Օպիսթորիխոզ, մարդկանց և կենդանիների ճիճվային հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում են լյարդը, լեղուղիները և ենթաստամոքսային գեղձը։ Հարուցիչը կատվի երկծըծանն է (լատին․՝ Opisthorchis felineusՈրդի զարգացման թրթուրային շրջանը տեղի է ունենում խխունջի, ապա ձկան, իսկ հասունը՝ մարդու, կատվի, շան, խոզի և այլ կենդանիների օրգանիզմում։ Մարդը վարակվում է վարակված ձուկը կիսաեփ կամ քիչ աղը դրած վիճակում ուտելուց։ Հիմնական ախտանշաններն են․ լյարդի մեծացում, երբեմն՝ լյարդի ցիռոզ, մարսողության խանգարում, ցավեր ստամոքսի և աջ ենթակողային շրջաններում, գլխացավ, գլխապտույտ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ Ախտորոշվում է մանրադիտակային հետազոտությամբ՝ կղանքի և 12-մատնյա աղիքի հյութի մեջ որդի ձվիկների հայտնաբերմամբ։ Բուժումը․ քլոքսիլով։ Կանխարգելումը․ օգտագործելուց առաջ ձկնամթերքի բավարար ջերմային և աղային մշակում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։