Որդեր ( (լատին․՝ Vérmes, նաև՝ հելմինթներ, ճիճուներ), առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է։

Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ։ Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին։ Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ։ Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ։ Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում։ Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները։ Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը։

Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ)։ Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն։

Որդերի տեսակները խմբագրել

Տափակ որդեր խմբագրել

Տափակ որդերն ապրում են ջրում։ Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում։

Ծծող որդեր խմբագրել

Ծծող որդերի շատ տեսակներ հայտնի են որպես մարդկանց և կենդանիների տրեմատոդոզների հարուցիչներ. մակաբուծում են մարդու լյարդում, ենթաստամոքսային գեղձում, աղիներում արյան մեջ, առաջացնում են տարբեր խանգարումներ և հիվանդություններ։ Երիզորդերը սեռահասուն փուլում մարդու և կենդանիների աղիների մակաբույծներ են, առաջացնում են տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ և այլ հիվանդություններ։

Կլոր որդեր խմբագրել

Կլոր որդերի (նեմատոդներ) շարքին են դասվում ասկարիդները, մազագլուխները, սրատուտները, ֆիլարիաները, տրիխինելները և այլն։ Սրանք մեծ քանակությամբ ապրում են հողում, ծովերում և քաղցրահամ ջրերում։ Շատերը բույսերի, կենդանիների և մարդկանց մակաբույծներ են. առաջացնում են ասկարիդոզ, տրիխինելոզ, ֆիլարիատոզ և այլ հիվանդություններ։

Փշագլուխներ խմբագրել

Փշագլուխները (գլանաճիճուներ) ապրում են անողնաշարավոր կենդանիների աղիներում։ Մարմինը երկարավուն է (1–65 սմ), առջևի ծայրին գտնվում է կեռիկներով կնճիթը, որով կպչում է տիրոջ աղիների պատին։ Կենդանիների ականտոցեֆալոզ հիվանդության հարուցիչներ են, երբեմն հիվանդանում են նաև մարդիկ։

Օղակավոր որդերը խմբագրել

Օղակավոր որդերը (անելիդներ) բաժանվում են 4 դասի. բազմախոզանավորներ, որոնք առավելապես ծովային տեսակներ են, սակավախոզանավորներ՝ անձրևորդեր (հիմնականում ապրում են հողում և քաղցրահամ ջրերում), տզրուկներ (ապրում են քաղցրահամ ջրերում և ծովերում), էխիուրիդներ՝ ոչ մեծ քանակով ծովի գրունտում ապրող որդեր, որոնք կորցրել են մարմնի հատվածավորությունը։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում տզրուկները, որոնց մեծամասնությունը սնվում է կենդանիների, երբեմն՝ մարդու արյունով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տիգրան Մեծ հրատարակչությա» Դպրոցականի Մեծ հանրագիտարան գիրք 1, հատոր2 2008 թ գլխավոր տնօրեն Վ.Վ.Մարկոսյան, գլխավոր ճարտարապետ Ա.Ս.գասպարյան,արտադրության պետ Լ.Ս.Ղազանչյան,գունային կարգավորող Ա.Կ. Գրիգորյան, տպագրիցներ Ա.Ա. Խուրշուդյան, Տ.Լ դավթյան

Նկարներ խմբագրել

Որդերի մի քանի տեսակի նկարներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդեր» հոդվածին։