Քաղաքացիական ինտելեկտ, ինտելեկտ, որն ուղղված է հանրային կամ քաղաքացիական խնդիրների լուծմանը։ Եզրույթը կիրառելի է ինչպես անհատների, այնպես էլ առավել հաճախ կոլեկտիվ մարմինների պարագայում, ինչպիսիք են կազմակերպությունները, հաստատությունները կամ հասարակությունները[1]։ Քաղաքացիական ինտելեկտը քաղաքականության մեջ կարող է օգտագործվել մարդկանց խմբերի կողմից, որոնք փորձում են հասնել ընդհանուր նպատակի[2]։ Պատմության մեջ սոցիալական շարժումները և քաղաքական ակտիվությունը կարող են մասամբ կապված լինել կոլեկտիվ բանականության և քաղաքացիական ինտելեկտի հետ։ Կրթությունը՝ իր տարբեր ձևերով, որոշակի դեր է խաղացել որոշ երկրներում քաղաքական գիտակցության և մասնակցության բարձրացման գործում՝ ուժեղացնելով համագործակցող խմբերի հավաքական քաղաքացիական ինտելեկտը[3]։ Քաղաքական շատ կառույցներ և համայնքներ ավելի ու ավելի շատ են սկսում օգտագործել արհեստական բանականությունը, սոցիալական մեդիան և ժամանակակից նորարարությունները՝ քաղաքականության, տնտեսության և ընդհանրապես հասարակության խնդիրները լուծելու համար։

https://en.wikipedia.org/wiki/File:GISWatch_2011_PDF.pdf
Այս պատկերը կոլեկտիվ ջանքերը և ինտելեկտը պատկերող լավ վիզուալ է, որոնք մարդիկ ունեն ինտերնետային խնդիրների վերաբերյալ ճիշտ լուծումների մշակման համար։

Հայեցակարգ

խմբագրել

Ինչպես «սոցիալական կապիտալ» եզրույթը, «քաղաքացիական ինտելեկտ» եզրույթը նույնպես 20-րդ դարից ի վեր օգտագործվել է որոշ տեսաբանների կողմից՝ միմյանցից անկախ։ Չնայած տարբեր հեղինակների միջև ոչ մի ուղղակի շփում չի եղել՝ եզրույթի հետ կապված տարբեր իմաստները հիմնականում փոխլրացնում են միմյանց։

Եզրույթն առաջին անգամ կիրառվել է 1902 թվականին։ Մանկավարժական քոլեջի դպրոցների կառավարիչ Սեմուել Թ․ Դաթոնը[4]՝ Հորաս Մանի դպրոցի բացման կապակցությամբ նշեց, որ «կրթության իրական նպատակն այս երկրում քաղաքացիական ինտելեկտի աճն է»։ 1985 թվականին էլ Քեթերինգ հիմնադրամի նախագահ Դևիդ Մեթյուզը գրեց մի հոդված, որը կոչվում էր «Քաղաքացիական ինտելեկտ»։ Հոդվածում նա անդրադառնում էր Միացյալ Նահանգներում քաղաքացիական ներգրավվածության նվազման խնդրին։

Դուգլաս Շուլերն իր «Զարգացնելով հասարակության քաղաքացիական ինտելեկտը. նոր «համաշխարհային ուղեղի» մոդելները» աշխատության մեջ ևս անդրադառնում է քաղաքացիական ինտելեկտի խնդրին[5]։ Շուլերի մեկնաբանությամբ քաղաքացիական ինտելեկտը վերաբերում է մարդկանց խմբերին, քանի որ սա այն մակարդակն է, որտեղ ձևավորվում է հասարակական կարծիքը և մարդիկ որոշումներ են կայացնում կամ առնվազն ազդվում են որոշումների վրա։ Քաղաքացիական ինտելեկտը վերաբերում է ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ խմբերին, որոնք աշխատում են քաղաքացիական նպատակների ուղղությամբ, ինչպիսիք են շրջակա միջավայրի բարելավումը կամ մարդկանց շրջանում բռնության բացառումը։ Այս տարբերակը կապված է տարբեր հասկացությունների հետ, որոնք ներկայումս զգալի ուշադրության են արժանանում. դրանց թվում են կոլեկտիվ բանականությունը, քաղաքացիական ներգրավվածությունը, մասնակցային ժողովրդավարությունը, արտակարգ իրավիճակը, նոր սոցիալական շարժումները, խնդիրների համագործակցային լուծումը, և Web 2.0-ն։

Երբ Շուլերը մշակեց «Ազատագրող ձայներ» կաղապարների լեզուն՝ հաղորդակցման ոլորտում հեղափոխությունը հեշտացնելու համար, նա քաղաքացիական ինտելեկտը դարձրեց իր 136 կաղապարներից առաջինը[6][7]։

Քաղաքացիական ինտելեկտ երևույթը նման է Ջոն Դյուի «կոոպերատիվ ինտելեկտ» կամ «ժողովրդավարական հավատ» հասկացություններին[1], որը պնդում է, որ յուրաքանչյուր մարդ ունակ է արժեքավոր ներդրում կատարել, սակայն այդ ներդրման իրական արժեքը բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ այն միահյուսվում է կոլեկտիվ ինտելեկտում առկա այլ անհատների ներդրումների հետ[8]։ «Քաղաքացիական ինտելեկտ» երևույթը քննարկվում է ամերիկացի հայտնի կենսաբան Ջարեդ Դայմոնդի «Կոլապս. ինչու են որոշ հասարակություններ ընտրում ձախողել կամ հաջողել» աշխատության մեջ, որը լույս է տեսել 2004 թվականին[9]։ Թոմաս Հոմեր Դիքսոնն էլ իր «Հնարամտության բացը. ինչպես մենք կարող ենք լուծել ապագայի խնդիրները» աշխատության մեջ նշում է[10], որ մարդկությանն անհրաժեշտ կլինի քաղաքացիական ինտելեկտ, եթե ցանկանում է կանխել կլիմայի փոփոխության և պոտենցիալ այլ աղետալի իրադարձությունների հետևանքները։ Այս իմաստով, քաղաքացիական ինտելեկտը ոչ այնքան ուսումնասիրման ենթակա երևույթ է, որքան դինամիկ գործընթաց կամ գործիք, որը մշակվում և կիրառվում է անհատների կամ խմբերի կողմից[1]։ Ըստ այս տրամաբանության՝ քաղաքացիական ինտելեկտը կարող է ազդել հասարակության կառուցման վրա։ Ավելին, քաղաքացիական ինտելեկտը գործիք է խմբերի կամ անհատների միջև հավաքական մտածողությունը և գործողությունները խթանելու համար։ Երբեմն քաղաքացիական ինտելեկտը ներառում է մարդկանց մեծ խմբեր, բայց այլ դեպքերում դրան մասնակցում է միայն մի քանի անհատ։ Քաղաքացիական ինտելեկտը հաճախ ավելի նկատելի է փոքր խմբերում, քան ավելի մեծ խմբերում, քանի որ փոքր խմբերում մարդիկ հակված են ավելի սերտ շփվել միմյանց հետ[2]։

Ռոբերտ Փաթնամը, որը հիմք դրեց «սոցիալական կապիտալ» հասկացության լայն տարածմանը, գրել է, որ սոցիալական նորարարությունները հաճախ ի հայտ են գալիս սոցիալական կարիքներին ի պատասխան[11]։ Սա համընկնում է տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ Ջորջ Բասալայի հետազոտության հետ[12], որը ցույց է տալիս, որ տեխնոլոգիան և՛ աջակցում, և՛ արձագանքում է սոցիալական նորարարություններին։ «Քաղաքացիական ինտելեկտ» հայեցակարգը, որը սոցիալական նորարարության օրինակ է, ուղղված է հասարակության կարիքներին։ Հասարակության կողմից դրա ընդունումը՝ լինի դա դրական, թե բացասական, կախված կլինի նրանից, թե որքանով է հասարակությունը համարում, որ քաղաքացիական ինտելեկտն անհրաժեշտ է իրեն։ Այսպիսով, սոցիալական կարիքները ծառայում են որպես սոցիալական նորարարության և հավաքական քաղաքացիական ինտելեկտի պատճառներ[12]։

Մի քանի պատճառներից ելնելով՝ քաղաքացիական ինտելեկտը հատուկ ուշադրություն է դարձնում քաղաքացիական հասարակության և հանրության դերակատարման վրա։ Բիզնեսի կամ կառավարությունների կողմից ընդունված կարևոր որոշումների վավերացման համար առնվազն անհրաժեշտ է հասարակության ներդրումը։ Այնուամենայնիվ, դրանից բացի, քաղաքացիական հասարակությունը հասարակական մի շարք կարևոր շարժումների նախաձեռնող և ղեկավարող հավաքական ուժ է։ Քաղաքացիական ինտելեկտի բնույթի վերաբերյալ ցանկացած ուսումնասիրություն ևս հիմված է համագործակցության և մասնակցության վրա։ Քաղաքացիական ինտելեկտն իր էությամբ միջառարկայական է և բաց։ Կոգնիտիվ Կոգնիտիվ գիտնականներն ուսումնասիրում են այս թեմաներից մի քանիսը` ուսումնասիրելով «բաշխված ճանաչողությունը»։ Սոցիոլոգները դրա ասպեկտներն ուսումնասիրում են խմբային դինամիկայի, ժողովրդավարության տեսության, սոցիալական համակարգերի և շատ այլ ոլորտների վերաբերյալ իրենց աշխատություններում։ Այս հայեցակարգը կարևոր է նաև բիզնես գրականության մեջ (կազմակերպչական ուսուցում) և իմացաբանական համայնքների (հատկապես՝ գիտահետազոտական համայնքների) վերաբերյալ ուսումնասիրությունների մեջ։

Քաղաքացիական ինտելեկտ և քաղաքականություն

խմբագրել

Քաղաքական առումով քաղաքացիական ինտելեկտը մարդկանց միավորում է քաղաքական խնդիրների լուծման համար հավաքական մտքեր և գաղափարներ գեներացնելու համար։ Ջեյն Ադամսն այն ակտվիստներից մեկն էր, որը Չիկագոյում հանդես էր գալիս բարեփոխումների առաջարկներով՝ ներգաղթյալներին կացարաններում տեղավորելու, հրատապ խնդիրների վերաբերյալ դասախոսություններ անցկացնելու, հանրային առաջին խաղահրապարակը կառուցելու, և շրջակա համայնքներում մշակութային և քաղաքական տարրերի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու առումով[2]։ Սա ընդամենը օրինակ է այն մասին, թե ինչպես քաղաքացիական ինտելեկտը կարող է ազդել հասարակության վրա։ Ամերիկայում մարդու իրավունքների, շրջակա միջավայրի և տնտեսական հավասարության հետ կապված պատմական շարժումները նախաձեռնել են հասարակ քաղաքացիները, այլ ոչ թե կառավարությունները կամ մասնավոր ոլորտը[2]։ Այս ոլորտում փոփոխություններ կատարելու համար տարբեր հետագիծ ունեցող մարդիկ միավորվում են՝ լուծելու ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ խնդիրները։ 2015 թվականին Փարիզում տեղի ունեցած համաշխարհային գագաթնաժողովը քաղաքացիական ինտելեկտի դրսևորման օրինակներից մեկն է։ Այստեղ հավաքվեցին աշխարհի երկրների կառավարությունները՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու և գլոբալ տաքացման որոշ հետևանքները մեղմելու ծրագիր մշակելու համար[2]։

 
Լուսանկարում պատկերված մարդիկ բանավիճում են կանանց ընտրական իրավունքի շուրջ, Ազատ առևտրի սրահ, Մանչեսթեր։

Քաղաքական տեսանկյունից չկա քաղաքացիական ինտելեկտի օրինակների համապարփակ կատալոգ, սակայն ողջ աշխարհում դրա օրինակների պակաս չկա։ Չնայած համապարփակ կատալոգի ստեղծումն առաջնային նպատակը չէ, անհատները ներկայումս աշխատում են առցանց ռեսուրսների վրա՝ փաստաթղթավորելու այս նախաձեռնությունների գոնե մի մասը։ 2000-ական թվականներին անդրազգային իրավապաշտպան ցանցերի աճը, Իրաք ներխուժման դեմ ողջ աշխարհում համակարգված բողոքի ցույցերը և Համաշխարհային սոցիալական ֆորումները, որոնք ողջ աշխարհում հազարավոր ակտիվիստների «ազատ տարածք» են տրամադրել[13][14][15], բերեցին այն եզրահանգման, որ քաղաքացիական ինտելեկտը տարածվում է։ Չնայած իր մասշտաբով ավելի փոքր լինելուն, ուշագրավ է Բնության բարեկամների խմբի՝ Պեկինի «կանաչ քարտեզը» մշակելու նախագիծը։

Քաղաքացիների քաղաքական ներգրավվածությունը հաճախ բխում է կոլեկտիվ ինտելեկտից, որը ձեռք է բերվում քաղաքական կրթության մեջ տեղական համայնքներին ներգրավելու միջոցով[2]։ Քաղաքական ներգրավվածության ավանդական օրինակներից են քվեարկությունը, հարևանների և ընկերների հետ քաղաքական հիմնախնդիրների քննարկումը, քաղաքական արշավներին ներգրավվելը, հանրահավաքներին մասնակցելը, քաղաքական գործողությունների համար խմբերի ձևավորումը և այլն։ Ջեյսոն Քորբուրնի և Էլինոր Օսթրոմի նման սոցիոլոգներն ու տնտեսագետները շարունակում են այսօր վերլուծել, թե ինչպես են մարդիկ միավորվում հավաքական նպատակներին հասնելու համար։ Այդ նպատակները ներառում են բնական ռեսուրսների փոխանակումը, հիվանդությունների դեմ պայքարը, քաղաքականության գործողությունների ծրագրերի մշակումը և շրջակա միջավայրի պահպանումը[16]։

Հետազոտություններից մեկում հեղինակը ենթադրում է, որ ուսումնական հաստատությունների համար, օրինակ՝ համալսարանների կամ նույնիսկ ավագ դպրոցների, օգտակար կլինի ուսանողներին բացատրել քաղաքականության մեջ քաղաքացիական ինտելեկտի կարևորությունը՝ ընդգծելով, որ հավաքական քաղաքացիական ինտելեկտի միջոցով սոցիալական խնդիրներ լուծելիս ավելի լավ որոշումներ կարող են կայացվել[17]։ Հարի Ք․ Բոյթն իր հոդվածներից մեկում պնդում է, որ դպրոցներն աշակերտների համար ծառայում են որպես «ազատ տարածք»՝ համայնքային կյանքին ներգրավվելու համար[17]։ Նրա խոսքով՝ դպրոցները մարդկանց հնարավորություն են տալիս գործել իրենց համայնքներում՝ դրանով իսկ ավելի մեծ թվով մարդկանց խթանելով հարաբերվել քաղաքականության հետ, ինչի արդյունքում ձևավորվում են նրանց քաղաքական հայացքները։ Նա պնդում է, որ հենց այս շղթայական ռեակցիան է հանգեցնում քաղաքացիական ինտելեկտի ձևավորմանը և տեղական համայնքներում կոնկրետ խնդիրների լուծման հավաքական ջանքերին[18]։ Ուսումնասիրություններից մեկը ցույց է տալիս, որ այն քաղաքացիները, որոնք ավելի իրազեկ և ավելի ուշադիր են իրենց շրջապատող աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, քաղաքականապես ավելի ակտիվ են ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակներում[18]։ Հետազոտություններից մեկը, որն ամփոփել է քաղաքական իրազեկման վերաբերյալ 70 հոդվածների արդյունքները, պարզել է, որ քաղաքական իրազեկվածությունը կարևոր է քաղաքացիների մասնակցությունը խթանելու և նրանց տեսակետը բարձրաձայնելու համար[19]։ Ժամանակակից աշխարհում՝ հատկապես վերջին տարիներին, տեղաշարժ է նկատվում այն հարցում, թե ինչպես են քաղաքացիները մնում իրազեկ և ինչպես են դառնում ուշադիր քաղաքական կյանքի նկատմամբ։ Չնայած մարդկանց մեծ մասը և հատկապես տարեցները դեռևս օգտագործում են քաղաքական ներգրավվածության ավանդական մեթոդները, քաղաքական ներգրավվածության և քաղաքացիական ինտելեկտի տեսանկյունից ուշադրությունը գնալով կենտրոնանում է սոցիալական մեդիայի և ինտերնետի վրա[20]։

Տնտեսություն և քաղաքացիական ներգավվածություն

խմբագրել

Քաղաքացիական ինտելեկտն ամբողջ աշխարհում ներառված է տնտեսական քաղաքականության մշակման և որոշումների կայացաման գործընթացներում։ Հոդվածներից մեկի համաձայն՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքի բնակիչները համագործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների և փորձագետների հետ՝ տարածաշրջանում մատչելի բնակարաններ ունենալու համար[21]։ Այս համագործակցության մեջ օգտագործվել է քաղաքացիական ինտելեկտի գործիք։ Բացի այդ, հոդվածը պնդում է, որ շահույթ չհետապնդող կազմակերպությունները կարող են նպաստել տնտեսական հարցերի քննարկման ժամանակ տեղի բնակիչների մասնակցությանը։ Այդպիսի հարցերի թվում են պետական բնակարանների հետ կապված հարցերը, աշխատավարձի դրույքաչափերը և այլն[21]։ Ըստ Մեծ Բրիտանիայի Արվեստների թագավորական ընկերակցության Քաղաքացիների տնտեսական խորհրդի զեկույցի՝ Եվրոպայում ժողովրդավարական մասնակցությունն ու քննարկումները դրական ազդեցություն են ունենում հասարակության տնտեսական խնդիրների վրա, ինչպիսիք են աղքատությունը, բնակարանային խնդիրները, աշխատավարձի տարբերությունը, առողջապահությունը, կրթությունը, սննդի հասանելիությունը և այլն։ Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքացիների իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը, հստակությանը և հաղորդակցությանը, ինչպես նաև տնտեսական զարգացման լեգիտիմության ամրապնդմանը[22]։ Տնտեսական խորհուրդը աշխատում է ավելի մեծ թվով քրաուդսորսինգային տնտեսական գաղափարների ներդրման և կրթաթոշակառուների որակավորման մակարդակի բարձրացման ուղղությամբ, որոնք քաղաքական գործիչներին խորհուրդներ կտան տնտեսության մեջ քաղաքացիների ներգրավման վերաբերյալ։ Զեկույցը պնդում է, որ քաղաքացիների ներգրավվածության աճը կառավարություններին ավելի լեգիտիմ է դարձնում հանրային վստահության աճի, բաժնետերերի ներգրավվածության և կառավարության քաղաքական հանձնառության միջոցով[22]։ Զեկույցն առավել մանրամասն ուսումնասիրում է այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են քաղաքացիական երդվյալ ատենակալների դատարանների և քաղաքացիների աջակցության խմբերի ստեղծումը, ինչպես նաև քաղաքականության մշակման գործընթացում լիազորությունների փոխանցման գործընթացը։ Մեծ Բրիտանիայի Արվեստների թագավորական ընկերակցության Քաղաքացիների տնտեսական խորհուրդը հավաքական քաղաքացիական ինտելեկտը դիտարկում է որպես գործիք՝ հասարակության տնտեսական խնդիրները լուծելու համար[22]։

Ամբողջ աշխարհում քաղաքացիական մասնակցությունը և քաղաքացիական ինտելեկտը փոխազդում են բիզնեսի և կառավարությունների կարիքների հետ։ Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ տեղական տնտեսության կենտրոնացման աճը փոխկապակցված է քաղաքացիական ներգրավվածության մակարդակի նվազման հետ, քանի որ քաղաքացիների ձայները քողարկվում են կորպորացիաների կարիքներով[23]։ Այս իրավիճակում կառավարությունները գերագնահատում են խոշոր կորպորացիաների կարիքները՝ համեմատած առանձին քաղաքացիների խմբերի կարիքների հետ։ Այս ուսումնասիրությունը նշում է, որ կորպորացիաները կարող են բացասաբար ազդել քաղաքացիական ինտելեկտի վրա, եթե քաղաքացիներին բավարար ազատություն չտրվի տնտեսական հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու համար։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն բախվել է քաղաքացիական հասարակության տարանջատմանը՝ կորպորացիաների կողմից կարծիքների մենաշնորհի պատճառով[23]։ Մյուս կողմից, եթե կառավարությունը հավասարապես աջակցում է տեղական կապիտալիզմին և քաղաքացիական ներգրավվածությանը, այն կարող է հանգեցնել բարենպաստ սոցիալ-տնտեսական արդյունքների, ինչպիսիք են հավասար եկամուտները, աղքատության և գործազկրկության կրճատումը[24]։ Հոդվածում նշվում է, որ գլոբալ զարգացման ժամանակահատվածում քաղաքացիական ինտելեկտի և նորարարության տեղական ուժերը, ամենայն հավանականությամբ օգուտ կբերեն քաղաքացիների կյանքին և սոցիալ-տնտեսական կարգավիճակի առումով կտարբերեն մի տարածաշրջանը մյուսից[24]։ Մեկ այլ ուսումնասիրություն էլ անդրադարձել է քաղաքացիական առողջության հայեցակարգին՝ որպես տեղական կամ ազգային տնտեսության բարեկեցության հիմնական բաղադրիչ։ Հոդվածի համաձայն՝ քաղաքացիական ներգրավվածությունը կարող է մեծացնել քաղաքացիների աշխատանքի տեղավորման մասնագիտական հմտությունները, ամրապնդել համայնքների նկատմամբ վստահության զգացումը և ապահովել համայնքում ավելի մեծ ներդրումներ հենց քաղաքացիների կողմից[25]։

Արհեստական ինտելեկտ

խմբագրել
 
Այս պատկերը ցույց է տալիս արհեստական բանականության տարբեր կատեգորիաներն ու հիմնական խնդիրները։

Ժամանակակից աշխարհում քաղաքացիական ինտելեկտի վերջին վառ օրինակն արհեստական բանականության ստեղծումն ու կատարելագործումն է։ Հոդվածներից մեկի համաձայն՝ արհեստական բանականությունը թույլ է տալիս մարդկանց առաջարկել լուծումներ, միմյանց հետ շփվել առավել արդյունավետ կերպով, պլանավորման համար ստանալ տվյալներ և ողջ աշխարհում լուծել սոցիալական խնդիրները[26]։ 2018 թվականի «Արհեստական բանականությունն ի շահ աշխարհի» երկրորդ ամենամյա գագաթնաժողովի ժամանակ ոլորտի առաջատար ձեռնարկությունների ղեկավարները, քաղաքական գործիչները, հետազոտողները և արհեստական բանականության էնտուզիաստները հավաքվեցին՝ կազմելու ծրագրեր և գաղափարներ այն մասին, թե ինչպես օգտագործել արհեստական բանականությունը ժամանակակից հասարակության հիմնախնդիրները լուծելու համար՝ ներառյալ տարբեր երկրներում առկա քաղաքական խնդիրները[26]։ Գագաթնաժողովի ընթացքում առաջ քաշվեցին գաղափարներ այն մասին, թե ինչպես արհեստական բանականությունը կարող է օգտակար լինել անվտանգության, առողջապահության և քաղաքային կառավարման համար։ Հոդվածում նշվում է, որ հասարակության մեջ արհեստական բանականությունն արդյունավետ օգտագործելու համար, հետազոտողները, քաղաքական գործիչները, համայնքի անդամները և տեխնոլոգիական ընկերությունները պետք է միասին աշխատեն՝ արհեստական բանականությունը բարելավելու համար։ Այս տրամաբանությունից ելնելով՝ արհեստական բանականությունը գործարկելու համար պահանջվում է համակարգված քաղաքացիական ինտելեկտ։

Արհեստական բանականությունն ունի որոշ թերություններ։ Զեկույցներից մեկի համաձայն՝ պետական մարմինները գնալով ավելի ու ավելի շատ են օգտագործում արհեստական բանականությունը՝ ավտորիտար վարչակարգերի և սահմանափակող կարգավորումների միջոցով քաղաքացիների քաղաքացիական ազատությունները սահմանափակելու համար[27]։ Հզոր պետությունները տեխնոլոգիաները և ավտոմատացված համակարգերն օգտագործում են, որպեսզի անտեսեն քաղաքացիական ինտելեկտը։ Կա նաև քաղաքացիական ինտելեկտի և աշխատատեղերի կորստի վախ, եթե ամբողջ աշխարհում արհեստական բանականությունը փոխարինի տնտեսության բազմաթիվ ճյուղերին և քաղաքական ոլորտներին[28]։ Արհեստական բանականությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից և ունի ինքնավերարտադրվելու կործանարար վարքագիծ, որը կարող է վնաս հասցնել հասարակությանը[28]։

Այդուհանդերձ, մեկ այլ հոդվածի համաձայն, եթե միջազգային հանրությունը միասին գործի՝ միջազգային չափանիշների ձևավորման, արհեստական բանականության կարգավորման քաղաքականությունների կատարելագործման և մարդկանց արհեստական բանականության մասին կրթելու ուղղությամբ, ապա ավելի հեշտ կլինի հասնել քաղաքական և քաղաքացիական ազատություններին[29]։

Սոցիալական մեդիա

խմբագրել

Ժամանակակից տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի և ինտերնետի շուրջ վերջին փոփոխություններն ազդում են այն բանի վրա, թե ինչպես է քաղաքացիական ինտելեկտն աշխարհում փոխազդում քաղաքականության հետ[30]։ Տեխնոլոգիաների առաջընթացն ընդլայնում է տվյալների և տեղեկատվության հասանելիությունը՝ թույլ տալով քաղաքացիներին ավելի բաց շփվել միմյանց և կառավարության հետ՝ օգտագործելով ինտերնետը[31]։ Քաղաքացիական ինտելեկտը կարող է դրսևորվել մարդկանց տարբեր խմբերի շրջանում ներգրավվածությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիական ինտելեկտի ձևավորման գործընթացն արագացնելու տեսքով[30]։

Համացանցը և սոցիալական մեդիան կարևոր դեր են խաղում քաղաքացիական ինտելեկտի տարածման գործում։ Սոցիալական մեդիա հարթակները, ինչպիսիք են «Facebook»-ը, «Twitter»-ը (ներկայումս` «X») և «Reddit»-ը, դարձել են քաղաքական բացահայտումների համար հեղինակավոր կայքեր և շատ մարդիկ, հատկապես՝ երիտասարդները, նախըտրում են քաղաքականությամբ զբաղվել առցանց տարբերակով[20]։ Սոցիալական մեդիան դրական ազդեցություն է ունենում քաղաքացիական ներգրավվածության վրա։ Հոդվածներից մեկի համաձայն՝ սոցիալական մեդիան աննախադեպ կերպով միավորել է մարդկանց։ Այժմ մարդկանց համար ավելի հեշտ է դարձել նախաձեռնել ժողովրդավարական շարժումներ, շփվել միմյանց և քաղաքական գործիչների հետ, արտահայտել իրենց կարծիքը և վիրտուալ գործողություններ ձեռնարկել[3]։ Սոցիալական մեդիան մուտք է գործել մարդկանց կյանք և շատ մարդիկ նորություններն ու քաղաքական այլ գաղափարներն ստանում են առցանց աղբյուրներից[3]։

Ուսումնասիրություններից մեկում նշվում է, որ սոցիալական մեդիան մեծացնում է քաղաքական մասնակցությունը ժողովրդավարության առավել ուղիղ ձևերի և քաղաքական, սոցիալական կամ տնտեսական խնդիրների լուծման ներքևից վերև մոտեցման միջոցով։ Գաղափարն այն է, որ սոցիալական մեդիան թույլ կտա մարդկանց նոր ձևերով մասնակցել քաղաքական կյանքին, որոնք տարբերվում են ավանդական գործողություններից՝ քվեարկությունից, հանրահավաքներին մասնակցելուց և իրական կյանքում թեկնածուներին աջակցելուց[30]։ Հետազոտության մեջ նշվում է, որ դա հանգեցնում է քաղաքացիական ինտելեկտի դրսևորման և քաղաքական կյանքին մասնակցության նոր ձևերի ի հայտ գալուն[30]։ Այսպիսով, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սոցիալական մեդիան նախատեսված է քաղաքացիական ինտելեկտը մեկ վայրում՝ ինտերնետում կենտրոնացնելու համար[31]։ Մեկ այլ հոդվածում էլ անդրադարձ է կատարվում իտալական դեպքին, որտեղ նշվում է, որ քաղաքացիական համագործակցությունը կարևոր դեր է խաղում ինչպես լոկալ, այնպես էլ պետական մակարդակում իշխանության մարմինների առողջ գործունեության ապահովման գործում։ Հոդվածում նշվում է, որ, կարծես թե, քաղաքական գործողությունները և ջանքերն առավել անհատական են դառնում, երբ մարդիկ ընտրում են քաղաքական կյանքին մասնակցելու նոր ուղիներ։ Այսպիսով, քաղաքական կյանքում ներգրավվելու համար մի խմբի գործողությունները կարող են լիովին տարբերվել մյուս խմբի գործողություններից։

Սոցիալական մեդիան, չնայած իր բազմաթիվ առավելություններին, քաղաքացիական ինտելեկտի վրա որոշակի բացասական ազդեցություն է թողնում՝ հատկապես քաղաքականության և տնտեսության ոլորտներում։ Հետազոտություններից մեկում նշվում է, որ թեև սոցիալական մեդիան կարող է ընդլայնել քաղաքականության և տնտեսության մեջ քաղաքացիների անմիջական մասնակցությունը, այն կարող է նաև ավելի շատ հնարավորություններ ստեղծել ապատեղեկատվության ստեղծման համար[32]։ Ավելի պարզ ասած՝ թրոլինգը, կեղծ քաղաքական տեղեկատվության տարածումը, անձնական տվյալների գողությունը և քարոզչության տարածման նպատակով բոտերի օգտագործումն ինտերնետի և սոցիալական մեդիայի բացասական հետևանքների օրինակներ են[3]։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ այս բացասական արդյունքները բացասաբար են ազդում քաղաքացիական ինտելեկտի վրա, քանի որ քաղաքական համատեքստում մարդկանց համար դժվար է կեղծ տեղեկատվությունը տարբերել ճշմարտությունից։ Այսպիսով, քաղաքացիական ինտելեկտը կա՛մ կապակողմնորոշի, կա՛մ էլ ընդհանրապես կանհետանա, եթե խումբն օգագործի կեղծ աղբյուրներ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն[3]։ Մեկ այլ աշխատության մեջ էլ նշվում է, որ «ֆիլտրող փուչիկը» կամ վակուումը ստեղծվում է խմբային մեկուսացման միջոցով՝ որպես խմբային բևեռացման արդյունք[32]։ Կեղծ տեղեկատվությունը և քաղաքական օրակարգերի վերաբերյալ կանխամտածված խաբեությունը կարևոր դեր են խաղում քաղաքացիների շրջանում ֆիլտրող փուչիկների ձևավորման գործընթացում[32]։ Մարդիկ հակված են հավատալ այն ամենին, ինչին ուզում են հավատալ, ուստի այն քաղաքացիները, որոնք ավելի շատ են ուշադրություն դարձնում միակողմանի քաղաքական նորություններին, կարող են ստեղծել իրենց սեփական վակուումը։ Հետազոտական ամսագրերից մեկն էլ պարզել է, որ «Twitter»-ը մեծացնում է օգտատերերի քաղաքական իրազեկվածությունը, մինչդեռ «Facebook»-ը նվազեցնում է այն[20]։ Ամսագիրը նշում է, որ սոցիալական մեդիայի տարբեր հարթակները կարող են տարբեր կերպ ազդել օգտատերերի քաղաքական իրազեկվածության և քաղաքացիական ինտելեկտի վրա։ Այսպիսով, սոցիալական մեդիան կարող է անորոշ քաղաքական ազդեցություն ունենալ քաղաքացիական ինտելեկտի վրա[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Schuler, Douglas (2007), "Civic Intelligence and the Public Sphere", in Tovey (ed.), Collective Intelligence: Creating a Prosperous World at Peace, Oakton, Virginia: Earth Intelligence Network, 978-0-9715661-6-3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Schuler, Douglas. «How civic intelligence can teach what it means to be a citizen». The Conversation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Engagement (PACE), Philanthropy for Active Civic (2018 թ․ հունիսի 22). «Social Media: Driving or Diminishing Civic Engagement?». Medium (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «History of Civic Intelligence - civicintelligence». wikis.evergreen.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. Schuler, Douglas (Summer 2001), «Cultivating Society's Civic Intelligence: Patterns for a New "World Brain» (PDF), Journal of Society, Information and Communication, vol. 4, no. 2
  6. Schuler, Douglas (2008). Liberating Voices: A Pattern Language for Communication Revolution. Cambridge, Massachusetts: MIT Press. ISBN 978-0-262-69366-0.
  7. Schuler, Douglas. «Civic Intelligence». Public Sphere Project. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. Dewey, John (1937 թ․ ապրիլի 3), «The Democratic Form», School and Society.
  9. Diamond, Jared (2004), Collapse: Why Some Societies Choose to Fail or Succeed, New York: Viking.
  10. Homer-Dixon, T. (2000), Ingenuity Gap: How Can We Solve the Problems of the Future?, New York: Knopf.
  11. Putnam, Robert D. (2000), Bowling Alone: The Collapse and Revival of American Community, New York: Simon & Schuster.
  12. 12,0 12,1 Basalla, G. (1988), The Evolution of Technology, Cambridge, UK: Cambridge University Press.
  13. Keck, M.; Sikkink, K (1998), Activists Beyond Borders: Advocacy Networks in International Politics, Ithaca, NY: Cornell University Press.
  14. Moore, James F. (2003 թ․ մարտի 31), The Second Superpower Rears its Beautiful Head, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին, Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 14-ին.
  15. Sen, J.; Anand, Anita; Escobar, Arturo; Waterman, Peter, eds. (2004), World Social Forum: Challenging Empires, New Delhi, India: Viveka Foundation.
  16. Verhulst, Stefaan (2016 թ․ սեպտեմբերի 2). «How civic intelligence can teach what it means to be a citizen». The Living Library (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  17. 17,0 17,1 «SFX by Ex Libris Inc». ucelinks.cdlib.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.(չաշխատող հղում)
  18. 18,0 18,1 Gortz, Carl. «The significance of political awareness: a literature review with meta-analysis» (PDF). ecpr.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. Gortz, Carl. «The significance of political awareness: a literature review with meta-analysis» (PDF). ecpr.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Boukes, Mark (2019 թ․ հունվարի 2). «Social network sites and acquiring current affairs knowledge: The impact of Twitter and Facebook usage on learning about the news». Journal of Information Technology & Politics. 16 (1): 36–51. doi:10.1080/19331681.2019.1572568. hdl:11245.1/6955216b-7c50-42d1-a2b5-70b7a5c0ec4b. ISSN 1933-1681.
  21. 21,0 21,1 Schuler, Douglas. «How civic intelligence can teach what it means to be a citizen». The Conversation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  22. 22,0 22,1 22,2 RSA (2017 թ․ դեկտեմբերի 5). «Citizens, participation and the economy». Medium (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  23. 23,0 23,1 Blanchard, Troy; Matthews, Todd L. (1 June 2006). «The Configuration of Local Economic Power and Civic Participation in the Global Economy». Social Forces. 84 (4): 2241–2257. doi:10.1353/sof.2006.0080.
  24. 24,0 24,1 Tolbert, Charles M.; Lyson, Thomas A.; Irwin, Michael D. (1998). «Local Capitalism, Civic Engagement, and Socioeconomic Well-Being». Social Forces. 77 (2): 401–427. doi:10.2307/3005533. ISSN 0037-7732. JSTOR 3005533.
  25. Levine, Peter (2013). «Civic Health and the Economy: Making the Connection» (PDF). www.ca-ilg.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  26. 26,0 26,1 Chen, Kenny (2018 թ․ հունիսի 6). «We're on the cusp of a civic data surge». Technical.ly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  27. Feldstein, Steven. «We Need to Get Smart About How Governments Use AI». Carnegie Endowment for International Peace (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  28. 28,0 28,1 «Benefits & Risks of Artificial Intelligence». Future of Life Institute (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  29. Campbell, Zach. «How can AI amplify civic freedoms?». OpenGlobalRights (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 Uldam, Julie; Vestergaard, Anne (2015), Uldam, Julie; Vestergaard, Anne (eds.), «Introduction: Social Media and Civic Engagement», Civic Engagement and Social Media: Political Participation Beyond Protest (անգլերեն), Palgrave Macmillan UK, էջեր 1–20, doi:10.1057/9781137434166_1, ISBN 9781137434166
  31. 31,0 31,1 Bartoletti, Roberta (July–September 2016). «Public Engagement, Local Policies, and Citizens' Participation: An Italian Case Study of Civic Collaboration». Social Media + Society. 2 (3): 205630511666218. doi:10.1177/2056305116662187. hdl:11576/2639036.
  32. 32,0 32,1 32,2 Hull, Gordon. «Why social media may not be so good for democracy». The Conversation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.