Ագուլիսի քաղաքային այգի

Ագուլիսի քաղաքային այգի, այգի Ագուլիս գետի աջ ափին` քաղաքի շուկայից հյուսիս–արևելք՝ Ագուլիսի քաղաքային գերեզմանատան մոտ։ Գրավել է բավականին ընդարձակ տարածք, տեղադրվածությամբ այն գտնվել է ձորալանջի հարմարավետ և գեղատեսիլ վայրում, որն Ագուլիսը երկու մասի է բաժանել։ Այգին ունեցել է հաստաբուն ուռենիներ, սաղարթախիտ սոսիներ և այլ ծառատեսակներ։ Այգուն հաճելի տեսք է տվել հորդահոս առուն։

Ագուլիսցիների ամենասիրելի այցելավայրերից մեկը եղել է այս հասարակական–քաղաքային այգին։ Այստեղ կազմակերպվել են նվագածություններ և զվարճալի հանդեսներ։ Միջոցառումները լայն թափ էին առնում հիմնականում ամռան ամիսներին, երբ Ագուլիս էին գալիս Թիֆլիսում և Մոսկվայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում սովորող ուսանողները։ Ագուլիսի դպրոցի օգտին բարեգործական նպատակներով կազմակերպվում էին վիճակախաղեր, հատուկ զբոսանքներ և այլ միջոցառումներ։ Վաճառվում էին նաև պաղպաղակ, զովացուցիչ ջրեր և այլն։ Մուտքի համար մարդիկ վճարում էին այգու հոգսերը հոգալու համար։ 1919 թվականին Ագուլիսի կոտորածից հետո այն անխնամ մնալով արագորեն ոչնչացվել է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ մեջբերվող էջ — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։