Ֆինանսական գործիք, պայմանագիր, որը մի կազմակերպությունում առաջացնում է ֆինանսական ակտիվ, մյուսում` ֆինանսական պարտավորություն կամ բաժնային գործիք։ Ֆինանսական ակտիվի (նաև դրամական միջոց, այլ կազմակերպության բաժնային գործիք, պայմանագրային իրավունք) միջոցով կարելի է այլ կազմակերպությունից ստանալ դրամական միջոց կամ այլ ֆինանսական ակտիվ, ինչպես նաև այլ կազմակերպության հետ, իր համար պոտենցիալ նպաստավոր պայմաններով, փոխանակել ֆինանսական ակտիվներ կամ ֆինանսական պարտավորություններ։ Ֆինանսական ակտիվի օրինակ է դեբիտորական պարտքը, բանկերում ավանդադրված գումարը և այլն։ Ֆինանսական պարտավորությունը պայմանագրային պարտականություն է, որի միջոցով այլ կազմակերպությանը կարելի է տրամադրել դրամական միջոց կամ այլ ֆինանսական ակտիվ և այլ կազմակերպության հետ, իր համար պոտենցիալ ոչ նպաստավոր պայմաններով, փոխանակել ֆինանսական ակտիվներ կամ ֆինանսական պարտավորություններ։ Ֆինանսական պարտավորության օրինակ է ստացված վարկը, բյուջեի գծով պարտավորությունը, ձեռքբերված նյութերի գծով կրեդիտորական պարտքը։ Տրված (ստացված) կանխավճարը ֆինանսական ակտիվ (պարտավորություն) չէ։ Բաժնային գործիքը պայմանագիր է, որը հավաստում է կազմակերպության` բոլոր պարտավորությունները հանելուց հետո մնացած ակտիվների բաժնի նկատմամբ իրավունք։ Բաժնային գործիքի օրինակ է բաժնետիրական ընկերության սովորական բաժնետոմսերը։ Հաշվետու կազմակերպությանը պատկանող մեկ այլ կազմակերպության բաժնետոմսերը հաշվետու կազմակերպության համար ֆինանսական ակտիվ են, իսկ մյուսի համար` բաժնային գործիք[1]։

Ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների դասակարգում խմբագրել

ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի համաձայն` ֆինանսական գործիքների տարատեսակներ են հիմնական ֆինանսական գործիքները (առևտրական դեբիտորական պարտքերը, դրամական միջոցները և այլն) և այլ ֆինանսական գործիքները (ֆյուչերսային, ֆորվարդային պայմանագրերը և այլն)։

Ըստ ՖՀՄՍ 9-ի՝ ֆինանսական ակտիվները դասակարգվում են որպես. ամորտիզացված արժեքով չափվող, իրական արժեքով չափվող` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով, իրական արժեքով չափվող` շահույթի կամ վնասի միջոցով, իսկ ֆինանսական պարտավորությունները` ամորտիցացված արժեքով չափվող, իրական արժեքով չափվող` շահույթի կամ վնասի միջոցով։

Ֆինանսական ակտիվը պետք է չափվի ամորտիզացված արժեքով, եթե բավարարվում են հետևյալ 2 պայմանները`

  • ֆինանսական ակտիվը պահվում է բիզնես մոդելի շրջանակում, որի նպատակն է պայմանագրային դրամական հոսքերի հավաքման համար ֆինանսական ակտիվներ պահելը, և
  • ֆինանսական ակտիվի պայմանագրային պայմանները որոշակի ամսաթվերին առաջացնում են դրամական հոսքեր, որոնք բացառապես մայր գումարի և չմարված մայր գումարի վրա հաշվարկված տոկոսների վճարումներ են։

Ֆինանսական ակտիվը պետք է չափվի իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով, եթե բավարարվում են հետևյալ 2 պայմանները`

  • ֆինանսական ակտիվը պահվում է բիզնես մոդելի շրջանակում, որի նպատակն իրագործվում է թե պայմանագրային դրամական հոսքերի հավաքման միջոցով, թե ֆինանսական ակտիվներ վաճառելով, և
  • ֆինանսական ակտիվի պայմանագրային պայմանները որոշակի ամսաթվերին առաջացնում են դրամական հոսքեր, որոնք բացառապես մայր գումարի և չմարված մայր գումարի վրա հաշվարկված տոկոսների վճարումներ են։

Ֆինանսական ակտիվը պետք է չափվի իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով, բացառությամբ երբ այն չափվում է ամորտիզացված արժեքով կամ իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով։

Ֆինանսական գործիքների ճանաչում և չափում խմբագրել

Սկզբնական ճանաչում խմբագրել

Կազմակերպությունը ֆինանսական ակտիվը կամ ֆինանսական պարտավորությունն իր ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում պետք է ճանաչի այն և միայն այն դեպքում, երբ դառնում է գործիքի պայմանագրային կողմ։

Սկզբնական չափում խմբագրել

Ֆինանսական գործիքի իրական արժեքը սկզբնական ճանաչման պահին սովորաբար գործարքի գինն է (այսինքն՝ վճարված կամ ստացված հատուցման իրական արժեքը։ Սակայն, եթե վճարված կամ ստացված հատուցման մի մասը ֆինանսական գործիքի դիմաց չէ, ապա կազմակերպությունը պետք է չափի ֆինանսական գործիքի իրական արժեքը։ Օրինակ՝ ոչ տոկոսակիր երկարաժամկետ փոխառության կամ դեբիտորական պարտքի իրական արժեքը կարելի է չափել` որպես բոլոր ապագա դրամական միջոցների մուտքերի ներկա արժեք՝ զեղչված համանման պարտքային վարկանիշով համանման գործիքների (համանման՝ արժույթի, ժամկետի, տոկոսադրույքի տեսակի և այլ գործոնների տեսանկյունից) համար շուկայում գերակշռող տոկոսադրույքով (տոկոսադրույքներով)։ Փոխառությամբ տրված ցանկացած լրացուցիչ գումար ծախս է կամ եկամտի նվազեցում, եթե միայն այն չի համապատասխանում որևէ այլ տիպի ակտիվ ճանաչվելու պահանջներին։ Եթե կազմակերպությունը տրամադրում է փոխառություն, որը կրում է շուկայականից տարբեր տոկոսադրույք (օրինակ՝ 5 տոկոս, երբ համանման փոխառությունների շուկայական տոկոսադրույքը 8 տոկոս է), և որպես հատուցում սկզբնապես գանձում է վճար, ապա կազմակերպությունը ճանաչում է փոխառությունն իր իրական արժեքով, այսինքն՝ ստացված վճարը հանած։ Սկզբնական ճանաչման պահին ֆինանսական գործիքի իրական արժեքի լավագույն ապացույցը սովորաբար գործարքի գինն է (այսինքն` տրված կամ ստացված հատուցման իրական արժեքը)։ Եթե կազմակերպությունը որոշում է, որ սկզբնական ճանաչման պահին իրական արժեքը տարբերվում է գործարքի գնից, ապա կազմակերպությունը պետք է հաշվառի այդ գործիքն այդ ամսաթվով։ Կազմակերպությունը պետք է սկզբնական ճանաչման պահին իրական արժեքի և գործարքի գնի միջև տարբերությունը ճանաչի որպես օգուտ կամ կորուստ։

Հետագա չափում խմբագրել

Ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության հետագա չափումը, ինչպես նաև օգուտների ու կորուստերի հետագա ճանաչումը պետք է համապատասխանի ՖՀՄՍ-ի պահանջներին։

ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի համաձայն` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կազմակերպությունը պետք է չափի հիմնական ֆինանսական գործիքները ամորտիզացված արժեքով՝ կիրառելով արդյունքային տոկոսադրույքի մեթոդը` առանց հանելու գործառնության հետ կապված որևէ ծախսում, որը կազմակերպությունը կարող է կրել վաճառքի կամ այլ օտարման դեպքում։

Ամորտիզացված արժեք և արդյունավետ տոկոսադրույքի մեթոդ խմբագրել

Ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության ամորտիզացված արժեքը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ստորև նշվածների զուտ գումարն է`

  1. գումարը, որով ֆինանսական ակտիվը կամ ֆինանսական պարտավորությունը չափվում է սկզբնական ճանաչման պահին,
  2. հանած հիմնական գումարի ցանկացած մարումներ,
  3. գումարած կամ հանած սկզբնական ճանաչման գումարի և մարման գումարի միջև ցանկացած տարբերության կուտակված ամորտիզացիան` հաշվարկված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդով,
  4. հանած ֆինանսական ակտիվի արժեզրկման կամ անհավաքագրելիության գծով ցանկացած նվազեցում։

Ֆինանսական ակտիվները և ֆինանսական պարտավորությունները, որոնք չունեն սահմանված (անվանական) տոկոսադրույք և դասակարգված են որպես ընթացիկ ակտիվներ կամ ընթացիկ պարտավորություններ, սկզբնապես չափվում են չզեղչված գումարով։ Վերոնշյալ 3-րդ կետը չի կիրառվում դրանց նկատմամբ։ Արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության ամորտիզացված արժեքի հաշվարկման և համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում տոկոսային հասույթի կամ տոկոսային ծախսի բաշխման մեթոդ է։ Արդյունավետ տոկոսադրույքը այն դրույքն է, որը ֆինանսական գործիքի գործողության ակնկալվող ժամկետի համար, գնահատված դրամական միջոցների ապագա վճարումները կամ ստացվելիք գումարները ճշգրտորեն զեղչում է մինչև ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության հաշվեկշռային արժեքը։ Արդյունավետ տոկոսադրույքը որոշվում է ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության սկզբնական ճանաչման պահի դրությամբ հաշվեկշռային արժեքի հիման վրա։ Արդյունավետ տոկոսադրույքի մեթոդի համաձայն` ֆինանսական ակտիվի (պարտավորության) ամորտիզացված արժեքը ապագա դրամական մուտքերի (վճարումների) ներկա արժեքն է` զեղչված արդյունավետ տոկոսադրույքով, ժամանակաշրջանի տոկոսային ծախսը (հասույթը) հավասար է ժամանակաշրջանի սկզբի դրությամբ ֆինանսական պարտավորության (ակտիվի) հաշվեկշռային արժեքի և ժամանակաշրջանի արդյունավետ տոկոսադրույքի արտադրյալին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ.