Ֆինտինա Ալբեի միջադեպ

Ֆինտինա Ալբեի միջադեպ կամ Ֆինտինա Ալբեի կոտորած (ռումիներեն՝ Masacrul de la Fântâna Albă), ողբերգություն, որ տեղի է ունեցել 1941 թվականի ապրիլի 1-ին Ուկրաինայի ԽՍՀ-ի Ֆինտինա Ալբե գյուղի մոտակայքում։ Ռումինիայի ու Մոլդովայի իշխանությունների հայտարարությամբ մոտ 3,000 մարդ, որոնք փորձել են անցնել ԽՍՀՄ և Ռումինիայի պետական սահմանները, սպանվել են խորհրդային սահմանապահների կողմից։ Պետական անվտանգության կոմիտեի արխիվներում նշվում է միայն 48 սպանվածի մասին, սակայն ռումինական իշխանությունները, հիմնվելով վկաների ցուցմունքների վրա, պնդում են բազմաթիվ զոհերի մասին, որոնց հետ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը դաժան հաշվեհարդար է տեսել և զանգվածաբար ձերբակալել ու արտաքսել է[1][2]։

ՆախապատմությունԽմբագրել

 
Բուկովինայի տարածքի բաժանումը

1940 թվականին ԽՍՀՄ-ին են միացվել Բեսարաբիան ու Հյուսիսային Բուկովինան, որոնք նախկինում մտնում էին Ռումինիայի կազմի մեջ։ Ռումինական տարածքի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը ստիպված լքել է այն տարածքը, որը Մոլդովական ԽՍՀ-ի հետ հայտնվել է ԽՍՀՄ կազմում։ Շատ ընտանիքներ մասամբ կամ ամբողջությամբ հայտնվել են ԽՍՀՄ տարածքում՝ ստանալով խորհրդային քաղաքացիություն, սակայն ընտանիքների մի մասն էլ հայտնվել է նոր սահմանով բաժանված հատվածում։ Սրանով պայմանավորված՝ ընտանիքի շատ անդամներ փորձել են հատել սահմանը ինչպես խորհրդային ու ռումինացի սահմանապահների թույլտվությամբ, այնպես էլ առանց դրա։ Խորհրդա-ռումինական սահմանների պաշտպանությամբ է զբաղվել ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի՝ Չեռնովցիի 97-րդ սահմանապահ գունդը, որը հսկել է 7,5 կմ ձգվածությամբ հատված Չեռնովցի գյուղից հարավ ընկած տարածքում (այս գունդն է Երկրորդ աշխարհամարտում ընդունել ռումինական ու գերմանական զորքերի առաջին հարվածը)[3]։

Սահմանապահ 97-րդ գնդի գնդի հսկած տարածքով է սահմանը հատելու փորձ կատարել 471 մարդ, որոնք հարակից գյուղերի բնակիչների էին (Գերցա, Գլիբոկա, Պուտիլա, Ստորոժինեց)։ Չեռնովցիի մարզի առավել հեռու բնակավայրերից խորհրդա-ռումինական սահմանը հատել է 628 մարդ։ Կա կարծիք, որ Հյուսիսային Բուկովինայի՝ ԽՍՀՄ կազմում գտվելու առաջին տարում այս տարածքը լքել է 7,000 մարդ՝ տեղափոխվելով Ռումինիա։ Խորհրդային իշխանություններն այս տեսակի սահմանահատումներին ուշադրությունը լարած էին մոտենում՝ սահմանախախտներին համարելով Ռումինիայի պոտենցիալ լրտեսներ պատերազմի նախաշեմին։ 1941 թվականի հունվարի 1-ին 7-րդ գունդը կազմել էր սահմանը լքած կամ լքել պատրաստվողների ցուցակ, որում ընդգրկված էր 1,085 մարդ (դեկտեմբերի 7-ին կազմած մեկ այլ ցուցակ ընդգրկում էր 1,294 մարդ)։

1940 թվականի նոյեմբերի 19-ին Սուչևեն գյուղից 105 մարդ՝ զինված 20 զենքով, որոշել են հատել խորհրդա-ռումինակական սահմանը։ Այդ փորձի ընթացքում նրանք փոխհրաձգություն են սկսել խորհրդային սահմանապահների հետ, որի արդյունքում երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, երկուսը՝ ձերբակալվել։ Կենդանի մնացած վիրավորների հետ քաղաքացիներն անցել են Ռումինիայի Ռադովցի գյուղ։ Հաջորդ օրը բոլոր 105 մարդկանց հարազատներին արտաքսել են գյուղից[4]։ Սակայն փախուստի դեպքերը շարունակվել են․ 1941 թվականի հունվարին Ռումինիա են փորձել անցնել Միհալ, Օստրիցա, Գորեչ գյուղերի բնակիչները․ իսկ փետրվարի 6-ի գիշերը զանգվածային փախուստ են որոշել կազմակերպել Միհալ, Կոտուլ Օստրիցա, Բուդա, Սիրովցի, Գորեչ Ուրբան և Օստրիցա գյուղերի բնակիչները[4]։ Առավոտյան ժամը 6։00-ին սկսվել է հերթական փոխհրաձգությունը․ սահմանախախտների խումբը փորձել է հատել սահմանը․Մերտիկարի, Ն․ Նիկայի և Ն․ Իսակի գլխավորությամբ, սակայն նրանք սպանվել են, մոտ 57 մարդ անցել է գյուղ, 44 մարդ ձերբակալվել է ու հանձնվել դատարանին։ Դատապարտվածներից 12-ը Կիևի ռազմական դատարանի որոշումով գնդակահարվել են, 32-ը դատապարտվել են 10 տարվա ազատազրկման և 5 տարով զրկվել են քաղաքացիական իրավունքներից[4]։ Ռումինական տվյալներով փետրվարի 6-ի առավոտյան սպանվել է փախստականների մեկ երրորդ մասը[5]։

ՈղբերգությունԽմբագրել

Պետրովցի դե Սուս, Պետրովցի դե Ժոս, Կուպկա, Կորչեշտ, Սուչևեն գյուղերից մոտ 3,000 մարդ, իրենց հետ ունենալով սպիտակ դրոշներ, պետական խորհրդանիշեր, ուղևորվել են ռումինական սահման[1][2][6]։ Նրանցից ոմանք հայտարարել են, որ խորհրդային իշխանություններն իբր թույլատրել են հատել սահմանը և անցնել Ռումինիա։ Սահմանին նրանց կանգնեցրել են խորհրդային սահմանապահները՝ պահանջելով դադարեցնել առաջխաղացումը[6]։ Մերժում ստանալով՝ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակիցները կրակ են բացել[6]։ Խորհրդային տվյալներով սպանվել է 44 մարդ (17-ը՝ Պետրովցի դե Յոսից, 12-ը՝ Տրեստյանից, 5-ը՝ Կուպկայից ու Սուչևենից, 3-ը՝ Պետրովցի դե Սուսից, 2-ը՝ Օպրիշենից), սակայն կենդանի մնացածները պնդել են, որ զոհերը շատ են եղել․ սպանվել են կանայք, երեխաներ, ծերեր[2][5][7]։

Ռումինիայի իշխանությունները, հղում կատարելով Բուխարեստի ազգային արխիվին, պնդում են, որ զոհերը շատ են եղել, և խորհրդային իշխանությունները ծրագրել են հարձակումը։ Նրանք նշում են 200, երբեմն էլ 2,000 զոհի մասին, որոնք սպանվել են հրազենային կրակոցներից, իսկ վիրավորվերը սպանվել են հեծելազորի թրերից[2][5]։ Կենդանի մնացած որոշ մարդկանց կապել են ձիերին ու քշել այն տեղը, ուր փոսեր են քանդված եղել․ այնտեղ էլ նետել են սպանվածներին և դեռևս կենդանի մնացածներին ողջ-ողջ թաղել[2]։ Մյուսներին ուղարկել են Գլիբոկ հարցաքննության, որտեղ շատերը զոհվել են կտտանքներից, իսկ մի մասին էլ տարել են հրեական գերեզմանոց, որտեղ կենդանի թաղել են՝ հանգցրած կիր լցնելով վրաները[5]։ Աուրելիան Կերունտուի կարծիքով, այդ օրը սպանվել է մոտ 2,000, հնարավոր է նույնիսկ 7-15 հազար մարդ։ Այս իրադարձությունների ականատես է եղել թոշակառու ուսուցիչ Գեորգի Միխալյուկը, որը 2004 թվականին հրատարակել է «Ասվածի շուրջ» գիրքը, որտեղ միջադեպն անվանել է կոտորած, ցեղասպանություն, սպանդ[5]։

ՀիշատակԽմբագրել

  • Ռումինական իշխանությունները կարծում են, որ Ֆինտինա Ալբեի ողբերգությունը բռնաճնշում է եղել ռումինացի ժողովրդի հանդեպ, որ կազմակերպել են խորհրդային իշխանությունները։ Նրանք Ռուսաստանից ու Ուկրաինայից պահանջում են ներողություն խնդրել միջադեպի համար[8]։ Ուկրաինան միայն 2000 թվականին է միացել փաստերի ուսումնասիրմանը․ հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ռուս-խորհրդային սահմանը հատել ցանկացած զոհերի՝ էթնիկ ռումինացիների հիշատակին նվիրված հոգեհանգստի առաջին արարողությունը[5]։
  • Մոլդովայում ամեն տարի՝ միջադեպի տարելիցին, կազմակերպվում են հիշատակի արարողություններ։ Մոլդովացի ակտիվիստներն ամեն տարի հավաքվում են Ռուսաստանի դեսպանության առաջ՝ պահանջելով ներողություն հայտնել և ընդունել խաղաղ բնակիչների մահվան մեղքը[9]։
  • Ռումինիայում 2014 թվականից ազգայնական առանձին խմբեր իշխանություններից պահանջում են հետաքննություն սկսել Ֆինտինա Ալբեի միջադեպի առիթով։ Մինչև 1989 թվականը Ռումինիայում արգելվել է քննարկել 1941 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած Ֆինտինա Ալբեի իրադարձությունները[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել