300 միլիոն իենի գողություն

300 միլիոն իենի գողություն (ճապ.՝ 三億円事件), ամենախոշոր գողությունը Ճապոնիայում պատմության մեջ, որը տեղի է ունեցել 1968 թվականին։ 2014 թվականի տվյալներով հանցանքը բացահայտված չէ, ավազակի անձը հաստատված չէ, իսկ գողոնը գտնված չէ[1][2]։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

1968 թվականի դեկտեմբերի 10-ին «Նիխոն Սինտակու Գինկո» բանկի չորս աշխատակից 294 307 500 իեն (մոտ 817 520 ԱՄՆ դոլար[3]) էին տեղափոխում մեքենայի բեռնախցիկում։ Գումարը, որը դրված էր 4 մետաղյա արկղերում, Տոշիբա ընկերության գործարաններից մեկի գումարն էր, որը որպես պարգև պետք է տրվեր աշխատակիցներին։ Փողոցներից մեկում՝ քաղաքային բանտից ոչ շատ հեռու, մեքենան կանգնեցրեց ոստիկանական մոտոցիկլետով մի մարդ, որը ոստիկանական համազգեստ էր հագել։ Տղամարդը բանկի աշխատակիցներին հաղորդեց, որ հենց նոր պայթեցվել է իրենց բանկի կառավարչի տունը և որ ըստ ոստիկանության՝ մեքենայում ևս պայթուցիկ կա։ Բանկի աշխատակիցները դուրս եկան ավտոմեքենայից, իսկ տղամարդը մեքենայի տակ մտավ։ Մի քանի վայրկյան անց մեքենայի տակից կրակ երևաց, այնուհետև՝ ծուխ։ «Ոստիկանը» դուրս ցատկեց ճչալով, որ հիմա ամեն ինչ կպայթի և սպասելով, մինչև բանկի աշխատակիցները փախան դեպի բանտի պատը՝ նստեց վերջիններիս ավտոմեքենան և ուղևորվեց անհայտ ուղղությամբ[1]։

Հետաքննություն խմբագրել

Հետաքննությունը վիթխարի ջանք գործադրեց հանցագործին գտնելու ուղղությամբ։ Ներգրավվեց 170000 ոստիկան, որոնք հարցաքննեցին 110000 կասկածյալի և ամբողջ երկրով տարածեցին հանցագործի 780000 ֆոտոռոբոտ։ Հետաքննությունը եկավ այն եզրահանգման, որ փախչելով հանցանքի վայրից՝ ավազակը գնացել է մոտակա թաղամաս, որտեղ փողով արկղը դրել է մեկ այլ ավտոմեքենայի մեջ, որն էլ ավելի ուշ տեղափոխել է երրորդ մեքենայի մեջ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվեց 120 հանցանշան, որոնցից որոշները, ըստ ոստիկանության, հանցագործը դիտավորյալ էր թողել, որպեսզի շեղի հետաքննությունը[1]։

Գողության հետաքննությունը շարունակվեց 7 տարի․ հենց այս ժամկետն է սահմնավել ճապոնական օրենսդրի կողմից նմանատիպ հանցանքների համար։ Ավազակն այդպես էլ չբացահայտվեց, իսկ գումարը՝ չգտնվեց[1]։ Հանցագործի անձի հաստատման հետագա փորձերը կատարեցին լրագրողները, սական նրանցից և ոչ ոք չկարողացավ վստահորեն ապացուցել իր վարկածը[4]։ 1988 թվականին սպառվեց վաղեմության և հանցանքի քաղաքացիաիրավական պատասխանատվության ժամկետը՝ ավազակին հնարավորություն տալով բացեբաց խոստովանել իր արարքը՝ առաց վախենալու, որ դրա համար պատիժ կկրի։ Այդուհանդերձ, հանցագործն այդպես էլ մնաց անհայտ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Ньютон, 2009, էջ 282
  2. 2,0 2,1 «10 December 1968: the '300 million yen robbery'». 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  3. «Currency converter in the past». Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  4. «Weeklies spar over crime of the century». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.

Գրականություն խմբագրել

  • Майкл Ньютон Энциклопедия нераскрытых преступлений (անգլ.՝ The Encyclopedia of Unsolved Crimes). — Facts on File Inc., 2009.

Արտաքին հղումներ խմբագրել