Ազատություն երեխաներին (կազմակերպություն)

Ազատություն երեխաներին[1] (անգլ.՝ Free the Children, անգլ.՝ FTC[2]), Երեխաները կարող են ազատություն տալ իրենց հասակակիցներին[3] (անգլ.՝ Kids Can Free the Children), կանադական ոչ առևտրային կազմակերպություն։ Երեխաներին օգնություն ցուցաբերող մանկական կազմակերպությունների խոշորագույն ցանցն է աշխարհում[4][5]։

Free the Children
Հիմնադրված1995
ՀիմնադիրներՔրեյգ Կիլբուրգեր և Մարկ Կիլբուրգեր
ՏեղագրությունՏորոնտո, Կանադա
Հիմնական անձինքՌոքսաննա Ջոյալ (անգլ.՝ Roxanne Joyal)
գործունեության որլորտԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Կայքhttps://www.we.org/

ԿազմակերպությունԽմբագրել

«Ազատություն երեխաներին» կազմակերպության պատմությունը սկսվել է 1995 թվականին ստեղծված մանկական կազմակերպությունից, որի հիմնադիրներն էին Քրեյգ և Մարկ Կիլբուրգեր եղբայրները։

Կազմակերպության շտաբ-բնակարանը (միջազգային գրասենյակը) գտնվում է Կանադայի Տորոնտո քաղաքում։

Ցանցի կառավարումը ճյուղավորված է․ ներկայացուցչություն ունեցող յուրաքանչյուր երկրում կա Տնօրենների խորհուրդ և ղեկավարող համակարգ։

«Ազատություն երեխաներին» կազմակերպությունը մասնագիտացած է աշխարհի ամենաաղքատ երկրների երեխաներին և դեռահասներին օգնելու գործում։

Ինչպես նշված է կազմակերպության կայքում, նրանց նպատակն է «երիտասարդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը, այն արգելքների վերացումը, որոնք խանգարում են նրանց լինել իրենց երկրի և աշխարհի ակտիվ քաղաքացիներ»։

«Ազատություն երեխաներին» կազմակերպության հովանու ներքո իրականացվում են լայնածավալ նախագծեր դպրոցների կառուցման, ինչպես նաև աշխարհի տարածաշրջանների զարգացման, մասնավորապես, խմելու ջրի, առողջապահության, սանիտարական և սննդակարգի ապահովման ուղղությամբ:

Կազմակերպությունն իրականացնում է իր գործունեության քարոզչությունը՝ հայտնիների մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելով (We Day)[2]։

Կազմակերպության «դեսպաններն» են Նինա Դոբրևը, Նատալի Փորտմանը, Նելլի Ֆուրտադոն, Hedley խումբը, Դեմի Լովատոն, Ռիչարդ Բրենսոնը, Միա Ֆերրոուն, Մարտին Շինը, Ջեյսոն Մրազը, Քելլի Քլարկսոնը և այլ անձինք։

Սկզբում կազմակերպությունը ֆինանսավորվում էր երեխաների հաշվին՝ «Երեխաներն օգնում են երեխաներին» կարգախոսով։ Ավելի ուշ նրա ֆինանսավորմանը միացան «մեծահասակ կազմակերպությունները» և անհատները՝ դրամաշնորհների և այլ ձևով օգնություն տրամադրելով։

2015 թվականին «Ազատություն երեխաներին» կազմակերպության դրամահավաքին մասնակցել է ավելի քան 1000 մարդ[2]։

Կազմակերպության կորպորատիվ գործընկերներն են «Amway», «BlackBerry», «Campbell Soup», «Մայքրոսոֆթ», «Potash Corporation of Saskatchewan», «Royal Bank of Canada» և այլ ընկերությունները։

Եղբայրներ Քրեյգ և Մարկ Կիլբուրգերների հիմնադրած «Me to We» ընկերությունը իր շահույթի կեսը տրամադրում է «Ազատություն երեխաներին» կազմակերպությանը[6]:

ՊատմությունԽմբագրել

1995 թվականին կազմակերպության ապագա հիմնադիր տասներեքամյա Քրեյգ Կիլբուրգերը «Toronto Star» թերթը ընթերցելիս հանդիպում է իր տարիքակից Իքբալ Մասիհի մասին հոդվածին։ Վերջինս Պակիստանից էր[5][7]։ Չորս տարեկանում նա փաստացի վաճառվել է ստրկության, որից կարողացել է փախչել և աշխարհին պատմել իր պատմությունը։ Որոշ ժամանակ անց սպանվել է անհայտ հանգամանքներում[5][7]։

Քրեյգին տպավորել է իր հասակակցի պատմությունը, և նա որոշել է ինչքան հնարավոր է, շատ բան իմանալ մարդկանց իրավունքների և աշխարհում դրանց պահպանման մասին[7]։ Նա համոզել է ծնողներին իրեն թույլ տալ ուղևորվել Հարավարևելյան Ասիա՝ կանադացի իրավապաշտպանի հետ միասին, որտեղ սեփական աչքերով տեսել է այն պայմանները, որոնցում երեխաներն աշխատում են[7]։

Վերադառնալով տուն՝ իր համադասարանցիներին համոզել է ստեղծել մանկական կազմակերպություն, որն ավելի ուշ վերածվել է «Ազատություն երեխաներին» մանկական կազմակերպությունների աշխարհի խոշորագույն ցանցի (անգլ.՝ Free the Children)[5][7]։

«Ազատություն երեխաներին» կազմակերպության նպատակը Քրեյգը ձևակերպել է հետևյալ կերպ․ «Ազատել երեխաներին աղքատությունից։ Ազատել շահագործումից։ Երեխաներին բացատրել, որ իրենք կարող են հասնել այնպիսի փոփոխությունների, որոնք կարող են փոխել իրենց դրությունը»[7]։

Սկզբնական շրջանում գործը լավ չէր ընթանում, և կազմակերպության ֆինանսական միջոցները արագ անկում ապրեցին[2]։ Նա ստիպված էր հրաժարվել վարձու գրասենյակներից և վերադառնալ հայրենի տուն[2]։ Օգնության հասավ Քրեյգի ավագ եղբայրը՝ Մարկը[2]:

Մարկ Կիլբուրգերն այդ ժամանակ արդեն սովորում էր Հարվարդի համալսարանում, բայց ծանր պահին որոշեց աջակցել եղբորը նրա նախաձեռնությունն իրականացնելիս՝ մերժելով Ուոլլ Սթրիթի գայթակղիչ առաջարկը և հանդես գալով որպես կազմակերպության համահիմնադիր[2][4]։

Հարկ եղավ որոշ չափով փոխել կազմակերպման առաքելությունը՝ ստրկության դեմ պայքարից հիմախնդիրը տեղափոխելով աղքատ երկրներում կրթության զարգացման և երեխաների համար կրթության հնարավորության ապահովման գործին[2]։

Նման նպատակներն ավելի հասկանալի դարձան հովանավորների համար, կազմակերպությունը գրեթե ակնթարթորեն ճանաչվեց և արագ աճ գրանցեց[4]։

Այնուամենայնիվ, կազմակերպությունը բազմիցս բախվել է խնդիրների, որոնք հստակեցրել և զարգացրել են նրա գործունեության նպատակները[2]։

2007 թվականին «Ազատություն երեխաներին» կազմակերպությունը և «Օփրայի հրեշտակային ցանցը» (անգլ.՝ Oprah's Angel Network՝ Օփրա Ուինֆրիի նախագիծը) ստեղծել են համատեղ գործընկերություն[5]։

Գործունեության ցուցանիշներԽմբագրել

2008 թվականի դրությամբ «Ազատություն երեխաներին» ցանցում ներգրավված է եղել ավելի քան 1 միլիոն երեխա 45 երկրներից[5]։ Այդ ժամանակ «Ազատություն երեխաներին» խումբը հիմնադրել է ավելի քան 500 դպրոց[5]։ Բացի դրանից, «Օփրայի հրեշտակային ցանցի» հետ համագործակցության արդյունքում ևս 12 երկրում հիմնել են 55 դպրոց[5]:

2009 թվականին կազմակերպությանը հաջողվել է հավաքել 15 683 212 ամերիկյան դոլար Կանադայում և ավելի քան 8 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ում[4]։ Այդ ժամանակ Տորոնտոյի գլխավոր գրասենյակում աշխատում էր 129 մարդ։

2013 թվականի դրությամբ «Ազատություն երեխաներին» կազմակերպությանը մասնակցող երեխաները «միջոցներ են հավաքել զարգացող երկրներում հարյուրավոր դպրոցների կառուցման համար, միլիոնավոր դոլարներ են տրամադրել տեղի երեխաներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար և ծրագրեր են մշակել, որոնք թույլ կտան ընտրել կյանքի ուղի, որը այլընտրանքային է ծանր, հյուծող ֆիզիկական աշխատանքին կամ մարտական գործողություններին մասնակցելուն»[7]։

2015 թվականին «Ազատություն երեխաներին» կազմակերպության ցանցում մասնակցում էր ավելի քան 1,7 միլիոն մարդ[6]։ Նրանք հավաքել են միջոցներ ավելի քան 650 դպրոց կառուցելու համար[6], որտեղ ամենօրյա ուսում էր ստանում ավելի քան 55 000 երեխա։ Իրականացրել են խմելու ջրի մատակարարման ծրագրեր՝ 1 մլն մարդու ապահովելով ջրով[2], առողջապահական ծրագրեր՝ կարիքավորներին տրամադրելով 16 մլն ամերիկյան դոլարի դեղորայք, աշխատանքի են տեղավորել 30 հազար գյուղաբնակ կանանց՝ նրանց ապահովելով եկամտի նոր աղբյուրով[2]: Ինչպես նաև մոլորակի ավելի քան մեկ միլիոն մարդու համար ապահովել են սննդային անվտանգություն[6]։

ՔննադատությունԽմբագրել

Քննադատները «Ազատություն երեխաներին» կազմակերպությանը մեղադրում են ավելորդ բարոյականության, ավելորդ կորպորատիվ լինելու, այլ երկրներ չափազանց շատ արևմտյան գաղութատիրական մշակույթ ներդնելու մեջ[2]:

Մյուսները մեղադրում են «Ազատություն երեխաներին» կազմակերպության ստեղծողներին իրենց «We To Me» սոցիալական ձեռնարկության ավելորդ գովազդի, օրինակ՝ «Ազատություն երեխաներին» կազմակերպության տեսանյութերում վերջինիս կադրեր ցուցադրելու մեջ[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Երբեմն․ «Ազատիր երեխաներին», «Ազատեք երեխաներին»
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Andrew Duffy (2015-04-25)։ «Free The Children at 20: An unlikely Canadian success story» (անգլերեն)։ Ottawa citizen։ Վերցված է 2015-04-30 
  3. «Free the Children»։ ООН։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-04-30 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Josh Wingrove (2010-03-19)։ «Marc and Craig Kielburger's do-gooding social enterprise» (անգլերեն)։ The Globe and Mail։ Վերցված է 2015-04-30 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «В Мэриленде дети используют свои навыки, чтобы помогать детям по всему миру»։ Посольство США։ 2008-12-09։ Վերցված է 2015-04-30 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Craig Kielburger» (անգլերեն)։ Торонтский университет։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-01-ին։ Վերցված է 2015-04-30 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Кен Робинсон Найти своё призвание: Как открыть свои истинные таланты и наполнить жизнь смыслом. — Москва: Манн, Иванов и Фербер, 2014. — 368 с. — ISBN 5000570057, 9785000570050

Արտաքին հղումներԽմբագրել