Աբխազիայի պատմություն

Աբխազիայի պատմություն
Աբխազիայի Հանրապետության զինանշանը
Անտիկ ժամանակաշրջան
Հունական ժամանակաշրջան
Հռոմեական ժամանակաշրջան
Բյուզանդական ժամանակաշրջան
Աբխազական իշխանություններ
Սանիգիա
Աբազգիա
Ափսիլիա
Միսիմինիա
Միջնադար
Աբխազական թագավորություն
Վրացական թագավորություն
Աբխազական իշխանություն
Կայսրությունների կազմում
Օսմանյան կայսրություն (մինչև 1810)
Ռուսական կայսրություն (1810-1917)
Ռուսական Հանրապետություն (1917)
Վրաստանի կազմում (20-րդ դար)
Անդրկովկասյան ԴՖՀ (1918)
Վրաստան Վրաստանի ԴՀ (1918-1921)
Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի ՍԽՀ (1921-1931)
Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի ԻԽՍՀ (1931-1990)
Աբխազիայի Հանրապետություն Աբխազական ԽՍՀ (1990-1991)
Մեր ժամանակներ
Վրաստան Աբխազիայի ԻՀ
Աբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն

Աբխազիայի պորտալ

Աբխազիայի տերիտորիայում հայտնաբերվել են հին և նոր քարեդարյան բնակատեղիներ։ Աբխազիայում ապրած ցեղերի մասին առաջին տվյալները վերաբերում են բրոնզի դարի վերջերին։ Նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման և դասակարգային հասարակության ձևավորման պրոցեսը Աբխազիայում սկսվել է մ. թ. ա. VII–VI դդ.։ Աբխազիան շփվել է Անտիկ աշխարհի զարգացած երկրների հետ։ Հույները մ. թ. ա. VI–V դդ. այստեղ հիմնել են Դիոսկուրիա, Պիտիունտ (Պիցունդա) և այլ գաղութներ։ Մ. թ. ա. II դ. վերջին Ա. ենթարկվել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին, իսկ մ.թ.ա. 65-ին ընկել է հռոմեացիների տիրապետության տակ։ Մ. թ. I դ. վերջերին Աբխազիայում գոյացել են վաղ ֆեոդալական տիպի ցեղային միավորումներ (ապշիլների, աբազգների և սանիգների)։

IV–VI դդ. Աբխազիան աստիճանաբար նվաճեցին բյուզանդացիները։ VI դ. առաջին կեսին աբխազներն ընդունեցին քրիստոնեությունը և դարձրին երկրի պաշտոնական կրոն։ VIII դ. վերջերին, ազատագրվելով Բյուզանդիայի լծից, ստեղծեցին Աբխազական թագավորությունը։ Այնուհետև աբխազական գահն անցավ Բագրատ III (1008-ից «Թագավոր Աբխազաց և Վրաց»)։ XII դ. սկզբին Ա. հանձնվեց Շարվաշիձե իշխանական տանը՝ ժառանգաբար տիրելու իրավունքով։ Օգտվելով Վրաստանի քաղաքական թուլացումից, XV–XVI դդ. սահմանագլխին Աբխազիան առանձնացավ՝ դառնալով ինքնուրույն իշխանություն։ XVI դ. երկրորդ կեսին Ա֊ում հայտնվեցին թուրք նվաճողները և 1578-ին գրավեցին Սուխումը։

Թուրքական տիրապետությունը տևեց մինչև 1810-ը։ Թուրքերը ձգտում էին ոչնչացնել աբխազների նյութական և հոգևոր մշակույթը։ Բռնությամբ հավատափոխեցին աբխազներին՝ պարտադրելով մահմեդականությունը։ Աբխազ ժողովրդի պայքարը թուրք նվաճողների դեմ հաճախ վերաճել է զինված ապստամբության (1725, 1728, 1733, 1771, 1806)։ 1810-ին Աբխազիան միացվեց Ռուսաստանին։ Դա ունեցավ առաջադիմական նշանակություն, թեև ցարիզմի գաղութակալական քաղաքականությունը կաշկանդում էր Ա֊ի տնտեսության և ազգային մշակույթի զարգացումը։ Ծայրաստիճան հետամնաց Թուրքիայի տիրապետությունից ձերբազատված Ա. ներքաշվեց համառուսաստանյան շուկա, հաղորդակից դարձավ ռուսական առաջադիմական մտքին։ 1864-ին ցարական հրովարտակով Աբխազիան վերածվեց «Սուխումի զինվորական օկրուգ»֊ի, մտցվեց ռուսական կառավարչություն։ 1866-ին ցարիզմի քաղաքականությունից դժգոհ ժողովուրդն ապստամբեց։ 1870-ին Աբխազիայում վերացվեց ճորտատիրությունը, արագացավ ապրանքա֊դրամական հարաբերությունների զարգացումը։ 90-ական թթ. կառուցվեց Նովորոսիյսկ–Սուխում խճուղին։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը դարձավ ծխախոտագործությունը։ XX դ. սկզբին խոշոր հողատերերն ունեին 135 հզ., իսկ գյուղացիները՝ 72 հզ. դեսյատին հող։ Կար մոտ 400 մանր, առավելապես տնայնագործական ձեռնարկություն։

1902–03-ին Աբխազիայում ստեղծվեցին առաջին սոցիալ֊դեմոկրատական կազմակերպությունները։ 1905—07-ին հեղափոխական շարժումները գլխավորում էր ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեն։ 1905-ին ստեղծվեցին գյուղացիների զինված ջոկատներ՝ «կարմիր հարյուրյակներ», իսկ Սուխումում կազմակերպվեց ժողովրդական միլիցիա։ Բոլշևիկները Գ. Կ. Օրջոնիկիձեի գլխավորությամբ 1905-ի դեկտեմբերի 18–20-ը ապստամբություն բարձրացրին, սակայն Սուխումում իշխանությունը գրավելու փորձը ձախողվեց։ Ցարական զորքերը ճնշեցին աշխատավորների ապստամբական ելույթները նաև Գուդաութայում, Գագրայում և Գալիի շրջանում։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ուժեղացավ բոլշևիկների ազդեցությունը զորամասերում, Գուդաութայի և Գագրայի սովետներում։ Ստեղծվեց ՌՍԴԲ(բ)Կ շրջանային կոմիտե՝ Ե. Էշբայի գլխավորությամբ։ 1917-ի նոյեմբերին Ա֊ում տարածվեց Անդրկովկասյան կոմիսարիատի իշխանությունը։ 1918-ի մարտին Ա֊ի բոլշևիկյան կազմակերպությունների գլխավորությամբ ապստամբները գրավեցին Սուխումը, հռչակեցին սովետական իշխանություն, որը գոյատևեց մեկ ու կես ամիս։

1921-ի փետրվար֊մարտին Աբխազիայի աշխատավորները ողջ Վրաստանի աշխատավորների հետ միասին զինված ապստամբություն բարձրացրին։ Ստեղծվեց հեղկոմ՝ Ե. Էշբայի, Ն. Լակոբայի և Ն. Ակիրտավայի գլխավորությամբ։ 1921-ի մարտի 4-ին Սուխումը դարձավ սովետական, մարտի 31-ին Աբխազիա հռչակվեց սովետական սոցիալիստական հանրապետություն։ 1921-ի ապրիլին Վրաստանի Հեղկոմը հրապարակեց հողի մասին դեկրետը, հողն ազգայնացվեց, նախկին կալվածատիրական ու մասնավոր սեփականատիրական հողերը բաժանվեցին գյուղացիներին։ Նույն թվականի դեկտեմբերին Ա. պայմանագրային հիմունքով մտավ ՎԱՍՀ֊ի, իսկ 1922-ի դեկտեմբերի 13-ին՝ ԱՍՖՍՀ֊ի մեջ։ 1922-ի դեկտեմբերի 30-ին Ա. ԱՍՖՍՀ֊ի հետ միասին մտավ ՍՍՀՄ֊ի մեջ։ 1931-ի փետրվարից Ա. ՎՍՍՀ֊ի մեջ է որպես ինքնավար հանրապետություն։

Սովետական իշխանության տարիներին Աբխազիայում ստեղծվել է բազմաճյուղ արդյունաբերություն, զարգացել է գյուղատնտեսությունը, իրականացվել է կուլտուրական հեղափոխությունը։ 1935-ին Աբխազիա պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Հայրենական մեծ պատերազմի 20 մասնակիցների, այդ թվում 4 հայերի, շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբխազիայի պատմություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 27