Ագրոէկոհամակարգեր, մարդու կողմից փոխակերպված կենսաերկրացենոզներ, որոնց հիմքը կազմում են բուծված օրգանիզմներով միավորված համակեցությունները, որոնք կարգավորվում են մարդու կողմից՝ գյուղատնտեսական արտադրանք ստանալու համար: Ագրոէկոհամակարգերը ունեն բարձր կենսաբանական արտադրողականություն: Ի տարբերություն բնական էկոհամակարգերի, այստեղ կատարվում է բուծվող բույսերի և կենդանիների արհեստական ընտրություն: Ագրոէկոհամակարգերը անկայուն են, քանի որ ինքնավերականգնման ունակությունը թույլ է՝ պայմանավորված օրգանիզմների բազմազանության խիստ սահմանափակ թվով: Այն պահպանվում ու կարգավորվում է մարդու կողմից:

Ագրոէկոհամակարգերի տիպերԽմբագրել

Տարբեր գիտնականներ առաջարկում են ագրոէկոհամակարգերի հետևյալ տիպերը՝ Ագրոոլորտ, որն իրենից ներկայացնում է գլոբալ էկոհամակարգ, և միավորում է այն ամբողջ տարածքը, որը վերափոխել է մարդը: Ագրարային լանդշաֆտ, որը ձևավորվել է գյուղատնտեսական վերափոխման հետևանքով: Գյուղատնտեսական էկոլոգիական համակարգ, կամ տնտեսական էկոհամակարգ, այսինքն տնտեսության մակարդակի էկոհամակարգ: Ագրոբիոգեոցենոզ, որը ներառում է դաշտերը, այգիները, բանջարանոցները, ջերմոցները, ջերմատները: Արոտային բիոգեոցենոզ, որը ներառում է բնական արոտներն ու արհեստական ստեղծված մարգագետինները: Ֆերմային բիոգեոցենոզ, սա ներառում է գոմերը, թռչնանոցները, ձկնաբուծարանները, անասնապահական համալիրները:

ԱղբյուրներԽմբագրել

  • Ագրոէկոլոգիա Հայրապետյան Է.Մ., Շիրինյան Ա.Վ. Երևան, 2003, 407 էջ (հայերեն)