Ֆեմինիստական արվեստի ծրագիր
Ֆեմինիստական արվեստի ծրագիր (անգլ.՝ Feminist Art Program, FAP), կանանց համար նախատեսված քոլեջային մակարդակի արվեստի ծրագիր, որն ստեղծվել է 1970 թվականին նկարչուհի Ջուդի Չիկագոյի կողմից ու շարունակվել նկարչուհիներ Ռիտա Յոկոյիի, Միրիամ Շապիրոյի և այլոց կողմից։ Ծրագիրը մեկնարկել է Ֆրեզնոյի պետական քոլեջում որպես գեղարվեստական կրթության մեջ և ընդհանրապես արվեստի աշխարհում գենդերային անհավասարությունների լուծման միջոց։ 1971 թվականին Ջուդի Չիկագոն ու Միրիամ Շապիրոն ծրագիրը ներկայացրել են նորաբաց Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում, իսկ Ռիտա Յոկոյին շարունակել է ղեկավարել Ֆրեզնոյի հատվածը մինչև 1992 թվականին իր թոշակի անցնելը։ Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում ծրագիրն աշխատել է մինչև 1976 թվականը, որտեղ ուսանողներն ընթերցել են կին գրողների գործեր, ուսումնասիրել կին նկարիչներին և արվեստ ստեղծել կին լինելու մասին՝ հիմնվելով խմբային գիտակցության բարձրացմանն ուղղված դասընթացների վրա։ Հաճախ ծրագիրն առանձնացել է արվեստի դպրոցի մյուս հատվածից, որը թույլ էր տալիս կանանց զարգանալ ջերմոցային միջավայրում և հեռու խորաթափանց քննադատություններից[1]։ Թեև անջատողական գաղափարախոսությունը քննադատվել է որպես սեռն ամրապնդող, ծրագիրը մնայուն տպավորություն է թողել ֆեմինիստական արվեստի վրա, որը կարելի է տեսնել հետահայաց, խմբային ցուցահանդեսներում և սկզբնական նախագծերի ստեղծագործական վերագործարկումներում։
Ֆրեզնոյի ֆեմինիստական արվեստի ծրագիրԽմբագրել
Սկզբնական ծրագիրն ստեղծվել է Ջուդի Չիկագոյի կողմից և մեկնարկել Ֆրեզնոյի պետական քոլեջում (այժմ՝ Ֆրեզնոյում Կալիֆոռնիայի պետական համալսարան) 1970 թվականի աշնանը։ 1971 թվականի գարնանն այն դարձել է ամբողջական 15 միավորանոց ծրագիր, որն ԱՄՆ-ում առաջին ֆեմինիստական արվեստի ծրագիրն էր։ Ֆրեզնոյի պետական քոլեջում Ջուդի Չիկագոն դասավանդել է տասնհինգ ուսանողի՝ Դորի Ատլանտիս, Սյուզան Բոուդ, Գայլ Էսկոլա, Վանալին Գրին, Սյուզան Լեյսի, Քեյ Լանգ, Կարեն ԼեԿոկ, Յան Լեսթեր, Քրիս Ռաշ, Ջուդի Շեֆեր, Հենրիետա Սփարկման, Ֆեյթ Ուիլդինգ, Շոունի Վոլլենման, Նենսի Յուդելման և Շերիլ Ցյուրիլգեն[2]։ Նկարչուհի Վիքի Հոլն աշխատել է որպես Ջուդի Չիկագոյի օգնական[3]։ Միասին այս կանայք վարձել և վերանորոգել են համալսարանից դուրս, Մեյփլ Էվնյու 1275 հասցեում գտնվող ստուդիան, որտեղ նրանք համագործակցել են արվեստի շուրջ, բացել ընթերցանության և քննարկումների խմբեր իրենց կյանքի փորձի վերաբերյալ, որոնք այնուհետև ազդեցություն են ունեցել իրենց արվեստի վրա։
Ֆրեզնոյի ֆեմինիստական արվեստի ծրագիրը ծառայել է որպես մոդել այլ ֆեմինիստական արվեստի նախագծերի համար, ինչպիսին է Womanhouse-ը։ Շեյլա դե Բրետեվիլը և Առլեն Ռեյվենը նույնպես դասավանդել են այդ ծրագիրը։ Womanhouse-ը, Ֆրեզնոյի նախագծի նման, նույնպես վերածվել է ֆեմինիստական ստուդիական տարածքի և առաջ մղել համատեղ կանանց արվեստի հայեցակարգը[2]։
Ջուդի Չիկագոյի՝ Կալիֆոռնիայի համալսարան տեղափոխվելուց հետո դասընթացը Ֆրեզնոյի պետական քոլեջում 1971 - 1973 թվականներին շարունակել է Ռիտա Յոկոյին, որից հետո 1973 - 1992 թվականներին՝ Ջոյս Էյկենը[Ն 1]։
Ֆեմինիստական արվեստի ծրագիր Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտումԽմբագրել
Հետագայում Չիկագոն և Միրիամ Շապիրոն վերականգնել են Ֆեմինիստական արվեստի ծրագիրը (FAP) Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում։
Ֆեմինիստական արվեստի ծրագիրը (FAP) ստեղծվել է Ջուդի Չիկագոյի և Միրիամ Շապիրոյի կողմից Վալենսիայի Կալիֆոռնիայի արվեստների ինստիտուտում 1971 թվականին։ Հիմնվելով «արմատական կրթական տեխնիկայի» վրա, որոնք նրանք առաջին անգամ փորձարկել էին կանանց դասարաններում 1970-1971 թվականներին Ֆրեզնոյի պետական քոլեջում աշխատելիս, Չիկագոն և Շապիրոն ստեղծել են իր տեսակի մեջ առաջին ծրագիրը՝ հասանելի միայն կանանց։ Չիկագոն մասնավորապես հասկացել էր, որ նա պետք է «վերափոխի» իր կրթությունը որպես արվեստի պատմաբան, քանի որ նրան դասավանդել էին բացառապես տղամարդիկ ու նա համարում էր, որ այդ ենթատեքստն իրեն՝ որպես նկարչի, տղամարդկանց ազդեցություն է պարտադրում և թույլ չի տալիս զարգացնել իր «սեփական ձևերը, գեղարվեստական լեզուն և թեմատիկան»[1]։
Ֆեմինիստական արվեստանոցի աշխատարանԽմբագրել
Ֆեմինիստական արվեստանոցի աշխատարանն ստեղծվել է 1973 թվականին Լոս Անջելեսում Ջուդի Չիկագոյի, Առլեն Ռեյվենի ու Շեյլա դե Բրետեվիլի կողմից՝ որպես երկամյա ֆեմինիստական արվեստի ծրագիր։ Ծրագրում ընդգրկված կանայք մեծ դեր են ունեցել Կանանց շենքը՝ կանանց արվեստը և մշակույթը ցուցադրող առաջին անկախ կենտրոնը, գտնելու և ստեղծելու գործում։ Հիասթափված Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում տղամարդկանց գերակշռող մթնոլորտից և ցանկանալով ունենալ սեփական տարածքը՝ կանայք մոդելավորել են իրենց դասերը ոչ հիերարխիկ կառուցվածքի հիման վրա և կենտրոնացել ուսանողներին արվեստի ոչ ավանդական ձևերով, ինչպիսիք են՝ կատարողական արվեստն ու գրաֆիկական դիզայնը, դասավանդման վրա։ 1974 թվականին Չիկագոն հեռացել է ֆեմինիստական արվեստանոցի աշխատարանից «The Dinner Party» ստեղծագործության վրա աշխատելու նպատակով, իսկ 1970-ական թվականների վերջին հեռացել են նաև Ռեյվենն ու Բրետեվիլը․ ծրագրի ղեկավարումն ստանձնել են նախկին ուսանողները։ Սակայն ֆեմինիստական արվեստանոցի աշխատարանին գրանցումը նվազել է, քանի որ փոխվել է քաղաքական մթնոլորտը և նվազել պետական ֆինանսավորումը։ Ծրագիրը փակվել է 1981 թվականին, թեև Կանանց շենքը բաց է եղել մինչև 1991 թվականը[4][5]։
ՆշումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Harper Paula (1985)։ «The First Feminist Art Program: A View from the 1980s»։ Signs (journal) 10 (4): 762–81։ JSTOR 3174313
- ↑ 2,0 2,1 2,2 Dr. Laura Meyer, Nancy Youdelman։ «A Studio of Their Own: The Legacy of the Fresno Feminist Art Experiment»։ A Studio of their Own։ Վերցված է 8 January 2011
- ↑ Fields Jill (2012)։ Entering the Picture: Judy Chicago, The Feminist Art Program and the Collective Visions of Women Artists։ New York, NY: Routledge։ էջեր 37–41։ ISBN 0415887690
- ↑ Meyer Laura (2003)։ «The Los Angeles Woman’s Building and the Feminist Art Community, 1973–1991»։ in James David E.։ Sons And Daughters Of Los: Culture And Community In L.A.։ Temple University Press։ էջեր 39–62։ ISBN 978-1-59213-012-2
- ↑ Sorkin Jenni (2011)։ «Learning From Los Angeles: Pedagogical Predecessors at the Woman's Building»։ Doin' It in Public: Feminism and Art at the Woman's Building։ Otis College of Art and Design։ էջեր 36–65։ ISBN 0930209222
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆեմինիստական արվեստի ծրագիր կատեգորիայում։ |