Փոքրիկ վհուկը (գերմ.՝ Die kleine Hexe), գերմանացի գրող Օտֆրիդ Պրոյսլերի արկածային պատմվածքը չարաճճի, բայց միաժամանակ բարի և արդարամիտ կախարդուհու մասին, ով խախտում է այն բոլոր որոշումները, որ ընդունվել էին վհուկների կողմից։ Հեքիաթը մտնում է գերբնական փոքրիկ արարածների մասին պատմող ինքնատիպ եռագրության մեջ։ Այդ շարքի մեջ ներառված են նաև «Փոքրիկ ուրվականը» և «Փոքրիկ ջրոգին» պատմվածքները։ Պատմվածքն էկրանավորվել է մի քանի անգամ, այդ թվում և` ԽՍՀՄ-ում։

Փոքրիկ վհուկը
գերմ.՝ Die kleine Hexe
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական վեպ
ՀեղինակՕտֆրիդ Պրոյսլեր
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1957 և մայիսի 31, 1999[1]
ՀաջորդՓոքրիկ Ուրվականը

Սյուժե խմբագրել

Փոքրիկ վհուկը ապրում է անտառային խրճիթում իր լավագույն ընկերոջ` ագռավ Աբրաքսազի (Աբրահասի) հետ։ Նա ընդամենը 127 տարեկան է, և ավագ վհուկների մոտ փոքրիկ աղջնակ է համարվում։ Երբ մոտենում է Վալպուրգյան գիշերը, և բոլոր վհուկները թռչում են դեպի Բլոքսբերգ լեռ` զվարճանալու, փոքրիկ վհուկը նույնպես թռչում է նրանց հետ։ Սակայն, նրան այդտեղից վտարում են, քանի որ նա դեռ շատ փոքր է և անփորձ։ Սակայն եթե նա հաջորդ տարի սովորի լավ կախարդել և «լավ վհուկ» դառնա, նա կարող է մասնակցել տոնին։ Ամբողջ տարվա ընթացքում գլխավոր հերոսուհին սովորում է կախարդության իր գիրքը և մի շարք գործեր է կատարում, որոնք ինքը և իր ընկեր Աբրաքսազը համարում էին լավը։

  • Փոքրիկ Վհուկը օգնում է պառավներին ցախ հավաքել,
  • պատժում է չար անտառապահին, ով արգելում էր իր անտառից ցախ հավաքել,
  • տոնավաճառում օգնում է աղքատ աղջկան վաճառել թղթե ծաղիկներ,
  • գարեջուր բերողին չի թողնում հարվածել ձիերին,
  • օգնում է մոլորված երեխաներ Թոմասին և Վրոնին գտնել ճանապարհը,
  • Նետի հատակում փրկում է Կորբինիանա ցլին, որին ցանկանում էին մորթել,
  • այնպես է անում, որ կաղիններ վաճառողը, ով իրեն հյուրասիրել էր, չմրսի և իր ձեռքերը չվառի վառարանում,
  • պատժում է խուլիգաններին, որոնք ցանկանում էին հանուն զվարճանքի քանդել ձնեմարդուկը,
  • երեխաների հետ մասնակցում է գյուղական դիմակահանդեսին և կազմակերպում է մեծ հյուրասիրություն,
  • անտառում կազմակերպում է դիմակահանդես հատուկ կենդանիների համար,
  • օգնում է տանիքագործի կնոջը, ում ամուսինը իր ամբողջ աշխատավարձը ծախսել էր կեգլի խաղալու վրա,
  • փրկում է ագռավների ընտանիքին տղաներից, որոնք գողանում էին բնում գտնվող ձվերը։

Քննության ժամանակ նա լավագույն արդյունքներ է ցուցաբերում կախարդանքից։ Բայց նա զարմանում է, երբ վհուկները սարսափում են նրա լավ արարքներից. չէ՞ որ նրանց համար «լավ վհուկը» նա է, ով բոլորին միայն վատություն է անում։ Վհուկների խորհուրդը թույլ չի տալիս Փոքրիկ Վհուկին մասնակցել հերթական Վալպուրգյան գիշերվան, և նրան հանձնարարում են փայտ հավաքել խարույկի համար։ Կեսգիշերին Փոքրիկ Վհուկը կախարդանքի միջոցով հավաքում է բոլոր վհուկների ցախավելներն ու կախարդական գրքերը և այրում, ինչից հետո մնում է միակ և այն էլ` բարի, վհուկն ամբողջ աշխարհում։

Գրաքննություն խմբագրել

2013 թվականի հունվարի 4-ին «Տինեմա» հրատարակչությունը, որ 1957 թվականից սկսած տպագրել էր Պրոյսլերի գիրքը, հաղորդել է, որ չի վերահրատարակի այն նախնական տարբերակով։ Նոր հրատարակված տեքստում չէին ներառվելու որոշ քաղաքական առումով սխալ բառեր, ինչպես օրինակ, «Neger» (նեգր) և «Zigeuner» (գնչու) բառերը, որոնք հիշատակվում են Մասլենիցա տոնի մասին պատմող հատվածում[2][3][4]։

Թարգմանություն խմբագրել

Հայերեն թարգմանություններն են՝

  • «Փոքրիկ Վհուկը» («Զանգակ» հրատ. 2020թ, թարգ. Լիանա Սաֆարյանի),
  • «Փոքրիկ Բաբա-Յագան» («Արևիկ» հրատ. 1987թ, թարգ. Հրանուշ Դանիելյան)։

Հ.Դանիելյանի թարգմանությունը կատարվել է ռուսերենից Յուրի Կորինեցի («Փոքրիկ Բաբա Յագան») տարբերակից։ ԽՍՀՄ-ում ի սկզբանե տարածվել է Յուրի Կորինեցի թարգմանված տարբերակը (սակայն 20 գլուխներից 4-ը բաց են թողնվել), այն տպագրվել է «Մուրզիլկա» ամսագրում (1972-1973)։ Արդյունքում այն էկրանավորվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.yes24.com/Product/Goods/90081340
  2. «Verlag streicht "Neger" aus der "Kleinen Hexe"». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  3. «В Германии из детской книги вычеркнут упоминания негров». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  4. «Германское издательство вычеркивает из классической детской сказки «Маленькая колдунья» слова «негр» и «негритёнок»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել