Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլթի (այլ կիրառումներ)

Օլթի (թուրքերեն՝ Oltu), քաղաք (ավան, բերդաքաղաք, գյուղաքաղաք, քաղաքավան) Էրզրումի մարզում, համանուն շրջանի շրջկենտրոնը։ Տեղակայված է Ճորոխ գետի աջակողմյան վտակ Օլթիի ափին։ Բնակչությունը՝ 20,305 մարդ (2008 թ տվյալներ)։

Քաղաք
թուրքերեն՝ Oltu
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՔաղաքապետԷյուփ Թեփե
Այլ անվանումներՈղթիկ, Ուղտիք
Մակերես1380 կմ²
ԲԾՄ1275 մետր
Բնակչություն30.073 մարդ (2000)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ442
Ավտոմոբիլային կոդ25
Պաշտոնական կայքoltu-bld.gov.tr
Օլթի (Թուրքիա)##
Օլթի (Թուրքիա)

Նախքան Մեծ եղեռնը Օլթին, որն այն ժամանակ գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, ունեցել է 1090 տուն բնակչություն, որից մոտ 1000 հայեր էին[1]։

Անվանումներ խմբագրել

Քաղաքն ունեցել է հետևյալ անվանումները․ Աղթիք, Ոլթի, Ոխտիք, Ողթիք, Ուխթաց ավան, Ուխթիք, Ուխթյաց քաղաք, Ուխտիք, Ուխտյաց քաղաք, Ուղթիս, Ուղթիք, Ուղտյաց քաղաք, Օլթիս, Օլթիսի, Օլտի, Օխտիք։

Կլիմա և աշխարհագրություն խմբագրել

Ունի մեղմ կլիմա։ Գավառը շրջապատված է կանաչապատ լեռներով և բլուրներով։ Շրջապատում տարածված են ընդարձակ այգիներ։

Քաղաքի շրջակայքում փռված էին ընդարձակ և բերրի հողատարածություններ, որոնք ոռոգվում էին Օլթիի գետով և նրա վտակներով։

Պատմություն խմբագրել

Բնակավայրը հնում մտնում էր Մեծ Հայքի Տայք նահանգի Ոքաղե գավառի կազմի մեջ և հայտնի էր Ողթիք, Ուխթիք, Ուխտյաց քաղաք անվանումներով, որոնց աղավաղումից էլ առաջացել է Օլթի անվանումը։

Բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվել է X-XI դարերում։ Նրա մասին վկայություններ ունեն Հովհաննես Դրասխանակերտցին (X դար), Ասողիկը (X-XI դարեր), Արիստակես Լաստիվերցին (XI դար) և ուրիշներ։ Սակայն Օլթին գոյություն է ունեցել ավելի վաղ ժամանակներից։

Օլթին ժամանակին պատկանել է Մամիկոնյանների նախարարական տանը, հետո անցել է Բագրատունիներին։ X-XI դարերում եղել է Տայքի կյուրապաղատության կենտրոնը։ 1001 թվականին՝ վերջինիս անկումից հետո, միացվել է Բյուզանդական կայսրությանը։ Հետագայում, քաղաքը մնալով հիմնականում հայաբնակ, գտնվել է սելջուկ թուրքերի, մոնղոլների, թուրքմենական ցեղերի, իսկ XVI դարում Թուրքիայի տիրապետության տալ։ Այդ ժամանակաընթացքում քաղաքը բազմիցս ավերվել և անշքացել է։

1877-1878 թվականների ռուս֊թուրքական պատերազմից հետո միացվեց Ռուսաստանին։ 1915 թվականին քաղաքը ժամանակավորապես անցել է թուրքերին, որի պատճառով այն դարձավ կռիվների թատերաբեմ։ 1918 թվականին թուրքական զորքերը կրկին վերագրավեցին քաղաքը, տեղահանեցին և գրեթե ամբողջովին կոտորեցին հայ բնակչությանը։ Սակավաթիվ փրկվածները գաղթել են Հարավային Կովկաս և այլ երկրներ։

Բնակչություն խմբագրել

1870-ական թվականներին ուներ 142 տուն, 1878 թվականին՝ 1092 տուն բնակիչ, որից 1000 տունը՝ հայեր, 200֊ը՝ տեղաբնակներ, մնացածը՝ վերաբնակիչներ։ 1914 թվականին ուներ 3258 բնակիչ, որից 2188֊ը հայեր էին։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունը, արհեստներն ու առևտուրն էր։ Նաև զբաղվում էին հացահատիկային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Հին ժամանակներից Օլթին կապված էր Կարինի, Արդահանի և Սև ծովի առափնյա շրջանների հետ։ Սակայն հին և միջին դարերում չէր դարձել նշանակալի առևտրի կենտրոն։ Ռուսաստանին միանալուց հետո Օլթին խճուղիով և եկրաթուղիով կապվում է Կարսի և Սարիղամիշի հետ։ Կառուցվում են նոր խանութներ, քարավանատներ, մթերանոցներ։ Աշխուժանում է առևտրային կյանքը։

Քաղաքում գործող արհեստներն էին դարբնությունը, մանածագործությունը, ջուլհակությունըմ պղնձագործությունը, արծաթագործությունը և այլն։ Արտահանվում էր քարաղ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Քաղաքի արևմտյան մասում գտնվում են հին Ուխտյաց կամ Ոքաղե բերդի ավերակները։ Բերդի տարածքում գտնվում էր Տիրամոր եկեղեցին, որը վերածվել էր վանքի։ Օլթին ուներ նաև Ս․ Գևորգ և Ս․ Հովհաննես անուններով հայկական եկեղեցիներ։ Նշանավոր է նաև Օլթի գետի կամուրջը, որը մինչև այժմ կանգուն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996, էջ 463
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 462