Քրտնախաշ
Քրտնախաշ, մաշկային հիվանդություն, պայմանավորված է քրտինքի ուժեղ արտադրությամբ ու դանդաղ գոլորշիացմամբ։ Նկատվում է հիմնականում տարվա շոգ եղանակին կամ գործարանների տաք արտադրամասերում աշխատող բանվորների մոտ։
Բնորոշումը
խմբագրելՀիվանդությունը բնորոշվում է մաշկի տարբեր մասերում (իրան, թիկունք, ծայրանդամներ) մեծաքանակ բշտիկների առաջացումով, այրոցի ու քորի զգացումով։ Բշտիկների պարունակությունը ջրային է, թափանցիկ։ Դրանք աստիճանաբար չորանում-ընկնում են՝ տեղում թողնելով աննշան թեփոտում։ Քրտնախաշ երբեմն կարող է բարդանալ թարախային վարակով։ Քրտնախաշի տարատեսակ է կարմիր քրտնախաշը, որի ժամանակ բշտիկներն առաջանում են կարմրած մաշկի վրա և շրջապատվում բորբոքային պսակով։ Բնորոշ է հիմնականում թուլակազմ, ռախիտով հիվանդ, տենդող, ուժեղ քրտնող երեխաներին։ Քրտնախաշը հաճախ է հանդիպում նաև կրծքի երեխաների մաշկի վրա, չափից ավելի բարուրելու, տաքացնող կոմպրեսներ օգտագործելու հետևանքով։
Բուժումը
խմբագրել- Ընդհանուր կազդուրող միջոցներ
- Նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ
- Ընդհանուր լոգանքներ՝ կալիում պերմանգանատի լուծույթով
- Քրտինքը չորացնող փոշիների, օծանելիքների ու քսուքների օգտագործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |