Քարայր
Քարայր, քարանձավ, անձավ, այր, երկրակեղևի վերին շերտերի խոռոչ, դատարկ տարածություն, որը երկրի մակերևույթ է դուրս գալիս մեկ կամ մի քանի ելքերով։ Առաջանում են ջրի ներգործությամբ հեշտ լուծվող ապարների (կրաքար, դոլոմիտ, գիպս են) տարալվացման և այլ պրոցեսների հետևանքով։ Առավել խոշոր քարայրերը կարստային են։ Դրանք սրահների և անցումների բարդ համակարգ են և ունենում են մի քանի տասնյակ կմ երկարություն (Մամոնտի քարանձավը ԱՄՆ–ում)։ ՀԽՍՀ–ում քարայրեր կան Եղեգնաձորի շրջանում։ Նախնադարում քարայրերն օգտագործվել են իբրև բնակարան։ Դրանցում հայտնաբերվել են բրածո կենդանիների ու մարդկանց ոսկրամնացորդներ, աշխատանքի գոր– ծիքներ, կենցաղային իրեր, ժայռերի պատերին նկարված և փորագրված զանազան ժայռապատկերներ։ Հայկական լեռնաշխարհում հնագույն քարայր–հնավայրերից է Շանիդարը։ Հայաստանում նախնադարյան քարայր–կայաններ են հայտնաբերվել Հրազդան գետի միջին հոսանքի շրջանում (Երևանյան լճի, Արզնու քարայրերը ևն)։ Գետահովիտներում, կիրճերում գտնվող բնական և արհեստական (սովորաբար՝ ավազաքարերում, կրաքարերում, դեղնահողերում փորված) շատ քարայրեր միջին դարերում ես օգտագործել են իբրև բնակավայրեր, ապաստարաններ և պաշտամունքային վայրեր (տաճարներ, վանքեր), որոնք մեծ մասամբ համադրվել են արհեստական կառույցների հետ։ Նման քարայրեր հայտնի են ԽՍՀՄ–ում (օրինակ, Ուփլիսցիխեն, Վարձիան՝ Վրաստանում, Գեղարդը, Սպիտակի վիմափոր բնակավայրը՝ Հայաստանում, Կալամիտան, Մագնուտը՝ Ղրիմում են), Բալկանյան երկրներում, Իտալիայում, Չինաստանում, Հնդկաստանում և այլուր։ Միջնադարյան քարայրային բնակավայրերը «քարայրային քաղաքներ» ընդհանուր անվանումով այժմ դարձել են զբոսաշրջիկների այցելության վայրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |