Ensonhaber․com, թուրքական լրատվական կայք, որը 2006 թվականին հիմնադրել է տնտեսագետ Սերքան Քալեմջիլերը։ Վերջինս 2000-ական թվականների սկզբից ի վեր առցանց ոլորտում է և բավականաչափ մեծ թվով դոմեյնների սեփականատեր է[1]։ Ensonhaber․com լրատվական կայքի հիմնադրումից հետո, Քալեմջիլերը այնտեղ ներառեց արդեն իսկ գոյություն ունեցող իր մի շարք կայքեր՝ ներկայացնելով դրանք որպես նորաստեղծ լրատվական կայքի առանձին բաժիններ։ Ներկայումս կայքի գլխավոր խմբագիրն է Ալփեր Բյույուքդերեն։ Կայքի կարգախոսն է․ «Ոչ թե կողմնակալ ենք, այլ լրատու»։

Ensonhaber
ensonhaber.com
ԿարգախոսՈչ թե կողմնակալ ենք, այլ լրատու
ՏեսակԼրատվական կայք
ԵրկիրԹուրքիա
ԼեզուԹուրքերեն
Բացված2006
Ընթացիկ կարգավիճակԳործող

Կայքի կառուցվածքը խմբագրել

Կայքը բաղկացած է տարբեր բաժիններից, որոնք վերաբերում են սպորտին, առողջապահությանը, ավտոմեքենաներին և այլն։ 2019 թվականին Թուրքիայում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ կայքում բացվել է նաև «Ընտրություններ 2019» բաժինը, որտեղ տեղ են գտնում ՏԻՄ ընտրություններին վերաբերող նորությունները։ «Գիրք» խորագրի ներքո ներկայացվում են թուրք և համաշխարհային հեղինակների կենսագրություններից պատառիկներ, մեջբերումներ տարբեր գրքերից, գրականագիտական վերլուծություններ և այլն։

Պարբերաբար տեղադրվում են շաբաթվա ամենավաճառված գրքերի և նոր լույս տեսած գրքերի ցանկերը։ Բաժնում հաճախ տեղ են գտնում նաև մանկական գրականության վերաբերյալ տարաբնույթ նորություններ։ «Կենսագրություն» խորագրով էջում տեղադրվում են անվանի մշակութային, քաղաքական գործիչների կյանքին և գործունեությանը վերաբերող մանրամասներ, այդ թվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, լուսանկարիչ Արա Գյուլերի, երգիչ Հայկո Ջեփկինի, ինչպես նաև Մեվլանա Ջելալէդդին Ռումիի և շատ այլ թուրք ու համաշխարհային գործիչների մասին։

Կայքի «Պատմություն» բաժնում ներկայացվում են պատմական տարբեր իրադարձությունների վերաբերյալ տվյալներ, հետաքրքիր փաստեր։ Կայքում իր տեղն է գտել նաև «Ճանապարհորդություն» անունը կրող էջը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների տերսարժան վայրերի մասին տեղեկություններ, զբոսաշրջային ոլորտի նորություններ։ Առավել ոչ մասշտաբային իրադարձությունների մասին լուրերը կայքում տեղ են գտնում առանձին «Երրորդ էջ» անվանումը կրող բաժնում։

Ensonhaber.com կայքն ունի նաև «Ուղիղ եթեր» խորագիրը կրող բաժին։ Այս բաժնում ներկայացված են HD որակով հեռարձակվող հեռուստատեսություններից ուղիղ եթերներ։ Առկա են TRT Haber, TGRT Haber, Habertürk, Bloomberg HT, Show TV, Beyaz TV, Bengü Türk, TV Net և այլ հեռուստաալիքների, ինչպես նաև կրոնական երկու ալիքների՝ Al Sunnah TV-ի և Kabe TV-ի ուղիղ եթերները։ Հատկանշական է, որ կայքում կա առանձին բաժին, որ ներկայացնում է ամենօրյա հինգանգամյա նամազի ժամերը՝ Թուրքիայի բոլոր քաղաքներում։ Կայքում նորությունները ներկայացվում են միայն թուրքերենով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Serkan Kalemciler » Hakkında» (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «En Son Haber - Son Dakika Haberler». www.ensonhaber.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.