Ագրոկենսաբազմազանություն

Ագրոկենսաբազմազանությունը ներառում է բոլոր այն օրգանիզմները, որոնք ունեն դրական կամ բացասական ազդեցություն ագրոէկոհամակարգերի կենսաբանական արտադրողականության վրա և կիրառվում են սննդամթերքի արտադրությունում[1]: Ագրոկենսաբազմազանությունը հանդիսանում է կայուն գյուղատնտեսության հիմքը[2]: Ագրոկենսաբազմազանությունը պարենի և գյուղատնտեսության համար կենսաբանական բազմազանության կարևոր բաղադրիչ է: Համաձայն կենսաբազմազանության մասին կոնվենցիայի սահմանման՝ «գյուղատնտեսական կենսաբազմազանությունը լայն հասկացություն է, որը ներառում է կենսաբազմազանության՝ սննդին և գյուղատնտեսությանն առնչվող և ագրոէկոհամակարգերի կենսաբազմազանությունը կազմող բոլոր բաղադրիչները. կենդանիների, բույսերի, սնկերի և մանրէների բազմազանություն ու փոփոխականություն՝ գենետիկական, տեսակային և էկոհամակարգային մակարդակներում, որոնք անհրաժեշտ են ագրոէկոհամակարգերի կառուցվածքի, հիմնական ֆունկցիաների և դրանցում ընթացող գործընթացների կայունությունն ապահովելու համար»[3]:

Ագրոկենսաբազմազանությունը դիտարկվում է որպես գենետիկական ռեսուրսների, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության միջև փոխազդեցությունների հետևանք: Այն հազարամյակներ շարունակ համատեղ ընթացող բնական և արհեստական ընտրության արդյունք է: Ագրոկենսաբազմազանության ձևավորման, դրա պահպանման, ինչպես նաև շրջակա միջավայրի պայմաններին հարմարողականության հիմնական սկզբունքները հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ կենսաբազմազանության վրա ազդող ինչպես բնական, այնպես էլ մարդածին գործոնները:

Ագրոկենսաբազմազանությունը և նրա ռեսուրսները համարվում են ցանկացած երկրի տնտեսության և մարդու բնակության միջավայրի հիմնական հենքը[4]:

2016 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Ագրոկենսաբազմազանության պահպանման մասին» կոնվենցիայի կնքման առաջարկությանը,[5] իսկ նույն թվականի հունիսի 7-ին Բիշքեկում այն ստորագրվել է[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Երիցյան Ս.Կ., Գրիգորյան Հ.Է. - «Օրգանական երկրագործության հիմունքներ», էջ 51, Բուհական ուսումնական ձեռնարկ, Արմավ հրատարակչություն, 2019 թ, Երևան, 112 էջ, ISBN 978‐9939‐78‐022‐1:
  2. [1] Ագրոկենսաբազմազանություն կրթական ծրագրերի և դասընթացների մշակման մեթոդական ուղեցույց
  3. [2], Կենսաբանական բազմազանության մասին, Կոնվենցիա
  4. [3], Ագրոկենսաբազմազանություն, Ուսումնական ձեռնարկ
  5. [4] ՀՀ Կառավարության որոշում
  6. [5] ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների հանդիպում