DIY փաբի պայթյուն
DIY փաբի պայթյուն, 2012 թվականի մայիսի 8-ին Երևանի Ղազար Փարպեցի, 14/11 հասցեում գտնվող DIY փաբում տեղի ունեցած ահաբեկչական գործողություն[1]։
DIY փաբի պայթյուն | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական ակտ |
Երկիր | Հայաստան |
Տեղադրանք | Երևան |
Տարեթիվ | մարտի 8, 2012 |
Զոհվածներ | 0 մարդ |
Վիրավորներ | 0 |
Պատմություն
խմբագրելDIY փաբը գտնվում էր Երևանի Ղազար Փարպեցի, 14/11 հասցեում և պատկանում է Արմինե Օգանեզովային (հայտնի է Ծոմակ մականվամբ)։ 2012 թվականի մայիսի 8-ի առավոտյան 5։30-ի սահմաններում անհայտ անձինք պայթեցրել են փաբը[1]։ Պայթյունից հետո սեփականատերը տեղեկացրել է ոստիկանությանը, իսկ փաբի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը։ Հետագայում գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալվել են 20-ամյա Արամեն և 19-ամյա Համբիկը, ովքեր խոստովանել են, որ այս կառույցի ապակին կոտրելով՝ ներս են մտել, համոզվել, որ ներսում ոչ ոք չկա, գնացել են, բենզին բերել և «փաբը» պայթեցրել։ Փաբի սեփականատիրոջ Արմինե Օգանեզովայի կարծիքով, պայթյունը ատելության նշան էր[1], քանի որ փաբում հաճախակի հավաքվում էին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ[2]։
2012 թվականի մայիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ փաբի սեփականատեր Արմինե Օգանեզովան թափանցիկ ակնարկել է, որ տրամաբանական կլինի պայթյունի համար մեղադրել ՀՅԴ-ն։ Օգանեզովայի խոսքով, պայթյունը շատ կասկածելի ձևով հաջորդել է իր կողմից «Երկիր մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցին, որում ինքը խոսել է իր կողմից Թուրքիա կատարած այցելության և ԼԳԲՏ շքերթին մասնակցելու մասին[1]։ Փաբի սեփականատերը նաև նշել է, որ պայթյունը, թերևս, կատարվել է «Սև ագռավներ» խմբավորման կողմից, որի մեջ, ըստ իրեն, մտնում է շուրջ 30-40 երիտասարդ։ Օգանեզովայի խոսքով, ձերբակալված 20-ամյա «Արամեի երկրորդ փաստաբանը՝ Մելանյա Առուստամյանը ևս դաշնակցության ներկայացուցիչ է, իսկ Արամեի համար 1 միլիոն գրավը վճարել են ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը»[1]։
Արծվիկ Մինասյանը իր հերթին «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականի հետ զրույցում նշել է, որ ինքը իբրև պատգամավոր «հանդես եմ եկել միջնորդությամբ, որ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընդունվի», ինչպես նաև հորդորել է դիտարկել, որ նախկինում ինքը բազմիցս միջնորդել է, որ կասկածյալներին չկալանավորեն։ Օգանեզովայի ենթադրությունները, ըստ Արծվիկ Մինասյանի, իրականությանը չեն համապատասխանում[1]։