Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (աբխ.՝ Аҧснытәи Автономтә Советтә Социалисттә Республика, վրաց.՝ აფხაზეთის ავტონომიური საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა), ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն է եղել Վրաստանի ԽՍՀ-ի կազմում։ Գոյություն է ունեցել 1931- 1990 թթ։ Տարածքը կազմել է 8,6 հզ քառ. կմ։ Գտնվել է Սև ծովի արևելյան ափին։ Այստեղ ապրող ազգերից էին աբխազները (17,1%), վրացիները (43,9%), ռուսները (16,4%), հայերը (15,1%), հույներ, ուկրաինացիներ և այլք։ Մայրաքաղաքը ներկայիս Աբխազիայի մայրաքաղաք Սուխումն է եղել։

Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության քարտեզը

Աբխազական ԻՍՍՀ աշխատավորների սոցիալիստական պետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1937 թ.-ի օգոստոսի 2-ին։ Իշխանության օրենսդիր մարմինն Աբխազական ԻՍՍՀ Գերագույն սովետն է. ընտրվում է 4 տարի ժամանակով, կազմում է կառավարությունը՝ Աբխազական ԻՍՍՀ Մինիստրների սովետը և ընտրում Աբխազական ԻՍՍՀ գերագույն դատարանը։

Բնություն խմբագրել

Աբխազիայի տերիտորիայի մեծ մասը գրավում են Գլխավոր Կովկասյան լշ-ի հվ-արմ. լեռնաճյուղերը (Գագրայի, Կոդորի, Աբխազական ու Բզիբի)։ Կարևոր լեռնանցքներն են Կլուխորին (2781 մ) և Մարուխը (2739 մ)։ Ծովափով ձգվում է դաշտավայրային նեղ գոտին, որն ընդարձակվում է դեպի Ղալիձայի հովիտը։ Աբխազիան հարուստ է քարածխով և շինանյութերով։ Մերձծովյան շրջանում կլիման տաք է, խոնավ մերձարևադարձային, միջին ջերմաստիճանը հունվարին 40C-70C, հուլիսին՝ 220C-240C: Լեռնային մասերում ձմեռը երկարատև է, ցուրտ։ Տեղումները ցածրադիր վայրերում 1300-155-00 մմ են, լեռներում՝ 2000-2400 մմ։ Բզիբ և Կոդոր գետերն ունեն էներգետիկ մեծ պաշարներ։ Լճերից նշանավոր են Ռիցան և Ամթխելը։ Ցածրադիր վայրերում և նախալեռներում ճահճային, մերձարևադարձային պոդզոլացված հողեր են, կարմրահողեր և դեղնահողեր։ Լեռներում մինչև 1700 մ բարձրությունը տարածված են կարմարհողեր ու կարբոնատային-հումուսային, գորշ լեռնաանտառային, իսկ ավելի բարձր՝ ճիմածածկ և ճիմա-տորֆային լեռնամարգագետնային հողեր։ Աբխազիայի տարածության կեսից ավելին ծածկված է տոսախի, կաղնու, բոխու, հաճարենու, եղևնու անտառներով։

Բնակչություն խմբագրել

Աբխազիայում ապրում է ավելի քան 10 ազգություն։ Աբխազները կազմում են բնակչության 15,9%, վրացիները՝ 41,0%, ռուսները՝ 19,1%, հայերը՝ 15,4% (1970 թ.)։ Բնակվում են նաև հույներ, հրեաներ, էստոնացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ։ Քաղաքային բնակչությունը՝ 220 հզ., գյուղականը՝ 272 հզ. (1972 թ.)։ Միջին խտությունը՝ 57,2 մարդ 1 կմ քառ. վրա։ Քաղաքներն են՝ Սուխում, Տղվարչելի, Գագրա, Գուդաութա, Օչամչիրա, Գալի։

Պատմություն խմբագրել

Աբխազիայի տերիտորիայում հայտնաբերվել են հին և նոր քարեդարյան բնակատեղիներ։ Աբխազիայում ապրած ցեղերի մասին առաջին տվյալները վերաբերում են բրոնզի դարի վերջերին։ Նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման և դասակարգային հասարակության ձևավորման պրոցեսը Աբխազիայում սկսվել է մ. թ. ա. 7-6-րդ դարերում։ Աբխազիան շփվել է Անտիկ աշխարհի զարգացած երկրների հետ։ Հույները մ. թ. ա. 6-5-րդ դարերում այստեղ հիմնել են Դիոսկուրիա,Պիտիունդ (Պիցունդա) և այլ գաղութներ։ Մ. թ. ա. 2-րդ դարի վերջին Աբխազիան ենթարկվել է Պոնտոսի թագավոր Միհրդատ 6-րդ Եվպատորին, իսկ մ. թ. ա. 65 թ.-ին ընկել է հռոմեացիների տիրապետության տակ։ Մ. թ. 1-ին դարի վերջերին Աբխազիայում գոյացել են վաղ ֆեոդալական տիպի ցեղային միավորումներ (ապշիլների, աբազգների և սանիգների)։ 4-5-րդ դարերում Աբխազիան աստիճանաբար նվաճեցին բյուզանդացիները։ 6-րդ դարի առաջին կեսին աբխազները ընդունեցին քրիստոնեությունը և դարձրին երկրի պաշտոնական կրոն։ 8-րդ դարի վերջերին ազատագրվելով Բյուզանդիայի լծից ստեղծեցին Աբխազական թագավորություն։ Այնուհետև աբխազական գահն անցավ Բագրատ 3-րդին (1008-«Թագավոր Աբխազաց և Վրաց»)։ 12-րդ դարի սկզբին Աբխազիան հանձնվեց Շարվաշիձե իշխանական տանը՝ ժառանգաբար տիրելու իրավունքով։ Օգտվելով Վրաստանի քաղաքական թուլացումից 15-16-րդ դարերում սահմանագլխին Աբխազիան առանձնացավ՝ դառնալով ինքնուրույն իշխանություն[1]։ 16-րդ դարի 2-րդ կեսին Ա-ում հայտնվեցին թուրք նվաճողները և 1578 թվականին գրավեցին Սուխումը։ Թուրքական տիրապետությունը տևեց մինչև 1810 թ.-ը։ Թուրքերը ձգտում էին ոչնչացնել աբխազների նյութական և հոգևոր մշակույթը։ Բռնությամբ հավատափոխեցին աբխազներին՝ պարտադրելով իսլամ։ Աբխազիան միացվեց Ռուսաստանին։ Դա ունեցավ առաջադիմական նշանակությունը։ Ծայրաստիճան հետամնաց Թուրքիայի տիրապետությունից ձերբազատված Աբխազիան ներքաշվեց համառուսաստանյան շուկա, հաղորդակից դարձավ ռուսական առաջադիմական մտքին։ 1902-1903 թվականներին Ա-ում ստեղծվեցին առաջին սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունները։ 1905-1907 թվականներին հեղափախական շարժումները գլխավորում էր ՌՍԴԲԿ կովկասյան միութենական կոմիտեն։ 1905 թվականին ստեղծվեցին գյուղացիների զինված ջոկատներ՝ «կարմիր հարյուրյակներ», իսկ Սուխումում կազմակերպվեց ժողովրդական միլիցիա։ Բոլշևիկները Գ. Կ. Օրջոնիկիձեի գլխավորությամբ 1905 թվականի դեկտեմբերին ապստամբություն բարձրացրին, Սակայն Սուխումում իշխանությունը գրավելու փորձը ձախողվեց։ Խորհրդային իշխանության տարիներին Ա-ում ստեղծվել է բազմաճյուղ արդյունաբերություն, զարգացել է գյուղատնտեսությունը, իրականացվել է կուլտուրական հեղափոխությունը։ Հայրենական մեծ պատերազմի 20 մասնակիցների, այդ թվում 4 հայերի շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

Տնտեսություն խմբագրել

Աբխազիան մերձարևադարձային բույսերի մշակության, սննդամթերքի արտադրության, լեռնահանքային արդյունաբերության ու անտառատնտեսության կարևոր շրջան է։ Կան քարածխի բազմամետաղների, սնդիկի և բարիտի հանքավայրեր։ Զարգացած են առողջարանային տնտեսությունն ու զբոսաշրջիկությունը։ ՎՍՍՀ ծխախոտի՝ 60, թեյի՝ 17, եթերայուղերի՝ 12 և պահածոների 11% արտադրում է Աբխազիան։ Ծխախոտի և թեյի արտադրության կենտրոններն են Սուխումը, Գուդաութան, Չոչամչիրան, Գանթիադին, Գալին։ Արդյունաբերական արտադրանքի 75% տալիս է սննդի արդյունաբերությունը։ Կաշի և կոշիկի արտադրությունը կենտրոնացված է Սուխումում։ Տղվարչելիի հանքերին բաժին է ընկնում ՎՍՍՀ ածխի արդյունահանման ավելի քան 1/3 մասը։ Աբխազիան ունի հարուստ անտառային տնտեսություն, փայտամշակման արդյունաբերություն, կահույքի արտադրություն, ձկնարդյունաբերություն։ Խոշոր էլեկտրակայաններից են Տղվարչելիի ՋԷԿ-ը և Սուխումի ՀԷԿ-ը։ Ցանքատարածությունները 1971 թ.-ին կազմել են 41,8 հազ հա։ 1968 թ.-ին մշակվել է հացահատիկ /հիմնականում եգիպտացորեն՝/ 24.5 հազ հա, ծխախոտ՝ 6 հազ. հա, կարտոֆիլ և բանջարա-բոստանային կուլտուրաներ՝ 2.2 հազ. հա։ Բազմամյա ընկարկները 34.1 հազ. հա /1969/, որից թեյ՝ 13.7 հազ. հա, ցիտրուսները՝ 3.3 հազ. հա, խաղող՝ 5 հազ հա և պտղատու այգիներ 12.1 հազ. հա։ Անասնապահությունն ունի կաթնա-մսատու ուղղություն։ Գերակշռում եմ խոշոր եղջերավոր անասունները /140 հազ. գլուխ, 1971/: Զարգացած է նաև ոչխարաբուծությունը /36 հազ. գլուխ/ և խոզաբուծությունը /71 հազ. գլուխ/: Զբաղվում են նաև շերամապահությումբ և մեղվաբուծությամբ։

Տրանսպորտ խմբագրել

Աբխազիայով են անցնում Լենինգրադ-Մոսկվա-Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան-Սևան էլեկտրիֆիկացված երկաթուղին և Մոսկվա-Նովորոսիյսկ-Սուխում-Թբիլիսի-Երևան ավտոխճուղին։ Սուխումը, Օչամչիրան, Գագրան նավահանգիստներ են։

Ժողովրդական կրթությունը խմբագրել

Աբխազիան ունի /1967-68/ 482 տարրական, 8-ամյա և միջնակարգ դպրոց 110.6 հազ. աշակերտ/1971/, 6 երաժշտական դպրոց, 11 միջն.-մասնագիտ. ուսումնարան, գյուղատնտեսական և մանկավարժական ինստիտուտներ /10.8 հազ. ուսանող, 1970/, 13 գիտահետազոտական հաստատություն.աբխազ. լեզվի, գրականության և պատմության ինստիտուտները, ՍՍՀՄ ԲԳԱ-ի փորձարարական ախտաբանության և թերապիայի ինստիտուտը՝ Սուխումի կապկաբուծարանով, որ երկրում միակն է, թեի և մերձարևադարձային կուկտուրաների համամիութենական ինստիտուտների բաժանմունքը, Սուխումի բուսաբանական այգին է։ Բուհերում և գիտ. հիմնարկներում աշխատում են 849 գիտ. աշխատող /1970/. գիտության դոկտորներ՝ 35, գիտ թեկնածուներ՝ 352: Գործում են 218 ակումբ, 300 գրադարան, 210 կինո, 2 թանգարան, թատրոն, ֆիլհարմոնիա։

Մամուլ խմբագրել

Հրատարակվում են «Ապսնի կապշ» /«Կարմիր Աբխազիա», աբխազերեն/, «Սաբջոթա Աբխազեթի» /«Սովետական Աբխազիա». վրացերեն/, «Սովետսկայա Աբխազիա» /«Սովետական Աբխազիա», ռուսերեն/ օրաթերթերը։

Գրականությունը խմբագրել

Աբխազական բանահյուսության գլուխգործոցը «Աբրսկիլ» էպոսն է։ Ազգային գրավոր գրականության հիմնադիրը համարվում է Աբխազիայի ժող. բանաստեղծ Դ. Գուլիան։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1912 թ.-ին։ 1919 թ.-ին երիտասարդ գրողները համախմբվեցին առաջին աբխազերեն լրագրի՝ «Ապսնի»-ի շուրջը։ Ս. Չանբան /1886-1937 թթ./ գրեց «Մահաջիրներ» դրաման /1920 թ./: Սոցիալիստական շինարաության տարիներին ստեղծագործական եռանդուն գուծունեություն ծավալեցին բանաստեղծներ Օ. Դեմերճաիփան /1910-1939 թթ./, Լ. Լաբախուան /1911-1938 թթ./, Լ. Կվիցենիան /1912-1941 թթ./: Դ. Գուլիայի «Կամաչիչ», Ս. Չամբայի «Սեյդիկ», Ի. Պապասկիրի /ծն 1902 թ./ «Թեմիր» վեպերով ձևավորվեց ազգային գրական արձակը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Աբխազական գրականությունը գեղարվեստորեն արտացոլում էր ժողովրդի հայրենասիրությունը։ Ետպատերազմյան շրջանում լայն ճանաչում են գտել Հայնրապետության ժող բանաստեղծ Բ. Շինկուբայի ստեղծագործությունները։ Մ. Խաշբան, Ի. Թարբան, Ա. Լասուրիան, Դ. Գուլիան /գրում է ռուսերեն/, Ն. Թարբան պատկերում են Աբխազ ժողովրդի կյանքը։ Աբխազերեն են թարգմանվել համաշխարհային դասական գրականության բազմաթիվ երկեր։ Սուխումում լույս է տեսնում «Ալաշարա»/«Լույս» գրական գեղարվեստատան և հասարակական-քաղաքական ամսագիրը։ Աբխազիայում վրացերեն, հայերեն և ռուսերեն ստեղծագործող գրողներից աչքի են ընկնում Շ. Ակոբիան, Ա. Ջիդայանը, Լ. Լյուբչենկոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան, Երևան 1974
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 27