Homo Sapiens, Եղիշե Չարենցի պոեմներից, գրված 1928 -1929 թվականներին Պշիբիշևսկու համանուն գործի ազդեցությամբ։

Homo Sapiens
ԺանրՊոեմ
ՁևՉափածո
ՀեղինակԵղիշե Չարենց
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1928-1929
ՎիքիդարանHOMO SAPIENS

Ժանրային նկարագիր խմբագրել

Բազմաթիվ գրականագետներ իրենց ուշադրությունն են սևեռել ոչ միայն Չարենցի պոեմների թեմատիկ հարստությանը, այլև ներժանրային բազմազանությանը։ Էդվարդ Ջրբաշյանը, անդրադարձ կատարելով Եղ․Չարենցի բազմաթիվ պոեմների, ինչպիսիք են՝ «Homo Sapiens»-ը, «Մեծ առօրյան», «Խմբապետ Շավարշը», «Դեպի լյառն Մասիս»-ը, «Զրահապատ «Վարդան զորավար»»-ը, գրում է հետևյալը[1]

  Տարբեր է նաև հիշյալ գործերի ժանրային նկարագիրը։ Թեև դրանք բոլորն էլ վերջին հաշվով պատկանում են էպիկական պոեզիայի տարատեսակներին, բայց նրանց ժանրային բնույթը (մի բան, որի նկատմամբ, ինչպես հայտնի է, այնքան ուշադիր էր Չարենցը) ամեն անգամ մի նոր որակ է հայտնաբերում։ Ելնելով իր երկերի ժանրային յուրահատկությունների խոր ըմբռնումից՝ բանաստեղծը «Homo Sapiens» և «Մեծ առօրյան» անվանել է չափածո նովել, «Խմբապետ Շավարշը» հրապարակել է իբրև «Ապստամբությունը» չափածո վեպի հատված, իսկ վերջին երկուսը («Դեպի լյառն Մասիս» և «Զրահապատ․․ ») զետեղել է «Գիրք ճանապարհի» մատյանի առաջին՝ պոեմների բաժնում[2]։  

Հայ գրականության մեջ Եղիշե Չարենցը բերում է «չափածո նովելի» տեսակը։ Եթե չլիներ այս տարբերակումը, ապա «Մեծ առօրյան» և «Homo sapiens»-ը, ինչպես նաև «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» և «Գանգրահետ տղան» երկերը կարելի էր դասել պոեմների շարքին։ Սակայն Չարենցը ընթերցողին հուշում է հատուկ ուշադրություն դարձնել նշված գործերում գործողությունների զարգացման ընթացքի փոփոխականության ոչ միագիծ լինելու վրա, որոնք ինչ-որ չափով հիշեցնում են նովելի հատկանիշներ[1]։

Գաղափարական բովանդակություն խմբագրել

«Homo Sapiens»-ը լատիներեն բառ է, որը նշանակում է մտածող, բանական մարդ։ Պոեմում Չարենցի պատանեկան տարիների կյանքի պատմությունն է։ Չարենցը, լինելով անհատական կենսագրության գրող, անհատականի մեջ միշտ էլ ընդհանրացնում է ժամանակի իրական պատկերը։ Նովելում նա մտաբերում է իր պատանեկության տարիները, հոգու աչքերով տեսնում իրեն՝ սև շապիկ հագին, գրքերը թևի տակ, հորը, հայրենի Կարս քաղաքը, Կարսի այգին, վերապրում իր բանաստեղծական երազանքներն ու մարդկային ձգտումները։ Չարենցն ստեղծում է իր պատանեկան շատ տպավորիչ ու վիպական կերպարը։ Հուշի անդրադարձով վերակենդանանում են անցյալի դիմագծերը[3].

  Տասներեք թվի ամառը, հունիսին,

Նաիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ

Անցնում էր, հոգսը երեսին,

Տասնվեց տարեկան մի տղա:-

Վտիտ էր։ Միջահասակ։ Ուսերը նեղ։

Գունատ մազեր ուներ, գունատ ճակատ։

Հագին սև շապիկ սատինե՝

Խունացած, առնըվազը երեք ամառ հագած։

Դեղին երիզներով դպրոցական գլխարկը

Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ։

Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ

Անտարբեր շրջապատին, ինչպես ձի[4] :

 

Այնուհետև նկարագրում է բախումը շրջապատի հետ, գավառական քաղաքի մեռյալ անդորրը, պատանի բանաստեղծի հոգեկան պոռթկումն ու ընդվզումը, հոգեկան ու մտավոր հասունացման ընթացքր։ Այս նույն շրջապատն ու մարդկանց մասին Չարենց դարձած այդ պատանին երեք տարի անց պիտի գրեր[3].

  Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով[5]։  

Այդպես էր, որովհետև այդ միջավայրում նրան ոչ ոք չէր հասկանում։ Անգամ երազած աղջիկը՝ իր դիցուհին, չի վերցնում նրա տված վարդը, չի զրուցում նրա հետ, և նա շրջապատի համար դառնում է օտար։ Անշտապ շարադրանքով նա պատմում է այն մասին, թե հոգու ի՛նչ երազներ ու թռիչքներ ուներ ինքը, և թե ինչքա՛ն մռայլ ու կործանարար էր շրջապատը։ Պատանի հերոսը իր քաղաքի բարքերի ու շրջապատի մարդկանց համեմատ այլախոհ էր, որովհետև երազի ճամփորդ էր, խառնվածքով՝ բանաստեղծ։ Կարդալով լեհ գրող Ստանիսլավ Պշիբիշևսկու «Homo Sapiens» վեպը՝ հեղինակը բաց է անում իր ներաշխարհը։ Այսպես գավառական քաղաքում գրքերի հոգեկան սնունդով հասունանում է հանճարը։ Պատանի հերոսը իր մեջ սնուցում է բանաստեղծ լինելու երազանքը, որպեսզի դառնա բանական մարդ, դառնա գերմարդ, այդպես բարձրանա իր գորշ շրջապատից ու մոռանա նրանց, ովքեր համառորեն ջանում էին կոտրել իր բանաստեղծական երևակայության թևերը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ժենյա Քալանթարյան (2012). Եղիշե Չարենց. Երևան: ԵՊՀ Հրատարակչություն. էջեր 233-234։.
  2. Էդվարդ Ջրբաշյան (1982). Չորս գագաթ. Երևան: Սովտական գրող. էջեր 336։.
  3. 3,0 3,1 3,2 https://kh-tert.livejournal.com/59118.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Եղիշե Չարենց (1983). Երկեր. Երևան: Սովետական գրող հրատարակչություն. էջեր 408-411։.
  5. Եղիշե Չարենց (1983). Երկեր. Երևան: Սովետական գրող հրատարակչություն. էջեր 89-90։.