիտակեղենի չորանոցը։

Պորտ-օֆ-Սպեյն քաղաքի թանգարանը համարվում է ազգային թանգարանի մասնաճյուղ։ Այն գտնվում է իսպանացիների կողմից 1757 թվականին կառուցված բերդում, որը նախատեսված էր նավահանգիստը պաշտպանելու համար։ Ոստիկանության թանգարանը (Ոստիկանության ծառայության թանգարան) նույնպես համարվում  է Ազգային թանգարանի մասնաճյուղ, այն գտնվում է քաղաքի կենտրոնում և պատմում է քաղաքի իրավապահ մարմինների մասին։ Թանգարանը բացվել է 2004 թվականի սեպտեմբերի 22-ին, Սենտ Վինսենթ փողոցում գտնվող ոստիկանության բաժնի նախկին շենքում։

Պատկերասրահ խմբագրել

Գեղարվեստի պատկերասրահն ունի շուրջ հազար ցուցանմուշ։ Հավաքածուն ներառում է նկարներ, քանդակներ և ինստալացիաներ, որոնք ընդգրկում են Տրինիդադի և Տոբագոյի շուրջ 150 տարվա արվեստի գործեր։ Տեղացի նկարիչ Միշել-Ժան Կասաբոնի (1813-1888) աշխատանքների հավաքածուն թանգարանային հավաքածուի ամենահին մասն է, այն թվագրվում է 1847-1857 թվականներին։ Բացի այդ, թանգարանում ներկայացված են Մարգրետ Մաննի 28 նկարներ, որը Տրինիդադում գտնվելու ընթացքում աշակերտել է Կասաբոնին։ Հավաքածուի մնացած մասը բաղկացած է երկրի պետական մարմինների կողմից նվիրաբերված և գնված ցուցանմուշներից։ Բացի այդ, պատկերասրահում անցկացվում են նաև ժամանակավոր ցուցահանդեսներ՝ ներառյալ ժամանակակից արվեստի գործերի, որոնք ստեղծվել են տեղացի հեղինակների կողմից՝ փորձելով օժանդակել տրինիդադյան հեղինակների գեղարվեստական ստեղծագործությունները միջազգային ասպարեզում ներկայացնելու գործում։

Գրականություն խմբագրել

  • LeRoy Clarke. Eye Hayti ... cries ... everywhere / National Museum and Art Gallery of Trinidad and Tobago. — Special Edition. — Port of Spain, Trinidad and Tobago: Legacy House, 2015. — 214 с. — ISBN 9789768255020. — ISBN 9789768255037.
  • Rita Pemberton, Debbie McCollin, Gelien Matthews, Michael Toussaint. National Museum and Art Gallery of Trinidad and Tobago // Historical Dictionary of Trinidad and Tobago. — Rowman & Littlefield, 2018. — С. 252. — 494 с. — ISBN 9781538111468.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. Angelo Bissessarsingh (2014 թ․ հուլիսի 8). «At Royal Victoria Institute Rude neglect: The controversy which surrounded the investigation into the theft of two Cazabon paintings from the National Museum last year». guardian.co.tt (անգլերեն). Guardian Tobago Today / ANSA McAl. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել