Քարտեզների անալիզ և գնահատում

Քարտեզների անալիզը և գնահատումը - Ամեն մի աշխարհագետ պետք է կարողանա զբաղվել քարտեզով, տալ նրա գնահատականը, ընտրել այնպիսի քարտեզ, որը նպատակահարմար լինի իր ուսումնասիրությունների համար։

Աշխարհագետը պետք է քարտեզին վերաբերվի խիստ քննադատորեն։ Քարտեզի գնահատման ժամանակ առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե այն որքանով է համապատասխանում իր նշանակմանը։ Քարտեզի գնահատման ընթացքում պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել քարտեզի ամեն մի տարր, ինչպես առանձին պատկերման ճշտության տեսակետից, նույնպես և միմյանց հետ պայմանավորվող փոխադարձ կապի ու ազդեցության պայմաններում, այս գործողությունը ընդունված է կոչել քարտեզի անալիզ։ Քարտեզների գնահատումը և անալիզը սովորաբար պետք է կատարվի մի միասնության մեջ։ Ընդհանուր աշխարհագրական քարտեզի անալիզի ընթացքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ տարրերը ճիշտ և որակով պատկերելու վրա.

  1. քարտեզի անվանը և օգտագործված աղբյուրներին, ձևավորմանը և նշանակմանը,
  2. քարտեզագրական պատկերացմանը.
  • բովանդակության տարրերին՝ ջրերի, ռելիեֆի, հողաբուսական ծածկի, բնակավայրերի, հաղորդակցության ճանապարհների, վարչա - քաղաքական և տնտեսական տարրերի պատկերմանը և մակագրությունների ճիշտ գրությանը,
  1. օժանդակ հագեցվածության տարրերին՝ պայմանական նշանակումների և քարտեզաչափական աշխատանքների համար պահանջվող տվյալներին։

Անալիզը պետք է կատարել ամբողջ քարտեզի համար. չի թույլատրվում անալիզի ենթարկել առանձին հատվածները և ստացած արդյունքներն ընդահանրացնել ամբողջ քարտեզի համար։ Անալիզի ժամանակ պետք է ուշադրություն դարձնել պայմանական նշանների ընտրության և կապակցման, քարտեզի բեռնավորվածության, ընթեռնելիության և լավ տեսանելիության վրա։ Անալիզի ընթացքում ուշադրության կենտրոնում պետք է լինեն այն նպատակները, որոնց համար ծառայում է քարտեզը։ Դրանք են՝ քարտեզը որպես նյութ ուրիշ քարտեզներ կազմելու համար, որպես հիմք մասնագիտական քարտեզներ կազմելու համար, միջոց դաշտային հետազոտական աշխատանքներ կատարելու և տեղում կողմնորոշվելու համար։ Քարտեզի անալիզին բավական օժանդակում են նույն տերիտորիայի այլ քարտեզի կամ ուրիշ տերիոտորիայի նման բնույթի քարտեզի հետ համեմատելը։

Անալիզի ընթացքում պետք է պազաբանել

  • ինչպիսի գաղափարական և քաղաքական բովանդակություն ունի
  • որքանով է նրա բովադակությունը լիարժեք
  • որքանով է այն համապատասխանում աշխարհագրական իրականությանը
  • նրա բովանդակության թարմ և ժամանակակից լինելը
  • մաթեմատիկական հիմքի և կոմպանովկայի ճիշտ լինելը
  • երկրաչափական ճշտությունը
  • ձևավորման որակը
  • օժանդակ հագեցվածության տարրերի լիակատարությունը և որակը։

Քարտեզի գաղափարական բովանդակության գնահատումը հնարավորություն է տալիս պարզաբանելու, թե տվյալ քարտեզը ինչ գաղափարական ազդեցություն կգործի օգտվող հասարակության վրա առանձնապես այն դեպքում, երբ քարտեզը նշանակված է ուսումնական նպատակների և գիտա-մասսայական զեկուցումների ու պրոպագանդայի ընթացքում ցուցադրելու համար։ Քարտեզի բովանդակաության և լիակատարության անալիզի և գնահատման ընթացքում պետք է վեր հանել, թե նրա բովանդակությունը որքան է համապատասխանում կազմման առաջադրված պահանջներին։ Այն կարող է վերաբերել ինչպես առանձին տարրերի լիակատար հաջող պատկերմանը, նույնպես և բեռնվածությանը և ընթեռնելիությանը։ Քարտեզը գնահատելիս պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, թե երբ է կազմված տվյալ քարտեզը և որքանով են հնացել նրա վրա ցույց տրված տարրերը կամ երևույթները։ Քարտեզի արդիական լինելու վրա մեծ ազդեցություն է գործում տերիտորիայի աշխարհագրական լանդշաֆտի նշանակալի փոփոխությունը՝ մարդու գործուենությամբ կամ բնության ուժերի գործունեության միջոցով։ Այդ տեսակետից հնացած քարտեզները դառնում են կարևորագույն պատմական փաստաթղթեր։ Դրա համար լավագույն օրինակ կարող է ծառայել Երևանյան լճի տեղը պատկերող նախկին քարտեզը։ Քարտեզի մաթեմատիկական հիմքի և կոմպանովկայի գնահատման ժամանակ պետք է որոշել, թե որքանով են նրանք համապատասխանում քարտեզի նշանակմանը։ Այսպես, օրինակ՝ ծովային քարտեզների համար նպատակահարմար է հավասարաանկյուն ցանցերը, որոնք չեն կարող փոխարինվել ուրիշ պրոյեկցիաներով։ Նման օրինակներ կարելի է բերել նաև այլ տիպի նշանակման քարտեզների համար։ Քարտեզի երկրաչափական ճշտության գնահատումն այն է, թե տվյալ քարտեզի վրա գտնվող տարբեր տարրերի միջև եղած հեռավորությունը և փոխադարձ տեղադրումը որքանով է համապատասխանում իրականությանը և որքանով են նրանք միմյանց նկատմամբ տեղափոխված դիրքով պատկերված։ Քարտեզի ձևավորման և օժանդակ հագեցվածության տարրերի գնահատականով և անալիզի ընթացքում վեր են հանվում ձևավորման դրական կողմերը, առանձնապես գույների ճիշտ օգտագործման նպատակահարմարությունը, իսկ օժանդակ հագեցվածության տարրերի անալիզով գնահատվում են, թե նրանք որքանով են հնարավորություն ստեղծում քարտեզի բովանդակությունը ճիշտ հասկանալու և լրացուցիչ տեղեկություններ տալիս քարտեզից օգտվողին։