Օնկոհոգեբանություն, միջդիսցիպլինար հետազոտությունների և հոգեբանական պրակտիկայի ոլորտ, որը առնչվում է հոգեբանության, սոցիոլոգիայի, ուռուցքաբանության հետ[1]։

Այն ստեղծվել և զարգանում է որպես ուռուցքաբանության ենթաբաժին։ Հոգեուռուցքաբանությունը դուրս է գալիս քաղցկեղի ֆիզիոլոգիական բուժման սահմաններից և ներառում է հիվանդի կյանքի ոճը, ուռուցքային հիվանդությունների հոգեբանական և սոցիոլոգիական ասպեկտները։ Այն ուսումնասիրում է ուռուցքային հիվանդության ազդեցությունը հիվանդի հոգեբանական առողջության վրա, այնպես էլ՝ հոգեբանական և սոցիալական գործոնների ազդեցությունը (այսինքն՝ հիվանդի ընտանք-բժշկական անձնակազմ փոխազդեցություններ) կանցերոգենեզի և դրա ընթացքի վրա։ Բացի այդ այն ուսումնասիրում է Կոգնիտիվ խանգարումները, որ առաջանում են քիմիոթերապիայի և լուսային թերապիայի հետևանքով, ինչպես նաև պլացեբո և նոցեբո ազդեցությունները։

Օնկոհոգեբանության կարևոր բաժին է նաև Պալիատիվ օգնությունը։ Այն համեմատաբար նոր բաղադրիչ է ժամանակակից առողջապահական համակարգում։

Սահմանում խմբագրել

Օնկոհոգեբանության առաջին սահմանումը պատկանում է Ջ. Հոլլանդին, ըստ որի՝ այն ուսումնասիրում է՝

  • հիվանդության բոլոր մակարդակներում հիվանդի հուզական ռեակցիան, նրա՝ ընտանիքի, բուժող անձնակազմի հետ ունեցած հարաբերությունները,
  • հոգեբանական, վարքային, սոցիալական այն գործոնները, որոնք կարող են ազդել հիվանդության առաջացման, զարգացման, բուժման և մահացության վրա։

Մեկ այլ մասնագետ՝ Ա. Ի. Բաբիկը, օնկոհոգեբանությունը սահմանում է հետևյալ կերպ՝

  • ուռուցքաբանության և հոգեբուժության անբաժանելի ոլորտ
  • քաղցկեղի ծագման և զարգացման վրա ազդեցություն ունեցող հոգեբանական գործոնները ուսումնասիրող գիտություն
  • գիտություն, որն ուղղված է ապահովելու հիվանդի հարմարումը իրավիճակին, հիվանդությանը և այլն[2]։

Օնկոհոգեբանության զարգացման պատմություն խմբագրել

2-րդ դարում հռոմեացի բժիշկ Գալեն Կլավդիոսը ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ կենսուրախ կանայք ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով, քան այն կանայք, որ մշտապես գտնվում են ճնշված վիճակում։ Առաջին անգամ նա օգտագործեց «cancer» բառը՝ կրծքագեղձի բարձիթողի չարորակ ուռուցքը նմանեցնելով խեցգետնի։ Նրան է վերագրվում նաև հունարեն ὄνκος- ուռուցք, այտուց բառի կիրառումը, որից հետագայում առաջացավ oncologia (onco-ուռուցք) տերմինը։ Գալենից հետո շատ այլ բժիշկներ կապեցին քաղցկեղի առաջացումը կենսակարևոր իրավիճակների, անհաջողությունների, դժբախտությունների հետ։

Հետագայում հայտնի հոգեբան Կարլ Գուստավ Յունգն առաջ քաշեց այն միտքը, որ շատ դեպքերում քաղցկեղի պատճառ կարող են հանդիսանալ հոգեբանական գործոնները։ Հուզական վիճակների և քաղցկեղի միջև կապը ցույց տվող լավագույն հետազոտություններից մեկը նկարագրվեց Էլիդա Էվանսի գրքում։ Նա Կ. Յունգի մտքերի շարունակողն ու զարգացնողն էր։ Հիմնվելով 100 ուռուցքային հիվանդ մարդկանց հետազոտությունների վրա, Էվանսը կատարում է եզրակացություն, որ հիվանդության սկսվելուց առաջ հիվանդներից շատերը սպառում են իրենց համար կարևոր հուզական կապերը։ Նա կարծում էր, որ հիվանդները հակված են կապել իրենց ինչ-որ օբյեկտի կամ դերի հետ և չեն զարգացնում սեփական անհատականությունը։ Երբ այդ օբյեկտին կամ դերին սկսում է վտանգ սպառնալ կամ այն ուղղակի անհետանում է, ապա այդ մարդիկ կարծես միայնակ են մնում իրենք իրենց հետ և բացի դա նրանց մոտ բացակայում են այնպիսի հմտությունները, որ կօգնեին նրանց հաղթահարել նման իրավիճակները։ Նա գրում էր, որ այս պրոցեսին ավելի հակված են էքստրավերտները, քանի որ նրանց լիբիդոն դուրս է գալիս արտաքին աշխարհ և կապում է նրանց արտաքին աշխարհի օբյեկտներին կամ այլ կերպ ասած առաջանում է որոշակի կախվածություն։ Բացի այդ Էվանսը ենթադրում էր, որ քաղցկեղը կյանքում մեծ քանակությամբ չլուծված խնդիրների նշան է[3]։ Ըստ Յունգի Էվանսին այս գրքում հաջողվեց բացահայտել քաղցկեղի հետ կապված շատ գաղտնիքներ, այդ թվում նաև այս հիվանդության ընթացքի անկանխատեսելիությունը։

Ջեյմս Պեդջեթը գրում էր, թե որքան հաճախ ենք մենք հանդիպում այն իրավիճակներին, երբ գերլարված վիճակին, հուսախաբությանը և հիաստափությանը հաջորդում է ուռուցքի զարգացումը։ Ըստ նրա՝ այլևս չպետք է կասկածել, որ քաղցկեղի զարգացման կարևորագույն գործոններին կարելի է ավելացնել հոգեբանական գործոնը[4]։

Այսօր օնկոհոգեբանության առաջացումը պայմանավորվում է այն իրավիճակով, երբ 1975 թվականին հնարավոր դարձավ ազատորեն խոսել հիվանդների հետ ուռուցքի ախտորոշման մասին, ինչպես նաև լսել նրանց կարծիքը հիվանդության մասին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում Հոլլանդի կողմից ստեղծվեց օգնության միջդիսցիպլինար մոդել։ Այս խումբը սկսեց հետազոտել հիվանդների կյանքի որակը, նրանց կյանքի կորևոր դեպքերն ու իրադարձությունները։ Նույն ժամանակահատվածում Ամերիկյան ուռուցքաբանության ընկերությունը ընդունեց օնկոհոգեբանությունը՝ որպես քաղցկեղի ուսումնասիրման օրինական ոլորտ։ Վերջին տասնամյակներում այս ոլորտում կարևոր ձեռքբերումներից են սթրեսի, քոփինգ մեխանիզմների՝ քաղցկեղի վրա ունեցած ազդեցության ուսումնասիրությունները։ Օնկոհոգեբանությունը գոյություն ունի արդեն 35 տարի, որի ընթացքում նորահայտ գիտությունը ապահովել է մեծ առաջընթաց։ Այս ոլորտը կարևոր տեղ է զբաղեցնում ինչպես կլինիկական ուռուցքաբանության պրակտիկ ոլորտում, այնպես էլ՝ գիտական հետազոտություններում։ Այսօր շատ ուռուցքաբանական կենտրոններում գոյություն ունեն միջդիսցիպլինար թիմի կողմից տրամադրվող օնկոհոգեբանական ծառայություններ[5]։

Կանցերոգենեզի հոգեբանական գործոններ խմբագրել

Կանցերոգենեզի հոգեբանական գործոնների ոլորտում ուսումնասիրություններ է կատարել Լեշենը։ Իր հետազոտությունները նա կատարում էր տարբեր հոգեբանական թեստերի միջոցով, որոնց թվում էր նաև Ռորշախի թեստը։ Նա նաև կիրառեց հարցազրույցի մեթոդը՝ յուրաքանչյուր հիվանդի հետ 2-8 ժամ տևողությամբ։ Հարցազրույց անցկացվում էր նաև հիվանդների մոտ հարազատների հետ։ Լեշենը իր հետազոտության առաջին տարիներին օգտագործում էր միայն այս 2 մեթոդիկաները։ Իսկ հետագայում դրանք վերածվեցին ինտենսիվ անհատական հոգեթերապիայի։ Նա հինգ հարյուր հիվանդների կյանքի վերլուծության արդյունքնում առանձնացրեց 5 հիմնական իրավիճակ՝

  • հիվանդների երիտասարդ տարիները նկարագրվում են միայնությամբ և հուսահատությամբ, այլ մարդկանց հետ չափազանց շատ մտերմությունը նրանց մոտ առաջացնում էր դժվարություններ և թվում էր վտանգավոր,
  • հասունության տարիքի վաղ շրջանում նրանք ստեղծում էին շատ խորը, նշանակալի հարաբերություններ ինչ-որ մեկի հետ կամ այլ հարաբերություններ։ Դրանց մեջ նրանք ներմուծում էին իրենց ողջ էներգիան, այն դառնում էր նրանց կյանքի հետաքրքրությունը, որի շուրջ նրանք կառուցում էին իրենց կյանքը,
  • հարաբերությունները անհետանում էին նրանց կյանքից, որի պատճառները տարբեր էին՝ հարազատի մահ, ապրելու վայրի փոփոխություն, թոշակի անցնել և այլն։ Դրա արդյունքում նորից տիրում է հուսահատությունը, կարծես այդ դեպքերը բացում են երիտասարդական խնդիրները։ Այդ կենտրոնական հարաբերությունների կորուստը այս մարդկանց համար ողբերգական հետևանքներ է ունենում։ Արտաքինից կարող է երևալ, որ նրանք իրենց պահում են նորմալ, ադեկվատ ձևով, բայց դրա տակ կա նպատակի կամ մոտիվացիայի կորուստ։ Այս կորուստը լրացվում էր նաև նորի ստեղծման անկարողությամբ։
  • նրանց հուսահատությունից ելքի բացակայություն, որի ժամանակ նրանք պահում են խնդիրը իրենց մեջ։ Նրանք ունենում են ագրեսիվ հույզեր, երբեմն նույնսիկ շատ ուժեղ, բայց նրանք անկարող են վերբալիզացնել դրանք[6]։

Չնայած նրան, որ Լեշենի վարկածը շատ համոզիչ էր իր այցելուների հուզական վիճակի մասին, նրա ոչ բոլոր ստացված արդյունքներն էին հաստատվում այլ հետազոտողների կողմից։ Նմանատիպ օրինակները և հետազոտությունները բազմաթիվ են։ Կարելի է առանձնացնել հոգեբանական այդ նախորդող պրոցեսի զարգացման հինգ փուլ ՝

  • մանկության ապրումներ, որոնք բերում են անձի որոշակի տիպի զարգացման,
  • մարդը բախվում է իրավիճակների, որոնք նրա մոտ առաջացնում են սթրես։ Հաճախ ինչ-որ կարճ ժամանակի ընթացքում մարդը ստիպված է լինում վերապրել մի քանի սթրեսային իրավիճակ անընդմեջ։
  • առաջ եկած սթրեսային իրավիճակները մարդու առաջ դնում են խնդիր, որը նա չի կարող լուծել։ Այս իրավիճակը չի նշանակում, որ խնդիրը ստեղծում է սթրեսը։ Այն առաջանում է այն պատճառով, որ մարդը չի կարողանում խախտել հենց իր կողմից դրված վարքի կանոնները, չի կարողանում դուրս գալ իր կողմից ստեղծված դերի սահմաններից։
  • չտեսնելով սեփական վարքի կանոննորը փոխելու հնարավորություններ՝ մարդը զգում է սեփական անօգնականությունը։ Անօգնականությունը պայմանվորված է նրանով, որ իրենք չեն կարող փոխել ստեղծված իրավիճակը։
  • մարդը հրաժարվում է խնդիրը լուծելուց, կորցնում է ճկունությունը, փոխվելու և զարգանալու ընդունակությունը։ Այլ մարդկանց մոտ կարող է թվալ, որ նա ապրում է բավականին նորմալ կյանքով, բայց հենց իր համար սեփական գոյությունը իմաստազրկվում է։ Լուրջ հիվանդությունը կամ մահը ելք են այդ իրավիճակից։ Կյանքի հանդեպ հետաքրքրության հենց այդպիսի կորուստն է որոշիչ դեր խաղում իմունային համակարգի փոփոխության վրա և կարող է հորմոնալ հավասարակշռության խախտման միջոցով բերել ատիպիկ բջիջների արտադրաման աճի։ Այս վիճակը ֆիզիկական նախադրյալներ է ստեղծում քաղցկեղի զարգացման համար։ Հուզական այս վիճակը կարող է ազդել ինչպես հիվանդության առաջացման վրա, այնպես էլ՝ առողջության պահպանման[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dolbeault S, Szporn A, Holland JC (1999)(անգլ.)
  2. Бабик А.И. Психоонкология: камо грядеши?(ռուս.) // Медицинские аспекты здоровья женщины : журнал. —Киев, 2011. — № 1 (40). — С. 70-76. Архивировано из первоисточника 22 Մարտի 2011.
  3. Jasen Patricia. Malignant Histories: Psychosomatic Medicine and the Female Cancer Patient in the Postwar era.
  4. Педжет Джеймс «Хирургическая патология»
  5. Холланд Дж., Ривкина Н.М., Психоонкология. История развития.
  6. Leshan Lawrence: You can fight for your life: Emotional factors in the causation of cancer. M.Evans&Co:NY:1977
  7. Саймонтон К., Саймонтон С., ‘’Психотерапия рака’’, Санкт Петербург,2001.