Ֆաշիզմի ուսումնասիրման ընկերություն

Ֆաշիզմի ուսումնասիրման ընկերություն (գերմ.՝ Gesellschaft zum Studium des Faschismus; GSF), քաղաքական ակումբի կարգավիճակ ունեցող գերմանական ֆաշիստական կազմակերպություն, որը գործել է Վայմարյան հանրապետության վերջին և Երրորդ Ռայխի գոյության առաջին տարում։ Ստեղծվել է Վալդեմար Պաբստի նախաձեռնությամբ։ Քարոզել է իտալական ֆաշիզմի փորձը, ամրացրել պահպանողական ուժերի և նացիստական կուսակցության միջև առկա քաղաքական միությունը։ Հանդես է եկել ազգայնական բռնապետության հաստատման օգտին։ Ընկերությանն անդամակցել են աջ-ծայրահեղական քաղաքական գործիչներ, պաշտոնաթող զինվորականներ, ֆինանսական-արդյունաբերական էլիտայի ներկայացուցիչներ և գերմանական մտավորականության պահպանողական-հեղափոխական ներկայացուցիչներ։ Լուծարվել է գերմանական ռեժիմի կողմից՝ իշխանության գալուց անմիջապես հետո։

Պահպանողական-նացիստական միություն խմբագրել

Ընկերությունը ստեղծվել է 1931 թվականի դեկտեմբերի 5-ին, Բադ Գարցբուրգում տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո, որի արդյունքում ստեղծվել էր նաև Հարցբուրգի ճակատը։ Վերջինս պահպանողական-ազգայնական ուժերի և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության կոալիցիան էր։ GSF-ի ստեղծման նախաձեռնողը եղել է գերմանական կայզերական բանակի նախկին կապիտան, ֆրայկորի և հեյմվերի հրամանատար Վալդեմար Պաբստը։ Վերջինս եղել է նաև Կարլ Լիբկնեխտի և Ռոզա Լյուքսեմբուրգի սպանության կազմակերպիչը, ինչպես նաև Կապի պուտչի մասնակից։

Պաբստը հիմնական խնդիր համարում էր ավանդական ազգայնականության և նացիզմի միջև միության ամրապնդումը։ Պաբստի համար կապող օղակը համարվում էր իտալական ֆաշիզմի գաղափարախոսությունը՝ երկու կողմերի համար այս կամ այն չափով ընդունելի պայմաններում։ Այդպիսով, GSF-ի քաղաքական նպատակը եղել է «Հարցբուրգի ճակատի» հզորացումը։ Հեռահար նպատակներից էին Վեյմարյան հանրապետության պառլամենտական-դեմոկրատական ռեժիմի լուծարումը, ազգայնական բռնապետության հաստատումը, Գերմանիային բնորոշ ֆաշիստական կոնցեպցիայի մշակումը և իրականացումը։

Հիմնական մասնակիցներ խմբագրել

Ընդհանուր առմամբ, ընկերությանն անդամակցել են 329 մասնակիցներ՝ պահպանողական և աջ ծայրահեղական քաղաքական գործիչներ, պաշտոնաթող կայզերական զինվորականներ, խոշոր արդյունաբերողներ, հողատեր արիստոկրատիայի ներկայացուցիչներ, ազգայնամոլ մտավորականներ։ Առավել հայտնի անդամներից են․

Ընդհանուր առմամբ, այսպիսի անդամների առկայությունը փաստում էր ընկերության գործունեության հիմնական նպատակը։ GSF-ի քաղաքական կառուցվածքում առավել շատ ներկայացված էին ՆՍԳԲԿ-ի և Գերմանական ազգային ժողովրդական կուսակցության, ինչպես նաև «Շտալհելմի» անդամները։ Ձեռնարկատեր մասնակիցները հիմնականում առնչվում էին ծանր արդյունաբերական (մետալուրգիա, ածխի արդյունաբերություն) և բանկային հատվածներին։ Հումանիտար մտավորականությունը ներկայացված էր պահպանողական հեղափոխականներով, նիցշեական քարոզիչները, «զինված բոհեմի» գաղափարախոսները։

Գաղափարախոսություն և գործունեություն խմբագրել

Հիմնադիրների կարծիքով, GSF-ի նպատակը եղել է «Հարցբուրգի ճակատին» գաղափարական աջակցությունը, ինչպես նաև պահպանողականների և նացիոնալ-սոցիալիստների միջև ամուր կամրջի ստեղծումը[1], որոնք զրկվել էին Վեյմարյան ռեժիմի իշխանությունից։ Նպատակների թվում էին նաև Գերմանիայում կոմունիստական և մարքսիստական ուժերի ճնշումը, աջ ազգայնական բռնապետության հաստատումը, ապագա սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակումը՝ ֆաշիստական կորպորատիվիզմի շրջանակներում։ Ընկերությունը նախատեսում էև դառնալ գերմանական էլիտայի համար ֆաշիստական գաղափարախոսության գեներատոր։

GSF-ի աշխատանքի գլխավոր մեթոդը եղել է էլիտար հասարակությունում ամենամսյա դասախոսությունների վարումը։ Չնայած իր անվանմանը, ընկերությունն զբաղվում էր ոչ թե ուսումնասիրություններով և հետազոտություններով, այլ ինտենսիվ քարոզչությամբ։ Զեկույցները և քննարկումները կրում էին քաղաքական թեժ բնույթ։ Հիմնական քննարկումները շրջանառվում էին ազգայնականության, հակակոմունիզմի, հակալիբերալիզմի, ֆյոլկիշեի գաղափարների, Բենիտո Մուսոլինիի ռեժիմի և ժողովրդավարության կատեգորիկ ժխտման շուրջ։

Ընկերությունը ՆՍԳԲԿ-ին ցուցաբերել է էական գաղափարախոսական աջակցություն, մեծ դերակատարում ունեցել նացիստների՝ իշխանության գալու գործընթացին («Տնտեսության օրգանական կառուցվածքի կազմավորման մասին» օրենք, «Պարտադիր կարտելների ստեղծման մասին» օրենք, Գերմանական աշխատանքային ճակատ)։

Պարտություն հաղթանակից հետո խմբագրել

1933 թվականի հունվարի 30-ին Ադոլֆ Հիտլերը նշանակվել է ռեյխսկանցլեր։ GSF-ն հասել էր իր նպատակին։ Ընկերության բազմաթիվ անդամներ հավակնում էին պետական պաշտոնների։ 1933 թվականի մարտին GSF-ի կազմում ձևավորվել է հատուկ կոմիտե՝ նոր կառավարությանը սոցիալ-տնտեսական բարեփոխումների առաջարկություններ ներկայացնելու համար։

Սակայն իրադարձություններն զարգացան այլ կերպ։ Հիտլերյան վերնախավն GSF-ի օգնության կարիքն այլևս չուներ, իսկ, գլխավորը, չէր պատրաստվում ներդնել իտալական ֆաշիստական կառուցվածքը (կորպորատիվ համակարգը մերժվել է, քանի որ, նացիստների կարծիքով, թույլ էր տալիս հասարակական կառույցներին ազդել պետական իշխանության վրա[2])։ Ընկերության մի շարք անդամների հայացքների ինքնուրույնությունը և քաղաքական ամբիցիաները բացասականորեն ազդում էին նացիստական ղեկավարության վրա։

Արդեն 1933 թվականի կեսերին GSF-ի գործունեությունը դադարեցվել է։ Տարվա վերջին Ֆաշիզմի ուսումնասիրման ընկերությունը լուծարվել է իշխանության կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Klaus Gietinger. Mörder der Revolution. Waldemar Pabst — Brückenbauer zwischen Konservatismus und Faschismus. Ein Forschungsbericht, 16. Januar 2008.
  2. ФИНАЛ В ПРЕИСПОДНЕЙ. Старт над пропастью

Գրականություն խմբագրել

  • Manfred Wichmann. Waldemar Pabst und die Gesellschaft zum Studium des Faschismus. Berlin 2013.

Արտաքին հղումներ խմբագրել